ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի երեկ կայացած նիստում հաստատվեց հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրաէներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրաէներգիայի սակագների հաշվարկման նոր մեթոդաբանությունը:
Պարզեցվել է կայաններից առաքվող էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկման բանաձևը, կհաշվարկվեն նաև արևային կայաններից և փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրաէներգիայի սակագները:
Գործող մեթոդաբանությամբ հաշվարկային բանաձևում օգտագործվում էր միայն դոլարի փոխարժեքի մեծությունը, նորով մտցվել է նաև եվրոյի փոխարժեքը:
Առաջին անգամ հաշվարկվող սակագներն ուժի մեջ կմտնեն ս.թ. հուլիսի 1-ից, իսկ այն կայանների համար, որոնցից առաքվող էլեկտրաէներգիայի սակագնի սահմանման որոշման գործողության վեցամսյա ժամկետը լրանում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, ապա` այդ ժամկետից:
Հաջորդ երկու որոշումներով փոփոխություններ կատարվեցին հանձնաժողովի նախկինում ընդունած որոշումներում. ըստ այդմ` փոքր հէկերի համար առավելագույն հզորությունը սահմանվեց 30 մեգավատ` նախկին 10 մեգավատի փոխարեն: Հանձնաժողովի մյուս որոշումներով, հիմք ընդունելով նաև ԱՀ ռադիոսպորտի ֆեդերացիայի համապատասխան գրությունը, բավարարվեցին 1-ին կարգի չորս սիրողական ռադիոօպերատորների հայտերը` սիրողական ռադիօպերատորներին հատկացված ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման թույլտվություն ստանալու մասին` 10 տարի գործողության ժամկետով: Ինչպես ներկայացրին ռադիօպերատորները` նրանք պատանիներին կծանոթացնեն ռադիոտեխնիկայի հիմունքներին:
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ