Logo
Print this page

ՀԻՇՈՒՄ ԵՆ, ՄԵԾԱՐՈՒՄ` ԱՆՈՒՆ ԱՌ ԱՆՈՒՆ

Ստեփանակերտի Ավ. Իսահակյանի անվան h. 10 հիմնական դպրոցում  հիշատակի յուրահատուկ   միջոցառում էր` նվիրված Արցախյան ազատագրական պայքարում և ապրիլյան  քառօրյա պատերազմում դպրոցի զոհված շրջանավարտներ Անդրանիկ Սողոմոնյանին` ծննդյան 45-ամյակի, և Մասիս Թովմասյանին` ռազմագիտության դասասենյակը նրա պատվին անվանակոչելու  կապակցությամբ:

Դպրոցում բոլոր դասարանները կրում են զոհված շրջանավարտների անունները: 

Ներկա էին նահատակների ընտանիքների անդամները, հարազատներ, ընկերներ, ՊԲ զինծառայողներ, Ստեփանակերտի քաղաքապետարանի ԿՍ բաժնի աշխատողներ, Ք. Իվանյանի անվան վարժարանի սաներ, հյուրեր Հայաստանից: 

Հուշ-միջոցառումը մեկնարկեց կրթօջախի Փառքի սրահից` զոհված շրջանավարտներին հարգանքի տուրք մատուցելուց: Մասիսը նրանց մեջ 66-րդն է… 

Այնուհետև տեղի ունեցավ նախնական զինվորական պատրաստության դասասենյակի անվանակոչման արարողություն: Կաբինետի մուտքը երիզող կարմիր ժապավենը կտրեցին Մասիս Թովմասյանի որդին և դուստրը: Դասարանում ՆԶՊ առարկային անհրաժեշտ պաստառների կողքին Մասիսի մեծադիր նկարն է` նրա կենսագրությամբ,  առաջին նստարանը հատկացված է նրան` ՙԻնձ բացակա չդնեք՚ գրությամբ: 

Դպրոցի զինղեկ Վարուժան Աղաջանյանը, ելույթ ունենալով, ասաց, որ  Մասիսն  իր նման հերոսների  օրինակով շատ բան սովորեցրեց եկող սերունդներին. լինել հայրենասեր, խիզախ, միասնական, ուժեղ և համախմբված: Տղաներն իրենց սխրանքով հակառակորդին նորից ապացուցեցին, որ մենք կանք, միասնական ենք և ուժեղ:

Նա անչափ բարի, ընկերասեր, բանիմաց  պատանի էր, միշտ սիրում էր ՆԶՊ առարկան և պարբերաբար մասնակցում էր ռազմագիտության  և սպորտային միջոցառումներին: 

Մասիս Թովմասյանը ծնվել է 1979թ. մարտի 15-ին, Ստեփանակերտում: 1996թ. ավարտել է հ. 10 միջնակարգ դպրոցը, 1996-1999թթ. ծառայել է ԱՀ պաշտպանության բանակում: 1999-2003թթ. սովորել է Երևանի մենեջմենթի համալսարանում, ստացել իրավագիտության բակալավրի աստիճան: 2003-2008թթ. աշխատել է ՙThe HALO Trust՚ կազմակերպությունում, այնուհետև զբաղվել  մասնավոր աշխատանքով: Երբ 2016թ.  ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ազերիները լայնածավալ հարձակում սկսեցին մեր երկրի վրա, Մասիսը,  այն  տղաների պես, որոնց համար հայրենիքը բացարձակ արժեք է, կամավորագրվեց Արցախի պաշտպանության համար և զոհվեց  ապրիլի 3-ին: Հետմահու պարգևատրվել է ՀՀ ՙԱրիություն՚,  ԼՂՀ   ՙՄարտական ծառայություն՚ և  ՀՀ ՙՂարաբաղյան  պատերազմի վետերանների միության՚ ՙՀայրենյաց պաշտպան՚ մեդալներով: 

ՙՄենք դաստիարարկում ենք Մոնթեներ, Բեկորներ, Պետոներ, Մասիսներ, Ռոբերտներ, Քյարամներ, Արմենակներ…: Նրանք բոլորը մեկընդմիշտ կմնան մեր սրտերում և հուշերում՚,-ասաց դպրոցի զինղեկ Վ. Աղաջանյանը:

 Միջոցառումն այնուհետև շարունակվեց դպրոցի ակումբում, որտեղ Անդրանիկ Սողոմոնյանի անունը կրող 4-րդ ՙդ՚ և 5-րդ ՙբ՚ դասարանների աշակերտները ներկայացրին գրական-երաժշտական կոմպոզիցիա` նվիրված հայ քաջորդիներին:  Այն ներածական խոսքով բացեց դպրոցի կազմակերպական աշխատանքների գծով փոխտնօրեն Անահիտ Սարգսյանը: 

Անդրանիկ Սողոմոնյանը ծնվել է Ստեփանակերտում, 1972թ. մարտի 10-ին: Ավարտել է հ. 10 դպրոցը:  Ընդունվել է նախ Երևանի  ռազմական ուսումնարանը, ապա`  նույն քաղաքի  ավտոշինարարական տեխնիկումը: Դեռ դպրոցում սովորելու ժամանակ ակտիվորեն ներգրավված էր Արցախյան շարժմանը: Իսկ երբ սկսվեցին պատերազմական գործողությունները, ուսումը կիսատ թողնելով, նետվեց մարտադաշտ: Մասնակցել է  շատ բնակավայրերի, այդ թվում`  Շուշիի ազատագրմանը: Վիրավորվել է Հադրութի շրջանի Ծամձոր գյուղի  ազատագրման համար մարտերի ժամանակ: Զոհվել է 1992թ. հոկտեմբերի 13-ին: Հետմահու պարգևատրվել է ՙՄարտական խաչ՚ 2-րդ աստիճանի շքանշանով:   

 Ֆելիքս Բաղդասարյանը  Անդրանիկի հետ ընկերություն է արել մանուկ հասակում, ապա շարունակել դպրոցում, այն թրծվել է մարտի դաշտում: Ելույթ ունենալով, նա ասաց, որ անվանը հավատարիմ` Անդրանիկն առաջինն էր ամեն ինչում. ընկերներից առաջինն է զինվորագրվել ինքնապաշտապանության ջոկատին, առաջինը մարտ մղել, առաջինը վիրավորվել և դեռևս լրիվությամբ չապաքինված` կանգնել ընկերների կողքին և բոլորի համար անձնական օրինակ է եղել: ՙԵս հպարտ եմ, որ այդպիսի անձնվեր ընկեր եմ ունեցել՚,-ասաց նա: 

Անդրանիկի զոհվելուց հետո նրա գործը շարունակել են երկու եղբայրները` Աշոտը և Արմենը: Ավաղ, 1994թ. զոհվեց նաև Անդրանիկի կրտսեր եղբայր Աշոտը, իսկ Արմենը շարունակում է եղբայրների կիսատ թողածը. ծառայում է ՊԲ շարքերում:

 Անդրանիկն ամուսնացած չէր. բեմից հորեղբոր պես քաջ, հայրենասեր  լինելու երդում էր տալիս նրա Արմեն եղբորորդի Աշոտը: 

Մասիսի մասին հիշողություններ պատմեց նրա դասղեկ Աննա Բեգյանը: Նրա խոսքով` նաև  Մասիսի շնորհիվ է  դասարանը եղել կուռ, կազմակերպված, բազմաթիվ հետաքրքիր նախաձեռնությունների հեղինակ: Իսկ այնպիսի մարդիկ, ովքեր ապրում են ընկերների, հարևանների, դպրոցի, իրենց բնակավայրի հոգսերով, ինչպիսին իր սան Մասիսն էր, ինքնըստինքյան հայրենասեր են լինում:

Ելույթ ունեցավ նաև Մասիս Թովմասյանի այրին` Էլմիրան` նշելով, որ ընդհանուր վիշտը և հպարտությունը միավորել են ապրիլյան պատերազմում զոհված քաջորդիների ընտանիքներին, և այսօր իրենք  մտերմություն են անում միմյանց  հետ: Նա իր երախտագիտությունը հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, աշակերտներին` ելույթների համար, ասաց, որ իր երեխաները հպարտանում են հորով, ծնողները` որդով, ինքը` ամուսնով:

Միջոցառմանը  ներկա ՀՀ ՙՂարաբաղյան պատերազմի վետերանների միության՚ նախագահի տեղակալ  Ռոման Բալայանն ասաց, որ եթե մարդիկ մեծարում են հերոսներին և գտնվում են նրանց ընտանիքների կողքին, հերոսները չեն մահանում, և  ՀՀ ՊՆ-ի  հատուկ շնորհակալությունը  հայտնեց  դպրոցի անձնակազմին`   նման միջոցառում  կազմակերպելու համար:  

  …Անդրանիկի, Մասիսի ազատագրած հողի վրա ապրում ու հասակ է առնում  մատաղ սերունդը, որը  խոստանում  է լինել արժանի հետևորդը: 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.