Logo
Print this page

ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱ ԱՐՑԱԽԻ ՀԵՏ ՈՒԺԻ ԼԵԶՎՈՎ ԽՈՍԵԼ...

Մայիսի 5-ին ԱՀ պաշտպանության բանակի շտաբում տեղի ունեցավ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ¬լեյտենանտ Լևոն Մնացականյանի մամլո ասուլիսը։

Ողջունելով զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին` պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշեց, որ ասուլիսն անցկացվում է Եռատոնի նախաշեմին, ուստի ինքը նախևառաջ կանդրադառնա կարևոր այդ իրադարձությանը։ 

Ըստ Լ. Մնացականյանի, այն մեր ժողովրդի համար դասվում է ամենանշանակալից տոների շարքին։ Եվ քանի որ տարին հոբելյանական է (լրանում է Շուշիի ազատագրման ու Պաշտպանության բանակի ստեղծման 25-ամյակը), նա նպատակահարմար համարեց հակիրճ ներկայացնել բանակի անցած ուղին։ Մասնավորապես նշվեց, որ ՊԲ¬ն  կազմավորվել է կամավորականների և առանձին ջոկատների հիմքի վրա, որոնց առանցքային խնդիրը սկզբնական շրջանում եղել է մեր բնակավայրերի պաշտպանությունը, առանձին նշանակետերի ու կրակակետերի ոչնչացումը և, միաժամանակ, ժողովրդի անվտանգ տեղաշարժի հնարավորության ապահովումն իր իսկ երկրում։ Հետագայում ձևավորվել են առանձին վաշտեր, գումարտակներ և,  համախմբվելով մի կառույցի տակ, գործել են ընդհանուր հրամանատարության ներքո։ Նախնական շրջանում ՊԲ¬ի բոլոր գործողությունները եղել են պաշտպանական բնույթի, իսկ հետագայում այն անցել է հարձակողական գործողությունների, ապա ձեռնամուխ եղել ԼՂՀ տարածքների ազատագրմանը։ Ձգտել են բոլոր կրակակետերը հնարավորինս հեռուն վանել, որպեսզի ապահովվեն մեր ժողովրդի անվտանգությունն ու խաղաղությունը: Հենց այդ հարձակողական գործողությունների արդյունքում էլ հակառակորդն ստիպված էր 1994թ. մայիսին Ռուսաստանի միջնորդությամբ խնդրել հրադադարի ստորագրում։ Դրանից հետո Պաշտպանության բանակն անցել է մեկ այլ փուլի։ Այն հաջողությունները, որոնք ձեռք էին բերվել տարիների ընթացքում, անհրաժեշտ էր ամրապնդել և, միաժամանակ` կահավորել առաջնագիծը։ Լուծվել են որակյալ կադրերի պատրաստման խնդիրները,  զուգահեռաբար թարմացվել է զինանոցը, բանակը նախապատրաստվել է անհրաժեշտության դեպքում կրկին հակահարված տալու։ Տարբեր տարիների ընթացքում հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտվում էր, լարվածությունն իր գագաթնակետին հասավ անցյալ տարվա ապրիլ ամսին։ Հակառակորդը, գտնելով, որ ի վիճակի է ուժային եղանակով իր օգտին լուծել ԼՂ հիմնախնդիրը, լայնածավալ ռազմագործողությանն ընդգրկեց իր ողջ զինանոցը` օգտագործելով արտասահմանյան ամենաժամանակակից զինատեսակներ։ 

Ըստ գեներալ Մնացականյանի, ՊԲ բոլոր զորամասերն ու ստորաբաժանումները ապրիլյան գործողությունների ընթացքում համարժեք  պատասխան են տվել և ձախողել հակառակորդի բոլոր ծրագրերը, ինչի արդյունքում թշնամին տվել է հարյուրավոր զոհեր, շուրջ երկու հազար վիրավոր և կրկին ստիպված եղել դիմել Ռուսաստանի Դաշնության միջնորդությանը` ապրիլի 5-ին ժամը 12.00-ին խնդրել զինադարար: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև ասաց, որ իրենք մանրամասն վերլուծել են ապրիլյան գործողությունները, արել համապատասխան հետևություններ և կատարել լայնածավալ աշխատանքներ թե՜ առաջնագծում,  և թե՜ մյուս բնագծերում։ Մասնավորապես, նորագույն տեխնոլոգիաներ են մտցվել Պաշտպանության բանակ, կատարվել ու կատարվում են բարեփոխումներ, ընթանում են շարունակական աշխատանքներ՝ զինտեխնիկայի նորագույն նմուշների փորձարկմամբ։ Պաշտպանության նախարարի հավաստմամբ` օր օրի կբարձրացվի բանակի մարտունակությունը, կամրապնդվի պաշտպանության հուսալիությունը, որի նպատակը ժողովրդի անվտանգության ապահովումն է։

Երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարի փաստարկմամբ` ՊԲ¬ն երբևէ այդքան հզոր չի եղել, ինչպես այսօր է... Հաջողությունները, ձեռքբերումներն ինքնահանգստացման առիթ չեն ստեղծում, գործընթացը շարունակական է։ Այն արվում է համատեղ ուժերով, օգտագործվում է համայն հայության ներուժը, նրա գիտելիքներն ու հնարավորությունները։ Ամեն ինչ արվում է հզորացման համար, որպեսզի հակառակորդին թույլ չտրվի կրկին փորձելու Արցախի  հետ խոսել ուժի լեզվով։  Թշնամին պետք է հստակ գիտակցի, որ իր բոլոր գործողությունները դատապարտված են ձախողման։ 

-Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր անկախությունը, փայփայել այն ամեն ձեռքբերումը, որ արդեն ունենք,  զարգացնել և հզորացնել մեր պետությունն ու բանակը։ Բանա՜կ, որ մեր երկրի ու ժողովրդի անվտանգության թիվ մեկ երաշխավորն է,- իր խոսքն այսպես եզրափակեց գեներալ¬լեյտենանտ Լ. Մնացականյանը։ 

Լրագրողների մի քանի տասնյակ հարցերում շոշափվեցին զինվորների անվտանգությանն ու ապահովվածությանը, նրանց պաշտպանվածությանը վերաբերող խնդիրներ։ Ի մասնավորի, խոսվեց  հավանական պատերազմի վտանգի, ազգ¬բանակ հայեցակարգի, ազգ¬բանակ միասնության, ՊԲ ռազմական զինանոցի նորագույն տեխնիկայով համալրման ու թարմացման, ընթացող թուրք-ադրբեջանական սադրիչ զորավարժությունների, զինված ուժերի հոգևոր առաջնորդության և այլ հարցերի մասին։

Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպե՞ս են  օգտագործվում նորագույն զինատեսակները, և  արդյոք կա՞ն համապատասխան մասնագետներ դրանք շահագործելու համար, պաշտպանության նախարարն ասաց, որ, այո՜, կան համապատասխան գիտելիքներ ունեցող զինծառայողներ։ Խափանումներ գրեթե չեն լինում, եղած դեպքերում էլ դրանք իսկույն վերացվում են։ Զինվորների անվտանգության ապահովման հարցապնդումին ի պատասխան պաշտպանության նախարարն ասաց, որ ամեն օր կատարվում են հրահանգավորումներ, առաջնագիծը լրացուցիչ կահավորվում է, սակայն  անզգուշությունն ու անձնական անփութությունը երբեմն հանգեցնում են անցանկալի հետևանքների։ Հակառակորդը միշտ ստանում է համարժեք պատասխան, իսկ կորուստները նրանց կողմից մշտապես թաքցվում են։

Հնչեցին նաև հարցեր, որոնք վերաբերում էին ռազմական կրթությանն ու սոցիալական ոլորտին։

Պաշտպանության նախարարը նույնպես կարևորեց ռազմական կրթության խորացման անհրաժեշտությունը. ԱրՊՀ¬ի, Մեսրոպ Մաշտոց Համալսարանի և Շուշիի ագրարային համալսարանի հետ ունեն համատեղ ծրագրեր, իսկ տարբեր երկրների ռազմական բուհերում սովորում են բանիմաց սպաներ, այնպես որ` խնդիրն իրենց մշտական տեսադաշտում է։ Անդրադառնալով սոցիալական ծրագրերին, պաշտպանական գերատեսչության ղեկավարն ասաց, որ բարելավվում են սպաների ու պայմանագրայինների բնակարանային պայմանները, նպատակ ունեն մոտ ապագայում  այդ խնդրին հիմնավոր լուծում  տալ։ 

Մամլո ասուլիսը եզրափակվեց պաշտպանության նախարարի` Եռատոնի առթիվ շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով. ՙԹող մեր ժողովուրդն ու բանակը լինեն միասնական, ժողովուրդը միշտ աջակից լինի բանակին և համոզված, որ իր սպասելիքներն իրականություն են դառնալու։ Ցանկանանք, որ մեր Անկախությունն ի վերջո ճանաչվի, և մեր ժողովուրդն անցնի խաղաղ, ստեղծագործ աշխատանքի՚։ 

 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.