[ARM]     [RUS]     [ENG]

ՙԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ՚. ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Փարիզի արևելյան լեզուների ազգային ինստիտուտում (INALSO), որտեղ ուսուցանվում են 100-ից ավելի լեզուներ (նաև՝ հայերեն), կազմակերպվեց քաղաքակրթության համաժողով ՝ ՚Ինքնությունՙ խորագրով։

Համաժողովն ուներ ենթաբաժիններ՝ կինոնկար, կերպարվեստ, երաժշտություն, պոեզիա, ազգային պարեր։ Համապատասխան բաժիններում ներկայացված էին տարբեր երկրների արվեստներ,  որպեսզի ամենատարբեր մեկնաբանություններով ընդհանրացնեն ինքնություն երևույթը։ 

Պոեզիայի բաժինը ղեկավարում է բանաստեղծ, Ֆրանսիայի ազգային ակադեմիայի մրցանակակիր Նիկոլա Ժիլը, ով բացման խոսքում հատկանշեց. ՙՀամաժողովի հիմնական նպատակն է խոսել պոեզիայի՝ երկու լեզուների  ընկալումներից, կենտրոնացնել ՙԻնքնություն՚  թեման՚։

 Նիկոլա Ժիլն իր խոսքում ասաց, որ երևույթն այսօր ունի ավելի շատ քննադատական մոտեցում, և մեջբերեց իտալական քննադատ Ֆրեդերիկո Ֆելինիի տեսակետը. ՙԶարմանալի է, որ այդ գրողներն իրենց չեն զգում մասնատված, իրարից այդքան տարբեր երկու աշխարհընկալումներում։ Յուրաքանչյուր լեզու իր հետ փոխադրում է իր աշխարհհայեցողությունը, և ինչպես են նրանք կարողանում հակառակ ուղղություններից ծնունդ ունենալ, որոնք կոչված են փոխանցելու տարբեր խորությունների արժեքներ, հավելումներ՚։ Սակայն Ժիլը հավելեց, որ այդպիսի հեղինակները մշակութային և լեզվաբանական ինքնության փորագրողներն են, ովքեր, հաղթահարելով այն ամենը, ինչը կարող է նմանվել որոշակի առերեսումների, դառնում են վստահության բեռնակիրներ։

Համաժողովի երկրորդ մասում հնչեցին հայկական, ֆրանսիական, իտալական, վերբերական բանաստեղծություններ՝ ուղղորդվելով համապատասխան թարգմանություններով։ Հայկական շունչը ներկաներին փոխանցվում էր Պարույր Սևակի և Վարդան Հակոբյանի բանաստեղծություններով, ինչպես նաև Արա Գևորգյանի ՙԱրցախ՚ երաժշտական կատարումով։ Բանաստեղծությունը խոսք է և լռություն։ Լռությունից բխող կենսականություն, որի շավիղում ծվարում են երաժշտականությունը, սպասումը, սրտի կանգառային վիճակները, հետո միանգամից ցնցում նուրբ ու խոսուն պատկերային համակարգով՝ ստեղծելով անհանգիստ ու որոնողական վիճակ իր ունկնդիրի ներաշխարհում...

Համաժողովից երկու շաբաթ անց Նիկոլա Ժիլը հայերենով արտասանեց Վ. Հակոբյանի ՙԽոսքի և լռության արանքում՚ բանաստեղծությունը՝ լսարանին բաժանելով վերջինիս ֆրանսերեն թարգմանությունը։

Քանաքարա ՔՈՉԱՐՅԱՆ

ք. Փարիզ