[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՊԵՏՔ Է ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՙԱզատ Արցախ՚-ի հարցերին պատասխանում է ԼՂՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի ավագ դատախազ Գուրգեն ՆԵՐՍԻՍՅԱՆԸ։

 -Պարոն  Ներսիսյան,  իրավապահ մարմինների կողմից պարբերաբար կատարվում են հանցագործության դեպքերի խորքային վերլուծություններ: Ինչպիսի՞ն է ընդհանուր պատկերը։

-Հանցավորության դեմ պայքարում իրավապահ մարմիններն ամբողջ տարվա ընթացքում հանցագործության մասին հաղորդումների և հանցավոր դեպքերի քննությամբ տարվելով` որոշակիորեն կտրվում են հանցավորության ընդհանուր նկարագրից: Թեև յուրաքանչյուր դեպքի քննությանը զուգահեռ լրացվում են վիճակագրական քարտեր, կատարվում  վերլուծություններ, սակայն դրանք առավել ամբողջական են լինում միայն որոշակի կտրվածքով ուսումնասիրելու դեպքում, որն իրավապահ համակարգը, որպես կանոն, կատարում է տարին մեկ, այդպիսով ամփոփելով նախորդող տարին, տալով գնահատականներ աշխատանքի որակին ու արդյունավետությանը, ինչպես նաև անելով համապատասխան հետևություններ: Այդ վերլուծությունները հնարավորություն են տալիս պարզելու, թե ներպետական կյանքի որ ոլորտներն են առավել խոցելի, որոնք են դրանց խոցելիության պատճառները, ինչն է նպաստում հանցագործությունների կատարմանը, իսկ դրանք պարզված լինելը թույլ է տալիս մշակել ու իրականացնել հանցավորության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցառումը՝ կանխարգելումը: Ինչպես հասարակության, այնպես էլ պետության շահերից է բխում, որ հանցագործությունները լինեն կանխված,  հասարակական կյանքի ոչ մի ոլորտ հանցագործության օբյեկտ չդառնա և չտուժի: Ընդ որում, եթե գործընթացը ենթադրում է կանխարգելիչ գործողությունների ամբողջություն միայն, ապա ավարտված հանցանքը ենթադրում է միմյանց հաջորդող մի շարք գործողությունների համակարգ՝ դեպքի քննություն, հանցագործության բացահայտում, տուժողի ու մեղադրյալի իրավունքների պաշտպանություն, գործի դատական քննություն, արդարացի դատապարտում, պատժի կրում, պատիժը կրելուց հետո դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն և այլն: Իսկ սրանք միջոցառումներ են, որոնք ոչ միայն պահանջում են մարդկային, այլև ֆինանսական ահռելի միջոցներ, ժամանակ՝ զուգահեռաբար ծնելով նաև արդարացված կամ ոչ արդարացված, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ դժգոհություններ: 

-Ինչպիսի՞ բնութագրիչ հատկանիշներ ունեն սեփականության դեմ ուղղված հանցագործություն կատարած անձինք:

-2016թ. Արցախում արձանագրված` սեփականության դեմ ուղղված ուսումնասիրության առարկա հանցագործությունները կատարվել են 81 անձանց կողմից: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անձերից 20-ը հանցանքը կատարելու պահին անչափահաս էր, 4-ը` 18-20 տարեկան, 40-ը` 20-30 տարեկան, 8-ը` 30-40 տարեկան, 8-ը` 40-50 տարեկան և 1-ը` 50-ից բարձր: Նկարագրվածից երևում է, որ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գերակշռող մասը կատարվել է մինչև 30 տարեկան անձանց կողմից: Հանցագործության սուբյեկտի երիտասարդ տարիքն ուղղակի կապված է հանցանքի կատարման պատճառների ու շարժառիթների հետ, որոնք վերաբերելի ու բնութագրիչ են երիտասարդներին (խրախճանքների կազմակերպում, հետաքրքրություն, ինքնահաստատման ձգտում և այլն):

Հանցանք կատարած  անձերից 65-ը չի ունեցել հիմնական աշխատանք, 16 անձ ճանաչվել է որպես աշխատանք, կայուն եկամուտ կամ հիմնական զբաղմունք ունեցող: Ներկայացվածը թույլ է տալիս եզրահանգելու, որ աշխատանք, կայուն եկամուտ կամ զբաղմունք չունենալը նպաստում է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կատարմանը, սակայն ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ խմբում ընդգրկված անձանց կողմից սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կատարման արդյունքում հափշտակված գույքը մեծ արժեք չի ունեցել: Սեփականության դեմ ուղղված հանցագործություններից 70 տոկոսի դեպքում  պատճառված վնասի չափը չի գերազանցել 100 հազ. դրամը, 13 տոկոսի դեպքում այն կազմել է 100-300 հազ. դրամ, 10 տոկոսի դեպքում՝ 300-600 հազ. դրամ, 5,7 տոկոսի դեպքում՝ 600 հազ.-ից ավելի: Նշվածից նույնպես երևում է, որ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների ավելի քան 80 տոկոսի դեպքում գույքային վնասը մեծ չէ, այսինքն՝ հանցագործության դեպքերը կազմակերպված կամ մեծ օգուտներ ստանալու նպատակ չեն հետապնդել:        

2016թ. 13 անձ կատարել է կրկնահանցագործություն, ընդ որում՝ հանցանք կատարելու պահին նրանցից միայն երեքն էր ապահովված հիմնական զբաղմունքով: Դա նշանակում է, որ շարունակվում են պահպանվել այն խնդիրները, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ նախկինում դատապարտված անձանց սահուն և անխոչընդոտ սոցիալիզացիայի գործընթացին: Գաղտնիք չէ, որ հատկապես սեփականության դեմ ուղղված հանցանքի կատարման մեջ մեղավոր ճանաչված անձինք մեծ դժվարությամբ կարող են աշխատանք գտնել մասնավոր հատվածում, ինչը դժվարացնում է հասարակական կյանքին նրանց ինտեգրումը: 

Անցյալ տարի Արցախում ոչ մշտական բնակություն ունեցող 18 անձի կողմից կատարվել է սեփականության դեմ ուղղված 10 հանցագործություն: Բոլորը ՀՀ քաղաքացիներ են: Թեև որոշակիորեն անընդունելի է ՀՀ քաղաքացիներին Արցախում որպես օտարերկրացի բնութագրելը, սակայն դա կատարվում է բացառապես այն պատճառով, որպեսզի հնարավոր լինի առանձին կանխարգելիչ միջոցառումներ մշակել նաև այն դեպքերի համար, որոնք կատարվում են Արցախում մշտապես բնակություն չունեցող անձանց կողմից:

-Կատարված վերլուծությունների ու ուսումնասիրությունների արդյունքները թո՞ւյլ են տալիս վեր հանել հանցագործությունների կատարման պատճառներն ու ծնող պայմանները, և արդյո՞ք դրանց վերացումը կարող է նպաստել հանցավորության թվի նվազմանը:

-2016թ.  սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 29 տոկոսը կատարվել է կրիմինոգեն պատկերում հանցավոր երևույթների նկատմամբ հակվածության պատճառով, 26 տոկոսը՝ խրախճանքների և այլ ժամանցային նպատակներով, 20 տոկոսը՝ սեփական գույքային ֆոնդը հեշտությամբ համալրելու մոլուցքով, 14,8 տոկոսի դեպքում հանցանքի կատարման վճռականությունը հանցավորի մոտ ձևավորվել է ՙհրապուրիչ տեսարանի՚ գայթակղությամբ (դրանք այն դեպքերն են, երբ անձն աչքի չի ընկնում իր հանցավոր հակումներով կամ սոցիալական վիճակի անբավարարությամբ, սակայն իրենից արժեք ներկայացնող գողոնի պատշաճ պահպանված չլինելը, այն սեփականը դարձնելու արգելքի բացակայության և նյութական շահի զգացողությունները դրդում են անձին դիմելու հանցավոր արարքի), 8 տոկոսը կատարվել է սոցիալական պատճառներով, 1 տոկոսը` վրեժի հողի վրա:

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 54,5 տոկոսը կարող էր տեղի չունենալ, եթե գույքի սեփականատերն իրականացներ դրա պատշաճ պահպանությունը: 

2016թ. Արցախում արձանագրվել է բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով կատարված գողության 24 դեպք: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գողություն կատարած 17 անձից 9-ը եղել են անչափահասներ: Համեմատական բարձր ցուցանիշ է արձանագրվել Մարտունու շրջանում, ընդ որում՝ արձանագրված 13 հանցանքը կատարվել է ընդամենը 4 անձի կողմից: Բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով կատարված գողությունների առանձին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հիշյալ 24 հանցանքից սոցիալական հողի վրա կատարվել է միայն 1-ը, 2-ի պատճառ է հանդիսացել զուտ շահամոլությունը, 4-ով՝ կրիմինոգեն պատկերում հանցավոր երևույթների նկատմամբ հակվածությունը, 17¬ի դեպքում՝ գործող դերակատարություն է ունեցել գույքի ոչ պատշաճ պահպանությունը և ՙգայթակղիչ տեսարանը՚: 

Սեփականության դեմ ուղղված հանցագործություններից տուժած անձանց բնութագրիչ տվյալների ուսումնասիրությամբ պարզվել է, որ 90 տոկոսի դեպքում տուժել են ֆիզիկական, 9 տոկոսի դեպքում՝ իրավաբանական անձինք, իսկ 1 տոկոսի դեպքում` պետությունը: Հանցագործությունից տուժած անձանց նման վիճակագրությունն իր հերթին ևս վկայում է այն մասին, որ գույքի ոչ պատշաճ պահպանությունը մշտապես նպաստավոր պայման է հանդիսանում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կատարման համար: 

-Վերլուծությունը և դրա արդյունքները որևէ օգտակարություն բերո՞ւմ են իրավապահ մարմինների աշխատանքում, թե՞ դրանք գործնական կիրառություն չեն ստանում:

-Վիճակագրական տվյալների վերլուծությունը հանցավորության կանխարգելման գործընթացի բաղկացուցիչ մասն է: Եթե ծանոթ ես հանցանք ծնող երևույթին, ապա այն վերացնելով՝ կարող ես վերացնել նաև հանցանքը:  Պատահական չէ, որ գլխավոր դատախազի կողմից հանձնարարական էր տրվել մշակել  սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի միջոցառումների ծրագիր, որը կազմվել է հենց վերլուծության արդյունքների հիման վրա: Համակարգված, փոխգործակցության վրա հիմնված և հանրության կողմից ընկալելի ու տեսանելի նախականխիչ աշխատանք ապահովելու դեպքում ընթացիկ և հաջորդող տարիներին հանցավորության դեմ պայքարում կարող ենք արձանագրել շոշափելի հաջողություններ` այդկերպ հանցավոր ոտնձգություններից զերծ պահելով Արցախի բնակչությանը և ազատվելով քրեական արդարադատության խնդիրները անձին քրեական պատասխանատվության ենթարկելու միջոցով լուծելու ծանր բեռից: 

 

Հարցազրույցը  վարեց  

Սվետլանա  ԽԱՉԱՏՐՅԱՆԸ