[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑ՝ ՆԱՀԱՏԱԿԻ ԱՆՈՒՆԸ ԿՐՈՂ ԴՊՐՈՑ

Քաշաթաղի շրջանի Աղանուսի հիմնական դպրոցը սկսել է գործել 1996 թվականից, 2001-ից կոչվում է Երևանի Դավիթաշենի վարչական շրջանի ՙՍասունցի Դավիթ՚ ջոկատի նահատակ ազատամարտիկ Արսեն Հակոբյանի անունով։ Աղանուսը շրջանի առաջին վերաբնակեցված բնակավայրերից է, գտնվում է շրջկենտրոն Բերձորից 10կմ հարավ։ 

 Յուրաքանչյուր տարի Աղանուս են այցելում հերոսի մարտական ընկերները, եղբայրը, որդին և հնարավորինս օժանդակում կրթօջախին, նվերներ բերում աշակերտներին։ Օրերս հերթական այցով այստեղ էին Դավիթաշենի վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար Արտակ Նավասարդյանը, սոցապ բաժնի վարիչ Գոհար Ավետիսյանը, ՀՀ երկրապահ կամավորականների միության Դավիթաշենի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Աշոտ Մանուկյանը, Արսենի եղբայր Լևոն և որդի Սամվել Հակոբյանները։ Նրանց դիմավորեցին դպրոցի տնօրեն Աելիտա Խաչատրյանը, ուսուցիչներ, աշակերտներ, բնակիչներ։ 

Գ. Ավետիսյանը տեղեկացրեց, որ իրենց վարչական շրջանի ղեկավարի հովանավորությամբ հերթական շրջագայությունն են կատարում Արցախ։ Այս անգամ Աղանուսի դպրոցի նորոգման նպատակով բերել են ներկանյութեր, իսկ աշակերտների համար՝ գրքեր, գրենական պիտույքներ, հագուստ, կոշկեղեն, այլ պարագաներ։ Աշխատակազմի ղեկավար Ա. Նավասարդյանը հետաքրքրվեց դպրոցի խնդիրներով, խոստացավ հնարավորության դեպքում օժանդակել։ Հերոսի որդին՝ Սամվելը, հպարտությամբ է միշտ այցելում իր հոր, նրա մարտական ընկերների կողմից ազատագրված ու վերստին հայացած հայոց պատմական հողում գործող դպրոց։ Ջոկատը Մարտակերտի տարածքում 1993 թվականին տվել է 17 զոհ, որոնց շարքում էին հրամանատար Սամվել Գևորգյանը և շարքային Արսեն Հակոբյանը։ Աղանուսյան հանդիպումից հետո դավիթաշենցիները մեկնեցին Ստեփանակերտ։ Ա. Նավասարդյանն ասաց, որ իրենց վարչական շրջանը համագործակցում է նաև Մարտակերտի շրջանի հետ։ Այցի ընթացքում լինելու են նաև Մարտակերտում, քաղաքին նվիրելու են կոյուղիներ մաքրող հատուկ սարք։ Նախատեսված են նաև հանդիպումներ զորամասերում։ 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

ք. Բերձոր