[ARM]     [RUS]     [ENG]

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ. ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Ստեփանակերտը քայլ առ քայլ ստանում է մայրաքաղաքի կարգավիճակին համապատասխան տեսք:

Իսկ ընդհանրապես հանրապետության գլխավոր քաղաքը գտնվում է երկրի իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում: Տարին կիսվեց, և մենք հետաքրքրվեցինք Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից իրականացված և ընթացող աշխատանքների մասին: Մեր զրուցակիցն է Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն ԹԱՄՐԱԶՅԱՆԸ:

-Պարոն Թամրազյան, կիսամյակի հաշվառումով նախատեսված ծրագրերից ո՞ր մասն է իրագործվել և ի՞նչ աշխատանքներ են ծրագրում:

-Ամառն աշխատանքների թեժ ժամանակահատվածն է, ու կարող եմ փաստել, որ 2017-ի նախատեսված ծրագրերի մոտ 50 տոկոս աշխատանքներն ավարտված կամ ընթացքի մեջ են: Ինչպես անցած հարցազրույցներում նշել եմ, Ստեփանակերտի բարեկարգումը քաղաքապետարանի կարևոր խնդիրներից է, որի շրջանակներում պետք է ամրապնդման, կապիտալ վերանորոգման աշխատանքներ տարվեն՝ կապված բազմաբնակարան շենքերի պատշգամբների, մի շարք կենտրոնական փողոցների շենքերի ճակատային մասերի հետ, ինչը հետապնդում է մեկ այլ կարևոր նպատակ ևս` քաղաքը գրավիչ դարձնել զբոսաշրջության համար: Խոշոր ֆինանսներ պահանջող այս ծրագրի իրականացումը շարունակվում է: Արդեն ավարտված է Շախմատի տան շենքի ճակատային մասի վերանորոգումը: Ընթացքի մեջ է Վ. Սարգսյան 17, 21, Հակոբյան 28, Ազատամարտիկների 29 շենքերի վերանորոգումը, նախատեսված է նաև Վ. Սարգսյան 17 շենքի ճակատային մասի վերանորոգումը: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս կկառուցվեն մանկական խաղահրապարակներ. շինարարություն է սկսված Աբովյան 2ա շենքի բակում: Նախատեսված է նաև Սասունցի Դավթի փողոցի 52 և 54 շենքերի բակերում կառուցել մանկական խաղահրապարակ: Այժմ այդ շենքերի բակերում ԱՀ քաղաքաշինության նախարարության կողմից իրականացվում են բարեկարգման աշխատանքներ, որոնց ավարտելուն պես կսկսվի խաղահրապարակի կառուցումը: Ընթացքի մեջ է ևս մեկ կարևոր ծրագիր՝ ուղղված հաշմանդամ երեխաների համար խաղահրապարակի կառուցմանը: Ծրագիրը կյանքի կոչելու համար Ստեփանակերտի Վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը քաղաքապետարանի համապատասխան բաժնին հայտ է ներկայացրել, որտեղ տրված են անհրաժեշտ գույքի պատվիրման համար բոլոր տեղեկությունները, որոնց հիման վրա այն պատվիրվել է: Օրերս կսկսվի դրա տեղադրումը Վերականգնողական կենտրոնի բակում: Ընթանում են մայթերի ասֆալտապատման աշխատանքներ: Ավարտված է Կենտրոնական պաշտպանական շրջանի շուրջ գտնվող հարթակի, Վ. Սարգսյան 16, 18, 20, 22, Ազատամարտիկների 37, 37ա շենքերի մայթերի ու բակերի ասֆալտապատումը: Այս տարի լուծում ենք տվել Իվանյան նրբանցքի փողոցի բնակիչների դիմում-բողոքներին: Բանն այն է, որ տրանսպորտ նստելու կամ ուղղակի Հեքիմյան փողոց դուրս գալու համար այդ փողոցի բնակիչները ստիպված էին մի մեծ պտույտ կատարել, այն դեպքում, երբ հնարավոր էր կառուցել վեր բարձրացող աստիճաններ դեպի Հեքիմյան 20-ը (մոտ է եկեղեցուն) և մի քանի անգամ կրճատել այդ ճանապարհը: Շահեն Դանիելյան փողոցի բնակիչների բողոքը՝ կապված քանդված հենապատի հետ, նույնպես բավարարված է: Ավարտված են Հեքիմյան 11 շենքի բակի հիմնանորոգումը, ասֆալտապատումը: Այսքանն ավարտված կամ ընթացքի մեջ գտնվող աշխատանքների մասին: 

Այս տարի կարևոր աշխատանքներ կկատարվեն՝ կապված քաղաքի որոշ հատվածներում կոյուղագծեր անցկացնելու հետ. կլուծվեն Մ. Գոշի (ՙՌեզոն՚ խանութի մոտ), Ս. Կասպարովի փողոցի խնդիրները: Սկսված են և տարեցտարի շարունակական բնույթ կկրեն կոյուղագծերի անցկացման աշխատանքները, որոնք կծավալվեն՝ սկսած 9-րդ դպրոցի ներքևի մասում գտնվող ձորից մինչև Գ. Չաուշի փողոցի մոտ գտնվող ձորը, որից հետո այդ կոյուղու խողովակները կձգվեն և կմիացվեն կոլեկտորին: Այս տարի այդ աշխատանքների համար նախատեսված է 30մլն դրամ: Բարեկարգ վիճակի ենք հասցրել դեպի գլխավոր աղբանոց տանող ճանապարհը, որի երկկողմ տնկված ծառերն արդեն մեծացել են: Այնտեղ կառուցվել է մեքենաների լվացման համար տեղ, որպեսզի աղբահավաք մեքենաները տեղում լվացվեն և մաքուր մուտք գործեն քաղաք: Այժմ ջրախողովակների անցկացման հարցն է լուծվում: Ջրի անցկացումը կլուծի նաև հակահրդեհային խնդիրները:

-Առանձին անդրադառնանք վերելակների արդիականացման հարցին: Ինչպիսի՞ն է վիճակն այստեղ:

-Այս տարի նախատեսված է որպես պիլոտային ծրագիր վերելակների փոփոխման հարցը լուծել երկու շենքում՝ Առաքելյան 6-ում և Ազատամարտիկների 15-ում: Երևանյան մի ընկերության հետ համաձայնեցված է՝ աշխատանքներն իրականացնելու է այդ ընկերությունը: Ֆինանսավորումը կառավարության կողմից է, կան որոշ խնդիրներ, որոնք մոտ օրերս պետք է լուծում ստանան:

-Չեն գործում մայրաքաղաքի գրեթե բոլոր աղբյուրները, ցայտաղբյուրները: Ինչո՞վ դա բացատրել: Ե՞րբ կգործեն:

-Մայրաքաղաքում տեղադրված են թվով 59 աղբյուր, ծորակ, ցայտաղբյուր, որոնցից 41-ը ջուրը ստանում է ՙՋրմուղ-կոյուղի՚ ընկերության ջրացանցից: Մնացած 18-ը սնվում են բնական ինքնաբուխ աղբյուրներից, որոնց ջրի որակի և սանիտարահիգիենիկ վիճակի պահպանությունը և վերահսկողությունն իրականացվում են ինչպես ՙՋրմուղ-կոյուղի՚ ընկերության, այնպես էլ Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի կողմից: Վերջին ժամանակներս վերահսկող ընկերությունների հետազոտությունները ՙՎարարակն՚ աղբյուրակապում գրանցել են խմելու ջրի համար անթույլատրելի ցուցանիշներ: Պարզվել է, որ աղբյուրակապի ջրերի անհամապատասխանության հնարավոր պատճառներից է հարակից տարածքների սեփական տներում ընդհանուր կոյուղու կամ կեղտաջրերի հեռացման գծերի բացակայությունը: Դա ևս պատճառ էր, որպեսզի այդ տեղանքում (վերևում դրա մասին նշված է) անցկացնենք կեղտաջրերի հեռացման խողովակներ: Դա արդեն տվել է դրական արդյունք՝ աղբյուրակապից սնվող 5 աղբյուրներից մեկի ջուրը լրիվ մաքրվել է, և այդ աղբյուրի գիծը կառանձնացվի: Մնացածը կգործի այն ժամանակ, երբ ջրի հետազոտությունների ցուցանիշները կհամապատասխանեն պահանջվող նորմերին: Մի շարք աղբյուրներ էլ, որոնք սնվում են թիվ 1 զտիչ կայանից, չեն գործում, քանի որ այդ կայանում տեղի են ունեցել փոփոխություններ՝ տեխնոլոգիական ընթացքը հարմարեցվել է օգտագործվող ջրի բնույթին, որի շնորհիվ լուծումներ կտրվեն գարնանային և աշնանային պղտորումների ժամանակ առաջացած մի շարք խնդիրների: 

-Հայտարարվա՞ծ է ներքաղաքային երթուղիների համար նախատեսված մրցույթի օրը: Ի՞նչ չափանիշների պետք է համապատասխանեն մրցույթի հաղթողները:

-Տեղեկացնեմ, որ նախկինում կազմակերպված երկու մրցույթներում ոչ ոք հաղթող չի ճանաչվել, քանի որ տրանսպորտային տեխնիկան չէր համապատասխանում սահմանված չափորոշիչներին: Դրանից հետո Ստեփանակերտի ներքաղաքային երթուղիների կանոնավոր փոխադրումների մրցույթ է անցկացվել մայիսի 16-ին, որտեղ 4 տարվա իրավունքով հաղթող է ճանաչվել 17 համարի երթուղին սպասարկող ՙՄհեր՚ ՍՊԸ-ն, քանի որ այդ երթուղու ավտոբուսների վրա ահագին աշխատանք է տարվել, որպեսզի համապատասխանեցվեն սահմանված չափորոշիչներին` հատկապես կահավորման հարցում: Մի կերպ 3 տարվա շեմն է անցել համար 13 երթուղին, որը մտնում է ՙՍտեփանակերտ-սերվիս՚ ՓԲԸ-ի մեջ: Մրցույթով չի անցել համար 14 երթուղին, որը պատկանում է ՙՍտեփանակերտ-սերվիս՚ ընկերությանը. այն պետք է շտկի թերությունները և նոյեմբերին կրկին մասնակցի հայտարարված մրցույթին, որին կմասնակցեն նաև այդ նույն ընկերության կողմից սպասարկվող համար 10 և 16 երթուղիների ավտոբուսները:

-Ստեփանակերտի և Երևանի քաղաքապետարանների համագործակցության ծրագրի շրջանակներում նախատեսված ծրագրերից է մայրաքաղաքի նոր գլխավոր հատակագծի մշակումը: Ո՞ր փուլում է այն գտնվում:

-Հաճախ ենք անդրադառնում այդ հարցին, բայց, ըստ վերջին տեղեկությունների` այստեղ առաջխաղացում չկա. նախնական ֆինանսական հաշվարկներն արված են, պարզ չէ ֆինանսավորման աղբյուրը: Պետք է ստորագրվի ՀՀ և ԱՀ քաղաքաշինության նախարարությունների երկկողմանի պայմանագիր, որի կետերի մշակման և համաձայնեցման արդյունքում պարզ կդառնա ֆինանսավորման աղբյուրը: Պայմանագիրը դեռևս կնքված չէ: 

-Համագործակցության այս տարվա ծրագրերից որո՞նք են կյանքի կոչվել:

-Հիմնականում ընթացքավորվում են սոցիալական ծրագրերը, մասնավորապես՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական պաշտպանության և առողջապահության բաժնի հետ սերտորեն համագործակցում է Դավթաշեն համայնքի վարչակազմը: Հուլիսի 1-ին Դավթաշենի համայնքից հատուկ ծրագրով մեծ պատվիրակություն է եկել Ստեփանակերտ՝ կրկին օգնություն բերելով սոցիալապես անապահով խավի համար: Միշտ ուշադրության կենտրոնում են գտնվում զինծառայողները: Այս այցի ժամանակ ևս մեր գործընկերները բերել և Մարտակերտի ուղղությամբ (համագործակցության համաձայնագիր ունեն` կնքված Մարտակերտի հետ) գտնվող զորամասեր և առաջնագիծ են հասցրել զինվորի համար անհրաժեշտ պարագաներ: Օգնություն և աջակցություն է ցուցաբերվել նաև Մարտակերտի քաղաքապետարանին: Այդ ամենից բացի, պատվիրակությունն ուներ մի կարևոր առաքելություն՝ խաչքար տեղադրել այնտեղ, որտեղ ծուղակի մեջ են ընկել և զոհվել Դավթաշեն համայնքի տղաներից կազմված ՙՍասունցի Դավիթ՚ ջոկատի մի խումբ ազատամարտիկներ: Մոտ 100-հոգանոց պատվիրակությունն ուխտագնացություն կատարեց դեպի այդ վայրը՝ Վանք գյուղ տանող ճանապարհին՝ Ցեխ ձորի տարածքը, որտեղ և կանգնեցվեց խաչքարը: Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ շատ արագ՝ ապրիլի 2-ի երեկոյան, կազմ-պատրաստ Արցախ էին եկել Դավթաշեն և Նորք-Մարաշ համայնքների կամավորական ջոկատները և գնացել առաջնագիծ: Երկու ամիս տղաներն իրար հերթափոխելով, պաշտպանում էին սահմանը: Պետք է նշել, որ այս տարի Դավթաշեն, Մալաթիա, Նորք-Մարաշ համայնքները արցախցի երեխաների համար կազմակերպել են ճանաչողական և կրթական այցեր դեպի Երևանի և մոտակա շրջանների պատմամշակութային վայրեր: Ամենայն հավանականությամբ՝ աշնանը կսկսվեն մշակութային ծրագրերը, մասնավորապես սպասվում է Մհեր Մկրտչյանի անվան թատրոնի այցը: Մի խոսքով` քանի գնում, այնքան Երևանի և Ստեփանակերտի համագործակցությունը նոր որակներ է ստանում, ինչը միայն պետք է ողջունել: 

 

Էմմա ԲԱԼԱՅԱՆ