[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՐԵՎՈՐԸ՝ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԻՏԱԿՑՈՒՄ Է, ՈՐ ԱՊՐՈՒՄ Է ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Հարցազրույց ԱՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ հետ

 -Տիկին Մխիթարյան, Սեպտեմբերի 2-ին արցախցիներս հերթական անգամ կնշենք մեր ամենագլխավոր տոնը՝ ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձը։ Տարիների հեռվից փորձենք հետադարձ հայացք նետել անցյալին և մեկ անգամ ևս վերլուծել իրադարձությունները. 1991թ. սեպտեմբերի 2-ին կատարած մեր ընտրությունը որքանո՞վ էր ճիշտ։ Չէ՞ որ մինչ այդ մենք պայքարի դրոշ էինք բարձրացրել` վերամիավորվելու մայր Հայաստանի հետ։ 

-Նախ ուզում եմ մեր ժողովրդին շնորհավորել այդ փառապանծ տոնի առթիվ։ Դա մեր ազգի համար պատմական իրադարձություն է։ Հիրավի, այդ փաստը պետք է դիտարկել 1988-ի Ղարաբաղյան շարժման համապատկերին, քանզի ամեն ինչ սկսվեց ազգային զարթոնքից։ 1988-ին, իրոք, մենք միավորվել էինք մեկ այլ գաղափարի շուրջ. բոլորս համոզված էինք, որ մեր պահանջն արդարացի է և պետք է վերամիավորվենք Հայաստանին։ Բայց 88-ին՝ հենց Շարժման լուսաբացին, ենթարկվեցինք դաժան փորձությունների և  համոզվեցինք, որ թուրքը կես քայլ անգամ հեռու չէր կանգնած 1915-ի ենիչերական իր ցեղասպան նկրտումներից։ 88-ի փետրվարին իրականացված սումգայիթյան ոճրագործությանը հաջորդեց Սպիտակի ահեղ երկրաշարժը՝ մի նոր փորձության առաջ կանգնեցնելով մեզ։ Տարեվերջին մենք հասկացանք, որ մեր պայքարը դեմ է առել քաղաքական փակուղու։ Բնականաբար, մենք պետք է որոնեինք այլ ճանապարհներ, քանզի Ադրբեջանը փորձում էր Կենտրոնին (Կրեմլին) համոզել, որ գոյություն ունի մուսուլմանական գործոն, որ իրենք սպանելու ընդունակ են, և դա ապացուցում էին հայերի նկատմամբ մեկը մյուսին հաջորդող ջարդերով։  Այդ ամենին գումարվել էր նաև գերտերությունների խարդավանքը. Ղարաբաղյան շարժումով, փաստորեն, դրվեց խորհրդային պետության փլուզման սկիզբը... 

- Այսինքն, չափազանցված չէ՞ այն կարծիքը, որ Ղարաբաղյան շարժումն է դրել խորհրդային կայսրապետության փլուզման հիմքը...

- Ոչ, չափազանցված չէ։ Այդպես էր, քանի որ տարբեր տեղերից հոսանքները եկան ու խաչվեցին Արցախում՝ շատ մեծ դժվարություններ ստեղծելով մեր ժողովրդի համար։ Եվ մենք պետք է գտնեինք քաղաքական այլ լուծումներ։ Այս առումով 1991թ. սեպտեմբերի 2-ին մեր կատարած քայլը յուրահատուկ քաղաքական ժեստ էր, որպեսզի կարողանայինք խուսափել նոր ճնշումներից։ Մենք քաջ գիտակցում ենք, որ առանց Հայաստանի չենք կարող դիմակայել որևէ դժվարության, այսինքն՝ գերնպատակը միասնական հայրենիք ունենալն է, և չեմ էլ կասկածում, որ արցախցիներից որևէ մեկը կարող է կասկածի տակ առնել մեր այդ ձգտումը, նպատակը: Հավանաբար, կգա ժամանակը, և մենք կիրականացնենք մեր այդ մեծ ցանկությունը։

- Որպես քաղաքական գործիչ` ինչպե՞ս եք նայում այն երևույթին, որ առ այսօր դեռ լուծված չէ Արցախի միջազգայնորեն ճանաչման հարցը։ Այն խնդիրներ, խոչընդոտներ չի՞ ստեղծում։    

-Դա, իհարկե, ցավալի է։ Իբրև պատգամավոր` մշտապես առնչվում եմ արտերկրի քաղաքականությանը, և մեզ ցավ է պատճառում, որ աշխարհը չի փորձում հասկանալ մեր նպատակները, մեր ցանկությունները։ Ես կասեի՝ ոչ թե չեն ցանկանում, այլ նրանց ձեռնտու չէ մեզ հասկանալը։ Գերտերություններն ունեն իրենց շահերը, իրենց հետաքրքրությունները, որոնք չեն համընկնում  մեր  նպատակներին։ Ակամայից ես միշտ հիշում եմ Չերչիլի հանրահայտ այն միտքը, թե նավթաբեր պետություններն ինքնուրույն քաղաքականություն վարել չեն կարող. նրանք կթու կովեր են, որոնց կթում են ու թույլ չեն տալիս բառաչել, առավել ևս՝  պոզահարել։ Մեր ամբողջ դժբախտությունն այն է, որ գործ ունենք նավթաբեր պետության հետ։ Գուցե ինչ-որ տեղ նաև բարեբախտություն է, որ ինքներս նավթ չունենք և չենք դառնում գերտերությունների թիրախ։ Սակայն առնչվում ենք մի այնպիսի պետության հետ, որը թիրախ է գերտերությունների համար, և նրան թույլ չեն տալիս վարելու ինքնուրույն  քաղաքականություն։ Երբեմն մտածում ես. եթե այդպես չլիներ, գուցե թե հնարավոր կլիներ Ադրբեջանի հետ ինքնուրույն լեզու գտնել, ուղիներ որոնել, որոնք ձեռնտու կլինեին և՜ մեզ, և՜ նրանց: Չնայած համոզված ենք, որ ինչքան էլ փորձենք ձիթենու ճյուղը դնել բորենու բերանը, միևնույն է, նա խաղաղության աղավնի չի դառնա։ Ահա այդպիսին է մեր հակառակորդը։ Եվ թերևս դա է նաև պատճառը, որ մեր անկախությունն առ այսօր  չի ճանաչվում։ Այսօրվա աշխարհաքաղաքական իրադարձությունները վկայում են, որ կորցնելը շատ հեշտ է. մեր աչքի առջև են Սիրիան, Իրաքը...Քիչ չեն աշխարհում դեպքերը, երբ ճնշվում է ազատությունը, ճնշվում են մարդկային ցանկություններն ու երազանքները... Թերևս գովելի է, որ այսօր կարողանում ենք շարունակել պահպանել մեր անկախությունը։

- Անկախությունը մեզ սկուտեղի վրա չի մատուցվել, ազատության համար մեր պայքարը, փաստորեն, դեռ չի ավարտվել. այդ ճանապարհին ունեցել ենք կորուստներ, հազարավոր քաջորդիների արյուն է հեղվել... Շատ թանկ ենք վճարել, և այդ ամենը, կարելի է ասել, դեռ շարունակվում է։  Ըստ Ձեզ՝ ո՞րն էր անկախության մեր ամենամեծ ձեռքբերումը։

 

- Ինչպես պատմական բոլոր ժամանակաշրջաններում՝ մեր ժողովուրդը կարողանում է դիմակայել իրեն մատուցված դաժանությանը։ Երբ զգում ենք, որ մեզ փորձում են ծնրադիր ապրել պարտադրել` ազգովի միավորվում և գնում ենք ըմբոստության։ Սումգայիթյան քստմնելի դեպքերից հետո հատկապես մեր ժողովրդի մեջ իր ամբողջ հասակով կանգնեց թշնամուն ազգովի դիմակայելու խնդիրը, մեր որդիները պատվով կրեցին իրենց բաժին խաչը։ Իհարկե, անկախության ծառը սնվում է լավագույնների արյամբ. այդպես եղավ նաև մեր պարագայում: Այո, մեզ հեշտ չեն տրվել մեր ազատությունն ու անկախությունը։ Մենք 26 տարվա պատմություն ունենք կերտած. ազատ ու անկախ Արցախի Հանրապետությունը հենց մեր ամենամեծ ձեռքբերումն է, անկախ այն բանից՝ ճանաչո՞ւմ են մեզ, թե՞ ոչ։ Այսօր մենք վստահ քայլերով առաջ ենք գնում և ցույց ենք տալիս աշխարհին, որ ունենք ժողովրդավարական ինստիտուտներ, պետական այն բոլոր ատրիբուտները, որոնք անհրաժեշտ են աշխարհին ներկայանալի լինելու համար։ Երբ մենք ԱՀ Նախագահի հետ կամ պատգամավորական առանձին խմբով լինում ենք արտերկրում, զգում ենք, որ, իրոք, հաշվի են առնում այն հանգամանքը, որ մենք քայլ առ քայլ կերտում ենք մեր պետականությունը։ Եվ այն պաշտպանելը մեր բանակի, մեր ժողովրդի գերխնդիրն է, այն համազգային արժեք է։ Ես միշտ էլ սիրում եմ կրկնել, որ Արցախն, իրոք, համազգային արժեք է։ Նրա համար դողում է աշխարհի ամեն մի հայ, որն ապրում է նույնիսկ մոլորակի ամենահեռավոր անկյունում։ 

- Վերջին ժամանակներս՝ հատկապես 2016-ի ապրիլյան պատերազմից հետո, շատ է խոսվում փոխզիջումների, ազատագրված տարածքների վերադարձման մասին։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ ունենք մենք զիջելու։

- Եթե խոսքը գնում է մեր քաջորդիների արյամբ ազատագրված տարածքների մասին՝ դա միանգամայն անընդունելի է ցանկացած արցախցու, ցանկացած հայի համար։ Քիչ առաջ ես պատահական չնշեցի, որ ազատագրված ամեն մի թիզահողը մեր տղաների արյունով է ողողված... Եվ այդ հողն արդեն իսկ դարձել է մեր արյունակիցը։ Այս առումով մենք զիջելու շատ քիչ բան ունենք։ Ընդհանրապես քաղաքականությունը բավականին բարդ գործ է, և երբեմն մեր իշխանավորները ժողովրդի տրամադրությունը շոշափելու, կարծիքն իմանալու համար գուցե թե նման միտք են ասպարեզ նետում...Եվ միանգամայն ողջունելի է, որ ամեն անգամ ժողովուրդը հակադարձում է։ Թե՜ իշխանավորները, թե՜ արտերկրի քաղաքական գործիչները՝ բոլորն էլ համոզված են, որ մեր ժողովրդի համար դա անընդունելի տարբերակ է, քանի որ ուրիշ է մեր ժողովրդի ոգին։ Հիշեմ մի դեպք. երբ արվեստագետ Դանիել Բեքերը հյուր էր եկել Արցախ, զրույցի ընթացքում ասաց. ՙԵս գիտեի, որ Հայաստանը փոքր երկիր է, գիտեի, որ փոքր է Ղարաբաղը, բայց երբ եկա ու ծանոթացա ձեզ հետ, հասկացա, որ սա ոգու իմպերիա է՚։ Իրոք, դա այդպես է։ Մեր ազատությունը մենք ձեռք ենք բերել ոչ միայն թնդանոթներով, այլ նաև մեր ոգու իմպերիայի շնորհիվ։ Իհարկե, բոլորիս համար մեծագույն ցավ է ամեն մի զինվորի կորուստը, բայց, կրկնում եմ՝ ազատությունն ու պատերազմը սնվում են լավագույնների արյունով։ Եվ մենք այսօր դեռևս չենք կարող խուսափել նման իրավիճակներից, քանզի չենք կարող որևէ բան զիջել, որպեսզի նորից չբռնագրավվի մեր ազատությունը։ Սա է իմ կարծիքը։

- Տարիներ առաջ, երբ պայքարի դրոշ էիք բարձրացրել, ինչպե՞ս էիք պատկերացնում Արցախի և Հայաստանի ապագան։

- Չզարմանաք, եթե ասեմ, որ իմ մեջ նստած է նույն մտավորականը, նույն քաղաքացին, որը եղել է 1965-ի ազգային զարթոնքին, 1988-ի փետրվարյան օրերին տրիբունայում և պայքարի կոչ հնչեցրել։ Այն, ինչ ձեռք ենք բերել՝ հրաշք է։ Գուցե թե մեր պատմության մեջ չենք ունեցել այն, ինչ ունենք այսօր։ Պատկերացնո՞ւմ եք՝ Հայոց բանակ։ Սա մի աներևակայելի ձեռքբերում է։ Մենք ունենք մեր պաշտպանը, մեր անվտանգության երաշխավորը՝ մեր Զինված ուժերը։ Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այսօր ցանկացած արցախցի պատրաստ է ապրել աղքատ, կյանքի նվազ հնարավորություններով, միայն թե իրականանան ընդհանուրիս նպատակները։ Այն ոգին, որ գոյություն ունի պաշտպանության մեջ, նույն ոգով մենք պետք է կարողանանք ստեղծել մեր երկրի բարեկեցությունը։ Ես հաճախ եմ իմ շրջապատում հիշեցնում Ջորջ Վաշինգտոնի հանրահայտ միտքն այն մասին, որ չի կարող բարգավաճել այն երկիրը, որտեղ մարդիկ չեն գիտակցում, որ վեպ գրելը շատ ավելի մեծ առավելություն չէ, քան հող մշակելը։ Մեր երկրի յուրաքանչյուր բնակիչը պետք է հասկանա, որ ամեն մեկս մեր տեղում պետք է կարողանանք այդ հաղթանակն ապահովել։ 

- Ապրիլյան պատերազմը նոր փորձության առաջ կանգնեցրեց մեր ժողովրդին, մարդիկ հիասթափության, մտավախության պահեր ապրեցին... Որո՞նք են այն դասերը, որ տվեցին քառօրյա իրադարձությունները։

- Ապրիլը ցույց տվեց, որ մենք դարձյալ միաբան ենք ու միակամ. հենց առաջին օրվանից մեզ հետ էին թե՜ Արցախյան պատերազմի վետերանները, թե՜ երկրապահը, թե՜ Սփյուռքը, թե՜ հարյուրավոր կամավորականներ, որոնք իսկույն համախմբվեցին և կանգնեցին զինվորի թիկունքին՝ մեկնելով առաջնագիծ։ Մի խոսքով՝ բոլորս իսկույն համախմբվեցինք ազգային արժեքների շուրջ։ Իսկ այն մտավախությունը, թե ապրիլը կարող էր կազմալուծել, հիասթափության բերել մարդկանց՝ սա ևս քաղաքականություն է, գուցե թե՝ դրսից ներմուծված։ Մարդիկ, ովքեր առիթ են փնտրում գնալու երկրից, նրանք առանց ՙապրիլի՚ էլ գնացել ու գնալու են։ Իսկ նրանք, որոնց համար թանկ արժեք է հայրենիքը, վայրկյան անգամ չեն մտածում հող հայրենին լքելու մասին։ Չեմ կարծում, թե մեկ ռազմական գործողությունը կարող է ջլատել ժողովրդին կամ կոտրել նրա կամքը։ Մեր ժողովուրդը, երկրի իշխանությունները, առավել ևս Նախագահը՝ իրենց կամքի տիրակալն են, իրենց խղճի ստրուկը։ Հանրապետության ղեկավարն անպայման ուզում է, որ մեր ժողովրդի կամքն իրականանա, և ամեն անգամ՝ լինի դա արտերկրում, թե այստեղ՝ որևէ հանդիպման ժամանակ, նա միշտ շեշտում է, որ մենք կես քայլ անգամ չենք նահանջելու մեր նպատակներից։ Սա շատ կարևոր հանգամանք է, քանզի ժողովրդի համար անչափ կարևոր է, թե որքանով է հաստատակամ իր առաջնորդը։ Ես համոզված եմ, որ մեր երկիրը հաստատուն քայլերով գնում է իր ընտրած ուղիով, և անվարան ենք դեպի վերջնակետ տանող մեր ճանապարհին: Ազատությունը ցանկալի է բոլորի համար, բայց պետք է նաև ազատությանն արժանի սերունդ դաստիարակել։ Բոլորովին զարմանալի չէ, որ 1991-1992թթ. սկսված պատերազմն այդքան մեծ ոգի արթնացրեց, որովհետև մեր մանկապարտեզներում, դպրոցներում և բուհերում դաստիարակությունը միտված էր հայրենասիրությանը։ Այսօր մենք չպետք է թուլացնենք այդ գաղափարախոսությունը։ Կարևորում եմ նաև, որ առանձնահատուկ վերաբերմունք ունենք զոհվածների ընտանիքների, հաշմանդամների նկատմամբ, սակայն դաստիարակության դասագիրք պետք է դարձնել նաև արցախյան պատերազմն անցած ու հաղթանակած մեր այն հերոս տղաների ապրածը, որոնք հայրենիքի համար չխնայեցին ոչինչ։ Հանրահայտ ճշմարտություն կա. ՙՔանի Հռոմը ապրում էր իր հերոսներով, ծաղկեց, հենց դադարեց մեծարել իր հերոսներին, Հռոմը փլուզվեց՚։ Սա մեծագույն ճշմարտություն ու դաս է, պարզապես պարտավոր ենք նոր սերնդին ներկայացնել ու արժևորել քաջազուն մեր տղաների կերպարները։   

Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ անելիք ունենք մեր երկրի հանդեպ։ Չպետք է սպասել, թե ինչ-որ մեկը պետք է մեզ համար որևէ բան անի։ Յուրաքանչյուրս մեր աշխատանքում ունենանք մի այնպիսի ոգեղեն նվիրում, որով, իրոք, կկարողանանք հասնել վերջնական հաղթանակի։ Միայն այս դեպքում աշխարհը կհասկանա, որ մեր նպատակները հարգի են և ընդունելի։ Ինձ ուրախացնում է այն, որ մեր առավոտները բացվում են հայերեն, որ մեր եկեղեցու զանգերը հնչում են հայերեն, մեր մանուկները թոթովում են հայերեն. սա է մեր անկախությունը, և մենք ենք մեր ճակատագրի տերը։ Կճանաչե՞ն, թե՞ չեն ճանաչի՝ դա այլ խնդիր է: Կարևորը՝ այսօր մեր ժողովուրդը գիտակցում է, որ ապրում է միասնական հայրենիքում։ Իսկ ԼՂՀ հռչակման օրը ոգու և հաղթանակի տոնակատարություն է։ 

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ