Logo
Print this page

ԺՈՂՈՎՐԴԻ ԱՐԺԱՆԱՎՈՐ ԶԱՎԱԿԸ

Արցախում հազիվ թե գտնվի մեկը, որ չճանաչի Ռոլես Աղաջանյանին։

Նրա անունն անխզելիորեն կապված է Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման, Արցախի Հանրապետության կազմավորման ու կայացման գործընթացի հետ։ Լինելով Շարժման ղեկավարներից մեկը, նա միշտ իրեն դրսևորել է որպես  իսկական հայրենասեր, հմուտ կազմակերպիչ, ազնիվ, ժողովրդի հոգսերով ապրող քաղաքացի, պետական և քաղաքական գործիչ։ Ռ. Աղաջանյանը 1990-1995թթ. ՀՀ Գերագույն խորհրդի և ԼՂՀ առաջին և երրորդ գումարման խորհրդարանների պատգամավոր էր։ Հայրենիքը բարձր է գնահատել նրա վաստակը՝  արժանացնելով պետական պարգևների, այդ թվում՝ ՙՄարտական խաչ՚ 2-րդ աստիճանի շքանշանի։

Չլիներ 2014թ. մարտի 13-ի դժբախտ պատահարը՝ Ռ. Աղաջանյանն այսօր կդառնար 70 տարեկան։ Օգոստոսի  28-ին նրա ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին, որ նախաձեռնել էր Արցախի խորհրդարանականների ասոցիացիան, ներկա էին ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ընկերներ,  հարազատներ ու մերձավորներ։ 

Միջոցառման մասնակիցները նախ այցելեցին Քարաշեն (Դաշուշեն) գյուղի գերեզմանատուն, որտեղ  հանգչում է Ռ. Աղաջանյանը, խնկարկեցին ժողովրդի արժանավոր զավակի հիշատակը և ծաղիկներ խոնարհեցին  նրա շիրիմին։ Հայ Առաքելական եկեղեցու քահանա Տեր Հովհաննեսը կատարեց հոգեհանգստի կարգ։  

Արցախի խորհրդարանի գրադարանում տեղի ունեցած հուշ-ցերեկույթը, որ վարում էր Ղարաբաղյան շարժման առաջամարտիկ, Արցախի խորհրդարանականների ասոցիացիայի նախագահ Համլետ Գրիգորյանը, սկսվեց Տերունական աղոթքով։ 

ՙՌոլես Աղաջանյանն այն անձնավորությունն էր, ում կյանքի օրինակով կարելի է սերունդներ դաստիարակել Արցախում և Հայաստանում,-ասաց Հ. Գրիգորյանը։- Մարդ, ով  կիսել գիտեր մի կտոր հացը, գիտեր խոսքի կշիռը, ով մեծ կամքի տեր էր ու կարողանում էր ճիշտ պահին ճիշտ որոշում կայացնել։ Նրա բոլոր նախաձեռնություններն ու կատարած քայլերը պսակվել են հաջողությամբ՝  2014-ի ողբերգական դեպքից բացի։ Թե ինչպիսի փորձություններ է նա հաղթահարել՝ դրա մասին գիտենք մենք՝ նրա ընկերները՚։  Հիշողություններից մի դրվագ ներկայացնելով՝ Հ. Գրիգորյանը պատմեց, թե ինչպես է 1988-ի նոյեմբերին Ռոլես Աղաջանյանը թաքցրել Շարժման լիդերներից մեկին՝ Արկադի Մանուչարովին, երբ վերջինիս ուզում էին ձերբակալել։  Շենքը, որտեղ ապրում էր Ա. Մանուչարովը, շրջափակել էին ԽՍՀՄ հատուկ նշանակության ջոկատները։ Բայց Ռ. Աղաջանյանը կարողացավ հնարքներ գտնել և շենքի տանիքով դուրս բերել Մանուչարովին ու տեղափոխել Հայաստան։ ՙՌոլեսից վախենում էին, եթե չվախենային՝ նրան երկու անգամ չէին ձերբակալի։ Մենք իրավունք չունենք մոռանալ նման անձնավորություններին։ Նրանց արածը պետք է գնահատվի։ Ռ. Աղաջանյանը եղել է ճիշտ, ապրել ու գործել է ճիշտ՚,- շարունակեց Հ. Գրիգորյանը։

Այն, որ Ռոլեսի մասին կարելի է խոսել ու պատմել օրերով և չավարտել ասելիքը՝ հավաստեցին նաև մյուս գաղափարակիցներն ու մարտական ընկերները։

Հանրապետության գլխավոր վիրաբույժ Էդուարդ Ղուկասյանն ավելի քան 30 տարի ընկերություն է արել Ռ. Աղաջանյանի հետ։ Տարիքը խոչընդոտ չէր, ընկերությունն էլ անշահախնդիր էր։ Նրա խոսքով՝ Ռ. Աղաջանյանը, հիրավի, ազգի մեծ նվիրյալ էր։ Նա ճանաչված էր նաև որպես մասնագետ, և այս առումով նրա մահը, թվում է, հանելուկ է։ 

Ռազմիկ Պետրոսյանի խոսքով՝  Ռ. Աղաջանյանն այն մարդն էր, ով առաջիններից մեկը հասկացավ, որ պետք է Մարզխորհրդի նստաշրջան գումարել։ Կուսակցության մարզկոմի  1988թ. մարտի 17-ի պլենումը հրավիրելու համար Ռ. Պետրոսյանն ու Ռ. Աղաջանյանը այցելել էին Ղարաբաղի բոլոր շրջանները և մի գիշերվա ընթացքում 13000 ստորագրություն հավաքել։ ՙՀայաստանից եկող տղաներին ինքն էր դիմավորում, համակարգում ըստ ջոկատների։ Այդ ցուցակները մինչ այսօր պահվում են,-ասաց Ռ.Պետրոսյանը։- Փետրվարի 20-ի նստաշրջանին պատգամավորների մասնակցությունն ապահովելը նույնպես նրա շնորհքն է՚։   

Ռուդիկ Ազարյանը Ռ. Աղաջանյանի հետ ծանոթ էր շատ վաղուց՝ դեռ ուսանողական տարիներից։ ՙՆա կարողանում էր գրավել, վայելել բոլորի սերն ու հարգանքը։ Շարժման ծնունդ կազմակերպությունների (ՙԿռունկ՚, ՙՄիացում՚) անդամներից նրան էր միշտ վստահվում ամենից պատասխանատու գործը, ամենից դժվար հանձնարարությունները նրան էին տրվում։  Գիտեին, որ ինչ գնով էլ լինի՝ նա կկատարի... Ու կատարում էր։ Նա մշտապես գտնվում էր ԽՍՀՄ ուժային կառույցների տեսադաշտում։ Մարզում բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով արվող բոլոր քայլերին, այսպես կոչված, ՙհանցագործություններին՚, Ռոլեսը տեղյակ էր։ Մենք գիտեինք, որ նրան ուզում են ձերբակալել, և հաճախ թաքցնում էինք որևէ տեղ՝ այդ թվում՝ Շահումյանի շրջանի անտառներում։ Այնուամենայնիվ, դա նրանց հաջողվեց… 1990թ. հունվարին տարան Թբիլիսի՝ ՊՍԾ մեկուսարանը։ Այնտեղից էլ Նովոչերկասկի հատուկ բանտ։ Նպատակ ունեին  կարևոր որևէ տեղեկություն պոկել նրանից՝ Շարժման հետ կապված։ Սակայն ոչ մի սպառնալիք ի զորու չի եղել կոտրել նրա կամքը՚,- ասաց Ռ. Ազարյանը։ 

Երկրորդ անգամ  Ռ. Աղաջանյանին ձերբակալեցին Համլետ Գրիգորյանի հետ միասին և Սարատով քաղաքի բանտ տարան։ Ասում են՝ ամեն անգամ բանտից դուրս գալուց  Ռոլեսն ավելի էր ակտիվանում իր գործելաոճում։ Իրեն չափազանց համեստ էր պահում։  Դեռևս ուսանողական տարիներին Երևանում նրան մի քանի օրով բանտարկել էին՝ ազգամիջյան հարց հրահրելու և  թռուցիկներ տարածելու մեղադրանքով։ Սակայն նա ոչ ոքի այդ մասին չէր պատմում, չէր պարծենում։ 

Իրենց ելույթներում Վլադիմիր Զաքիյանն ու Փարավոն Ադամյանն առաջարկեցին  Ստեփանակերտի փողոցներից մեկն անվանակոչել Ռ. Աղաջանյանի անվամբ, կամ Ազատամարտիկների պուրակում հուշաղբյուր կառուցել, ինչպես նաև գիրք հրատարակել նրա կատարած գործերն ամբողջացնելու համար։ 

Հարուստ հիշողություններ ունի մարտական ընկեր Էդուարդ Այդինյանը, ով  ՊԲ ինժեներասակրավորական գումարտակում ծառայել է Ռ. Աղաջանյանի հրամանատարության ներքո։ Ասում է՝ նա իրեն ամենևին էլ հրամանատարի պես չէր պահում։ Նա ոչ թե հրամայում, այլ կարծես համոզում էր, իրավիճակը բացատրում՝ տվյալ գործն անելու համար։  Դրա շնորհիվ է, որ գումարտակը գրեթե զոհեր չի տվել։ 

Հիշողությունները որքան էլ ապրեցնող, բայց նաև հարազատների վիշտը թարմացնելու հատկություն ունեն։  Ռ. Աղաջանյանի որդին՝ Սասուն Աղաջանյանը, հուզմունքը զսպելով` շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, ԱԺ խորհրդարանի նախագահին՝ հոր հիշատակը հավերժացնելու, նրան գնահատելու և իրենց ընտանիքին բարոյական նեցուկ լինելու համար։ ՙՀայրս չէր սիրում պատմել իր կատարած գործերի մասին։ Այս առումով մենք ձեզնից, ձեր պատմածներից ավելի շատ բան իմացանք, քան տեղյակ էինք՚,- ասաց նա։ 

Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը։ Նրա խոսքով՝ Ռ. Աղաջանյանը բազմաշնորհ մարդ էր, ինչի մասին վկայում է նրա անցած ուղին։ Հատկապես Ղարաբաղում ճանապարհաշինարարությունը միշտ կապում են նրա անվան հետ։ ՙՍեպտեմբերի 2-ի՝ մեր գլխավոր տոնի նախօրյակին, խոսելով Ռ. Աղաջանյանի մասին, կարծես, ամբողջացնում ենք բոլոր այն նվիրյալների կատարած գործերը, ովքեր կերտեցին մեր պետականաշինությունը։ Դահլիճում նստածներից շատերը նրա հետ երկար ճանապարհ են անցել։ Ինքն իր հետևից տանող է եղել։ Երջանիկ ենք, որ նրա հետ ընկերություն ենք արել, առնչվել ենք նրա հետ։ Նա մեր դյուցազնական, առասպելական հերոսներից մեկն է դարձել։ Նման մարդկանց կարիք շատ ենք զգացել ազգային-ազատագրական շարժման ժամանակ։ Նշելով Ռ. Աղաջանյանի հոբելյանը՝ նաև որոշակիորեն ամփոփում ենք տեղի ունեցածը, այն, թե ինչպես է մեզ հաջողվել նման ձեռքբերումներ ունենալ։ Նա թողել է լավ անուն, լավ շրջապատ, լավ ընտանիք և ազատագրված, ազատ ու անկախ Հայրենիք՚,-եզրափակեց Աշոտ Ղուլյանը։ 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.