[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

Հյուրընկալվել են ՙԵլք՚ խմբակցության անդամները

 Օգոստոսի 29-ին ճանաչողական այցով Ստեփանակերտում էին Երևանի ավագանու ՙԵլք՚ խմբակցության անդամները:

Քաղաքապետարանի պատասխանատուների և ավագանու անդամների հետ կայացած հանդիպմանը ողջունելով հյուրերին, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը համոզմունք  հայտնեց, որ 2012թ. երկու քաղաքապետարանների միջև համագործակցության և բարեկամության մասին ստորագրված համաձայնագիրը լավ հիմք կհանդիսանա Երևանի նորընտիր  ավագանու և, մասնավորապես, ՙԵլք՚ խմբակցության հետ ավանդական կապերն ամրապնդելու, գործընկերային հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար:

Ս. Գրիգորյանը բարձր է գնահատել անցած տարիներին Երևանի քաղաքապետարանի, անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ամենատարբեր ոլորտներում Ստեփանակերտին ցուցաբերած նյութական և բարոյական աջակցությունը և այն ուսանելի փորձը, որ ներդրվում է կառավարման համակարգում: Նա անդրադարձել է  այն համատեղ ծրագրերին, որ իրագործվում են կենսաապահովման, սոցիալական, առողջապահության, կրթության և մշակույթի, զբոսաշրջության բնագավառներում: Այդ համատեքստում նաև կարևորվել է  Ստեփանակերտի և Արցախի շրջանների հետ Երևանի վարչական  շրջանների կողմից սկզբնավորված համագործակցությունը, որ շարունակ ընդլայնում է շրջանակները` իր մեջ ներառելով ամենատարբեր ուղղություններ: Քաղաքապետը հյուրերի խնդրանքով ներկայացրել է քաղաքի զարգացման ընդհանուր տեսլականը, անդրադարձել երկարաժամկետ այն ծրագրերին, որոնք միտված են  Ստեփանակերտի կենսական նշանակության հիմնահարցերի լուծմանը:

Պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ՙԵլք՚ խմբակցության  ղեկավար Դավիթ Խաժակյանը  վստահեցրեց,  որ իրենց թիմով կփորձեն նպաստել Երևանի ու Ստեփանակերտի միջև  համագործակցության և բարեկամության խորացմանը,  ավագանու անդամների միջև գործնական կապեր կհաստատվեն,  փոխայցելությունների արդյունքում կյանքի  կկոչվեն շահավետ նոր գաղափարներ ու ծրագրեր:

Հանդիպմանը շահագրգիռ  քննարկումներ են ծավալվել  փոխադարձ հետաքրքրություն  ներկայացնող հարցերի, ներքաղաքային հասարակական  տրանսպորտում  ակնկալվող բարեփոխումների, կրթության, առողջապահության և զբոսաշրջության  զարգացման, շինարարության և բարեկարգման նախագծերի, երկու մայրաքաղաքների աղբահանության ու կենսական անհրաժեշտության այլ խնդիրների  վերաբերյալ:

Հյուրերն այցելել են Ստեփանակերտի Հուշահամալիր և ծաղիկներ  խոնարհել Մեծ Հայրենականում և Արցախյան ազատամարտում նահատակված հայորդիների հիշատակին, եղել են Արցախի զոհված ազատամարտիկների հարազատների միության թանգարանում ու ծանոթացել  հարուստ և բացառիկ  ցուցանմուշներին: ՙԵլքի՚ անդամները, բնականաբար, այցելել են նաև Երևանի քաղաքապետարանի  աջակցությամբ Ստեփանակերտում կառուցվող Ազատամարտիկների այգին և հետաքրքրվել շինարարական  ծրագրերով: 

Շրջագայության ժամանակ  հյուրերին ուղեկցում էին Ստեփանակերտի  փոխքաղաքապետներ Սուրեն Թամրազյանն ու Արմեն Հակոբյանը:

  Ստեփանակերտի քաղաքապետարանի 

մամուլի ծառայություն