Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԱԿԱՆԱԶԵՐԾՈՒՄ ԱՐՑԱԽՈՒՄ, կամ` ԴԱՆԴԱՂ ԳՈՐԾՈՂ ԱԿԱՆ ԲԱՔՎԻ ՀԱՄԱՐ

ԱՄՆ-ն կշարունակի Արցախում իրականացվող մարդասիրական ծրագրերի ֆինանսավորումը:

Սեպտեմբերի 7-ին Կոնգրեսը հավանություն է տվել կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի առաջարկած նախաձեռնությանը, ըստ որի` 2018 թվականին Միացյալ Նահանգները 1,5 միլիոն դոլար հավելյալ գումար է հատկացնելու Լեռնային Ղարաբաղի տարածքում ականազերծման հետագա աշխատանքների համար: Ի դեպ, ԱՄՆ-ն, ՀՀ-ից բացի, միակ պետությունն է, որը պաշտոնապես գումար է հատկացնում Արցախում իրականացվող ծրագրերին:

ԱՄԵՆԻՑ ԱՌԱՋ՝ ՀՈՒՄԱՆԻԶՄ, ՍԱԿԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՈՂԱՏԱԿ ԵՎՍ ՆԿԱՏՎՈՒՄ Է

Ակտիվ մարտական գործողություններ չկան, բայց Լեռնային Ղարաբաղում մարդկանց ամեն օր վտանգ է սպառնում. արցախյան իրականությունը ամերիկյան հարթություն է տեղափոխել կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն` հիշեցնելով պատերազմի ժառանգության` ականների մասին, որոնց հաճախ են հանդիպում Արցախի բնակիչները` անկախ սեռից, տարիքից ու զբաղմունքից: ՙՈրպես հետեւանք տարիներ տեւած ղարաբաղյան պատերազմի ընթացքում տեղադրված ականների` տարածաշրջանում բնակվող տղամարդիկ, կանայք եւ երեխաներն անընդհատ գտնվում են վնասվածք ստանալու կամ կյանքը կորցնելու վտանգի տակ՚,- նշել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Դեյվիդ Վալադաոն եւ ընդգծել Արցախում ականազերծման աշխատանքներում The HALO Trust կազմակերպության դերը, ինչի շնորհիվ շատ մարդիկ են ազատվել պոտենցիալ վտանգից: ՙ2000 թվականից Ղարաբաղի տարածքում գործող The HALO Trust կազմակերպությունն արդեն իսկ ականազերծել է Լեռնային Ղարաբաղի ականապատ տարածքների ավելի քան 90 տոկոսը: Կազմակերպության գնահատմամբ, մինչեւ 2020 թվականը Լեռնային Ղարաբաղի տարածքն ականներից ամբողջությամբ մաքրելու համար պահանջվելու է 8 միլիոն դոլար: Այս անգամ հատկացվող 1,5 միլիոն դոլարի փոխանցումը կազմակերպությանը թույլ կտա շարունակել կարեւորագույն աշխատանքը՚,- հույս է հայտնել Դեյվիդ Վալադաոն:

Վալադաոյի առաջարակը ներառվել է 2018 թվականի ֆիսկալ տարվա արտաքին օգնության հատկացման ծրագրում: Այս նախաձեռնությանն աջակցել են նաեւ կոնգրեսականներ Էդ Ռոյսը, Ադամ Շիֆը, Ֆրենք Փալոնեն և Ջեքի Սփայերը: ԱՄՆ-ն այս ծրագրին հատկացումներ է կատարում 2000 թվականից ի վեր: Հայ Դատի Վաշինգտոնի հանձնախմբի տնօրենը լիահույս է, որ ապագայում ևս  այդ միտումը կպահպանվի:

ՙԿոնգրեսական Վալադաոն ասաց, որ հույս ունի մինչեւ 2020 թվականը տեսնել Արցախը ականներից ազատված: Մենք էլ միանում ենք այդ հույսին: Սա ոչ միայն նյութական աջակցություն է, այլեւ մեսիջ, որ Միացյալ Նահանգներն Արցախը չի տեսնում Ադրբեջանի կազմում: Եվ Վաշինգտոնը շարունակելու է ներդրում ունենալ խաղաղության ու կայունության հաստատման գործում, որքան էլ Բաքուն փորձի խոչընդոտել՚,- այդ զարգացումներին անդրադառնալով՝ նշել է Վաշինգտոնում Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

 

ՇԱՏ ԼԱՎ ԼՈՒՐ Է, 

ԲԱՅՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԽՆԴԻՐ ԷԼԻ ԿԼԻՆԻ

Արձագանքել են նաեւ The HALO Trust-ի  պատասխանատուները: Կազմակերպության տարածաշրջանային ծրագրի տնօրեն Աշ Բադին նշել է. ՙՖինանսավորման մասին ԱՄՆ Կոնգրեսի հայտարարությունը, որը հետեւել է Վալադաոյի ուղղմանը, մեծ ավանդ կբերի Արցախում մնացած ականապատ դաշտերի մաքրմանը մինչեւ 2020թ.: Մենք անչափ շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր իրենց ավանդն են բերել այդպիսի կարեւոր եւ կյանքեր փրկող գործին:  Կան սահմանափակումներ` որտեղ ենք կարող ԱՄՆ-ից ստացած գումարներն օգտագործել: Եվ մենք շարունակում ենք զգալ նաեւ մասնավոր ֆինանսավորման կարիք, որ կարողանանք ապահովել նաեւ այն տարածքների անվտանգությունը, որտեղ ԱՄՆ տրամադրած գումարները չենք կարող օգտագործել՚:

 

ԱՐՑԱԽԻ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԽՆԴԻՐԸ՝ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Նախկին ԼՂԻՄ տարածքից դուրս ականազերծման աշխատանքներ The HALO Trust-ը նախորդ տարիներին ևս իրականացրել է: Դրա համար անհրաժեշտ գումարները տրամադրել են մասնավոր աղբյուրները` հիմնականում հայկական ծագմամբ:  Landmaine Free Artsakh-ն այդ նախաձեռնություններից մեկն է: Սեպտեմբերի սկզբին նախաձեռնության անդամները կրկին Արցախում էին: Նորությունն այն է, որ որոշել են ոչ միայն մասնակցել սահմանամերձ համայնքների ականազերծմանը, այլեւ տարբեր ծրագրերով օժանդակել այդ համայնքների բնակիչներին:

4 տարվա ընթացքում` մոտ 100 հազար ԱՄՆ դոլար: Landmaine Free Artsakh նախաձեռնության ցուցանիշներն են: Գումարը հատկացվել է The HALO Trust կազմակերպությանը` Արցախի տարբեր հատվածներում ականազերծման աշխատանքներ կատարելու համար: ՙՍկսել ենք Քաշաթաղի շրջանի Նորաշենիկ գյուղից, ապա Քարեգահում են ականազերծման աշխատանքներ իրականացվել, ավելի ուշ՝ Ճարտարում, ամենայն հավանականությամբ` վերջին ականադաշտը մաքրեցինք, իսկ այս տարի՝ 2017-ին, հիմնականում Մյուրիշենում ենք աշխատել՚,- թվարկում է Landmaine Free Artsakh նախաձեռնության հիմնադիր Օժենի Սամիս-Փանոսյանը եւ վստահ չէ՝ արդյո՞ք բոլոր համայնքները հիշեց: Հենց Մյուրիշենում էլ ծնվեց գաղափարը. ոչ միայն ականազերծման աշխատանքներին աջակցել, այլեւ համայնքի զարգացման ծրագրերին մասնակցել: ՙԱկանազերծման հետ` նաեւ այդ համայնքների մարդկանց վիճակն է կարեւոր: Կարեւոր է, որ այդ մարդիկ ապրեն իրենց համայնքներում՚,- պատմում է Landmaine Free Artsakh նախաձեռնության անդամ Մելինե Մելքոնյանը:

Մյուրիշենում դպրոցը նոր գույքի կարիք ուներ: Landmaine Free Artsakh-ի միջոցով խնդրին տեղեկացավ Միացյալ Նահանգներում գործող ՙՀայ դպրոց՚ հիմնադրամը եւ հանձն առավ կարգավորել հարցը: Սեպտեմբերի 1-ին մյուրիշենցի դպրոցականները դպրոցը գտան ամբողջովին նոր գույքով կահավորված: ՙԴպրոցին նոր աշակերտական նստարաններ ենք հատկացրել, ուսուցչական սեղան-աթոռ, գրատախտակներ: Ամեն ինչ: Սա մի կողմից մեծ բան չէ, բայց մյուս կողմից` օգնում է, որ այս գյուղում ապրողն իրեն միայնակ չզգա՚,- կարեւորում է ՙՀայ դպրոց՚ հիմնադրամի նախագահ Մոնե Տեր-Գրիգորյանը: ՙՄյուրիշենում, կարելի է ասել, այսօր տոն է: Շնորհակալ ենք հիմնադրամին, որ օգնության ձեռք մեկնեց: Մեր դպրոցի գույքը հին էր` խորհրդային տարիներից՚,- օվկիանոսի մյուս ափից հասած աջակցությունը գնահատում է Մյուրիշենի համայնքի ղեկավար Բորիս Մեժլումյանը:

ՙՀայ դպրոց՚ հիմնադրամի ու Landmaine Free Artsakh-ի ներկայացուցիչները նաեւ Վազգենաշենում են հյուրընկալվել: Ավելի վաղ այստեղ եւս ականազերծման աշխատանքներ էր իրականացրել The HALO Trust-ը: Հյուրերն աշխատանքի արդյունքն են գնահատել: Իսկ նվերները` հագուստի տեսքով, գյուղի բոլոր բնակիչների համար էին:

Ականազերծման աշխատանքներին աջակցելու` Landmaine Free Artsakh-ի նախաձեռնությունները շարունակվելու են: Դրամահավաքից առաջ տեղեկատվական արշավ են ակտիվացնելու` ներկայացնելով խնդրի սրությունը: ՙՇատերը պարզապես տեղյակ չեն, որ Արցախում նման խնդիր կա: Այնպես որ, մեր առաջին գործն այդ տեղեկությունը բերանից բերան, սեղանից սեղան տարածելն է՚,- ընդգծում է Landmaine Free Artsakh նախաձեռնության անդամ Հակոբ Մելիքյանը: Այս պահին նախաձեռնությունը 6 անդամ ունի: Ծրագիրը, սակայն, բաց է անդամակցելու համար, վստահեցնում են նախաձեռնության անդամները:

Landmaine Free Artsakh-ը նախատեսում է ակտիվացնել աշխատանքները: Ուշադրության կենտրոնում լինելու է Քաշաթաղի շրջանը:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ