[ARM]     [RUS]     [ENG]

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ԿՏՈՆԻ ԻՐ ՎԵՐԱՆՎԱՆՄԱՆ 94-ԱՄՅԱԿԸ

Սեպտեմբերի 23-ին կնշվի արդեն ավանդույթ դարձած՝ Ստեփանակերտի վերանվանման 94-ամյակը, որի կապակցությամբ ստեղծված է քաղաքային հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահն է քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, աշխատանքների համակարգողը` քաղաքապետի տեղակալ Արմեն Հակոբյանը:

 Ըստ Արմեն Հակոբյանի` հաստատված է տոնակատարության ծրագիրը, և արդեն սկսվել են նախապատրաստական աշխատանքները, մասնավորապես` քաղաքի տոնական ձևավորման, այդ թվում` կանաչ գոտիների թարմացման ու ձևավորման ուղղությամբ: 

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս կխրախուսվեն քաղաքապետարանի լավագույն աշխատակիցները:

Սեպտեմբերի 22-ին թիվ 3 միջնակարգ դպրոցի դահլիճում տեղի կունենա ՙԻմ Ստեփանակերտ՚ խորագրով գրական-գեղարվեստական ցերեկույթ:

Սեպտեմբերի 23-ին ժամը 10.00-ից Վերածննդի հրապարակում և Ստ. Շահումյանի անվան պուրակում մարզական և մշակութային միջոցառումներով տոնական շունչ կհաղորդվի Քաղաքի օրվան: ԱՀ նկարիչների միությունն ի ցույց կդնի նկարիչների ստեղծագործությունները, Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնը և Գյուրջյան արվեստի դպրոցը կկազմակերպեն իրենց սաների կիրառական արվեստի աշխատանքների ցուցահանդես-վաճառքը, նկարչական խմբակի երեխաներն էլ կցուցադրեն ձեռքբերած հմտություններն այդ արվեստում: Մարզական միջոցառումները կլինեն բազմատեսակ. շախմատ, ձյուդո, բռնցքամարտ, սպորտլանդիա… Կլինեն նաև սպորտային պարեր: Թիվ 6 հիմնական դպրոցի մարզադահլիճում կկազմակերպվի սանդա-ուշուի բաց առաջնություն, որին կմասնակցեն ՀՀ-ի և ԱՀ-ի մարզիկները:

Ժամը 11.00-ին տեղի կունենա պաշտոնական արարողություն` ծաղկեպսակ կդրվի Ստ. Շահումյանի հուշարձանի պատվանդանին: Ժամը 12.00-19.00-ն քաղաքի տարբեր թաղամասերում կլինեն համերգներ Ստեփանակերտի մշակութային օջախների ուժերով: Ինչպես միշտ, այցելություններ կլինեն Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն, որտեղ քաղաքապետարանի ներկայացուցիչները կշնորհավորեն այդ օրը ծնված բոլոր նորածիններին և նրանց մայրիկներին: Կշնորհավորեն նաև այդ օրվա հարսանյաց հանդիսությունների ՙմեղավորներին՚` նորապսակներին:

Երեկոյան Ստեփանակերտի հիմնանորոգված մշակույթի և երիտասարդության պալատի ճեմասրահում կկազմակերպվի ՙՀին ու նոր Ստեփանակերտը՚ խորագրով լուսանկարչական ցուցահանդես, որից հետո տեղի կունենա տոնական համերգ:

Արմեն Հակոբյանի տեղեկատվությամբ` տոնի կապակցությամբ պատվիրակություն կժամանի Երևանի քաղաքապետարանից:

Էմմա ԲԱԼԱՅԱՆ