[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՀՊԱՆԵԼՈՎ ԱՐՏԱՔԻՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՔԸ

Այս օրերին շինվերանորոգման աշխատանքներ են տարվում  Շուշիի պարսկական Վերին մզկիթում, որը կառուցվել է 1883 թվականին՝  իրանցի ճարտարապետի նախագծով։ Խորհրդային տարիներին մզկիթը ձևափոխվել ու դարձել էր պատմաերկրագիտական թանգարան:

 Ներկայում մզկիթի և հարակից պատմական շինությունների հիմքերի ուժեղացման աշխատանքներ են տարվում: Կառույցի ճարտարապետական տեսքը պահպանելու համար շինարարները վերականգնում են դրսի և ներսի վնասված պատերը նույն` չհղկված սպիտակ քարով: Ինչպես տեղեկացրին ԱՀ քաղաքաշինության նախարարությունից՝ նախքան վերանորոգման աշխատանքներն սկսելը տարածքում պեղումներ են իրականացվել, կատարվել է մասնագիտական ուսումնասիրություն, ինչը թույլ է տվել հստակ պատկերացում կազմել մզկիթի պատմական միջավայրի մասին և ճիշտ ընթացք տալ հուշարձանի վերականգնման աշխատանքներին: 

 Նշենք, որ վերանորոգումն իրականացնում է ՙԳարդեն՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝  ՙՊատմական ժառանգության վերածնունդ՚ բարեգործական հիմնադրամի միջոցներով։