Logo
Print this page

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ` ՇՐՋԱՊԱՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 Խորհրդածություններ մասնագիտության շուրջ 

 Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման արդյունքում վերջին տասնամյակում ամեն քայլափոխի կարելի է տեսնել, թե ինչպես են այսպես կոչված բլոգերներն ու չկայացած լրագրողները փորձում իրենց գտնել առողջապահության ոլորտում ու լայքեր (հավանության միավորներ) հավաքել։ Այդ ամենի արդյունքում հիմնականում համակարգային խնդիրների պատճառով զոհ են դառնում բժիշկները, նրանց հիվանդները, վերջիններիս ընտանիքի անդամները և այլն։ Գրեթե ամեն օր համացանցում կարելի է հանդիպել հրապարակումների, որտեղ կոպտորեն խախտվում են մարդու իրավունքները, չգիտես ինչ  ուղիներով բացահայտվում է բժշկական գաղտնիքը, կարճ ասած՝ խախտվում են բիոէթիկայի՝ կենսաբարոյագիտության նորմերը։ 

Իսկ ի՞նչ է բիոէթիկան։ Այն ոչ միայն փիլիսոփայական հասկացություն է, այլեւ գիտության բնագավառ, որն ուսումնասիրում է մարդու շփումն այն ամենի հետ, ինչ կենդանի է, իսկ էթիկա տերմինի հիմքում ընկած է մարդու պատասխանատվությունը շրջապատի հանդեպ։ Այդ հարցին ավելի ճշգրիտ պատասխանեմ՝ ցիտելով իմ և բազմաթիվ ժամանակակից բժիշկների ուսուցիչ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բիոէթիկայի ամբիոնի հայաստանյան մասնաճյուղի վարիչ, փիլիսոփայական գիտ. թեկնածու Սուսաննա Դավթյանին. ՙԲիոէթիկան գիտելիքների միջառարկայական ոլորտ է, ակադեմիական դիսցիպլին, սոցիալական ինստիտուտ կամ կառույց, որն առաջացել է ի պատասխան մարդաբանական, բարոյագիտական այն բարդ խնդիրների, որոնք առաջ են եկել կենսաբժշկագիտության և նոր տեխնոլոգիաների բուռն, աննախադեպ զարգացումով։ 

Բիոէթիկայի խնդիրն է առանձնացնել, ի ցույց դնել բարոյական այն հիմնահարցերը, դրանց նկատմամբ այն ամենատարբեր մոտեցումները, դիրքորոշումները, որոնք հեղեղի պես ծնում են կենսաբժշկական գիտությունների ու տեխնոլոգիաների աննախընթաց զարգացումը. 

- Կարելի՞ է արդյոք մարդ կլոնավորել...

- Բարոյակա՞ն է արդյոք մտածել, որ մարդը կարող է էվոլյուցիոն զարգացման համահեղինակ դառնալ՝ մարդ-արարած ստեղծել...

- Թույլատրելի՞ են գենային նոր մեթոդներով ֆիզիկական և մտավոր բարձր հատկանիշներով օժտված մարդկանց ՙնոր ցեղ, տեսակ՚ ստեղծելու փորձերը...

- Պե՞տք է մեռածի հարազատներից թույլտվություն վերցնել փոխպատվաստման նպատակով նրա օրգանները օգտագործելու համար...

- Պե՞տք է և կարելի՞ է հիվանդին ասել անբուժելի հիվանդության մասին, թե պետք է երբեմն անտեսել հիվանդի՝ իր հիվանդության մասին ճշմարտությունն իմանալու իրավունքը, հաշվի առնելով սոցիալ-հոգեբանական, մշակութային առանձնահատկությունները...

- Էվթանազիան հանցագործությու՞ն է, թե՞ գթասրտություն և այլն, և այլն։

Նման հիմնահարցերին ընդունելի որոշումներ, լուծումներ տալուն է ծառայում բիոէթիկան՚։

Ես հատուկ եմ մեջբերում այս տողերը, որպեսզի ևս մեկ անգամ գործընկերներիս հիշեցնեմ բիոէթիկայի մասին։ Այս գիտության վերաբերյալ համակարգված գիտելիքներ մենք ստանում ենք մեր ուսումնառության տարիներին։ Ցավոք, շատ հաճախ մեզանից շատերը թերագնահատում կամ լիարժեք չեն հասկանում դասավանդվող առարկաների իրական նշանակությունը։ Թող անհամեստ չհնչի, վստահությամբ կարող եմ ասել, որ ես առաջին իսկ օրվանից սիրել եմ այդ առարկան, ագահորեն կլանել ուսուցչիս ամեն մի բառը ու մինչ օրս  շարունակում եմ ընթերցել՝ միաժամանակ փորձելով կիրառել այդ նորմերն աշխատանքիս ընթացքում։ 

Կարելի է ասել, որ մենք՝ բժիշկներս, կենսաբարոյագիտական և իրավաբանական գիտելիքների բացակայության  զոհն ենք դառնում, ինչից էլ օգտվում են վերոնշյալ ինքնակոչիկները։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ բժշկին մշտապես անհրաժեշտ է ինքնակրթվել, ծանոթանալ բժիշկ-հիվանդ հարաբերությունների կարգավորման սոցիալական մեխանիզմներին, ժամանակակից բժշկության իրավաբարոյական հիմնահարցերին, կյանքի և մահվան փիլիսոփայության արդի բարոյաէթիկական հիմնահարցերին, քանի որ հենց նման գիտելիքներն են պաշտպանում մեզ տեղեկատվության միջոցների  անհիմն հարձակումներից և կամ էլ հակառակը՝ հիվանդին անբարեխիղճ բժշկից...

Ուրախալի է, որ մի խումբ երիտասարդ մտավորականներ բժիշկների մասին երգ են գրել։ Որպես վերջաբան ներկայացնում եմ այդ երգից մի հատված։ Հուսով եմ, որ մի օր այն կդառնա բժիշկների հիմնը. 

Ձեր պայքարն ազնիվ է, տառապանքին հաղթող,

Այրվում եք՝ լույս տալով մարդկանց, նոր կյանք եք պարգևում,

Արշալույսն այս բարի թող  բացվի առողջ կյանքով...

Ավետիս  ԱՎԵՏԻՍՅԱՆ

Բժիշկ-նյարդաբան

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.