[ARM]     [RUS]     [ENG]

ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԵՏ` ՄԻՇՏ ԿԱՊԻ ՄԵՋ...

Հոբելյանական հուշ-երեկո` նվիրված Մոնթե Մելքոնյանին

 Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, ՙՀայրենիք՚ և ՙՈսկե արծիվ՚ շքանշանների ասպետ Մոնթե (Ավո) Մելքոնյանի ծննդյան 60-ամյակին նվիրված հոբելյանական հուշ-երեկոն տեղի ունեցավ նոյեմբերի 29-ին՝ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում։ 

Ներկա էին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը,  Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, խորհրդարանի և կառավարության անդամներ, բարձրաստիճան  զինվորականներ, հերոսի մարտական ընկերներ, հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչներ։ Միջոցառումը վարող՝ ԱԺ պատգամավոր Վարդգես Բաղրյանը, ով պատիվ է ունեցել բազմիցս շփվել Ավոյի հետ, բացման խոսքում ասաց, որ յուրաքանչյուր արցախցի ունի իր Ավոն, բայց կա նաև համընդհանուր  Ավո, որը բոլորինն է՝ ազնիվ, մաքուր, անաչառ, հայրենապաշտ։ 

Իր ելույթում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Մովսես  Հակոբյանը խոսեց զինակից ընկերոջ ռազմավարական տաղանդի ու մարդկային առաքինությունների մասին։ Ըստ բանախոսի, Ավոն գաղափարակիր զինվոր էր, ով ողջ գիտակցական կյանքը նվիրաբերեց հայ ժողովրդի շահերին ու նրա անվտանգության պահպանմանը։ Նա օժտված էր աստվածատուր շնորհով, մարտի դաշտում խիզախ  էր ու անձնուրաց։ Մ. Հակոբյանի բնութագրմամբ` Մոնթեն ոչ միայն հայրենասեր ու անձնազոհ ազատամարտիկ-հրամանատար էր, այլև բացարձակ ազնվության չափանիշ։ Առաջին հայացքից բարդ ու հակասական կերպարի հետևում պարզ  ու հասարակ, իրեն մյուսներից չգերադասող, բյուրեղյա մաքրության տեր անձնավորություն էր։ Ազգային համապարփակ նպատակների կրողն էր Ավոն, իսկ Արցախյան ազատամարտը նրա համար դարձավ ոգու բարձրագույն թռիչք։ Մոնթեն իր վերաբերմունքով, գործելակերպով նոր իմաստ ու բովանդակություն հաղորդեց հայրենասիրություն, արդարություն, ազնվություն կոչվող արժանիքներին` դրանք վերածելով վարքի ու սկզբունքի, և որ ամենակարևորն է, իր անձնական օրինակով ուղենիշ  դարձավ բոլորիս համար։ 

Մոնթե Մելքոնյանի մասին, բարեբախտաբար, պահպանվել են տեսագրություններ, որոնք հետագայում հիմք են ծառայել ֆիլմերի համար։ Տեսագրությամբ հնչեցին Ավոյի թևավոր մտքերից մի քանիսը, որ նաև պատգամներ են ու արդիական և այսօր՝ քառորդ դար անց։

Ավոն, հիրավի, վայելում էր և հիմա էլ համաժողովրդական սեր է վայելում։ Պատահական չէ, որ շատ ծնողներ իրենց նորածին տղաներին անվանակոչում են Ավո կամ Մոնթե։ Իսկ այն ահավոր տարիներին մարդիկ նույնիսկ ՙգրադից՚ չէին վախենում, երբ գիտեին, որ Ավոն իրենց կողքին է։ Վ. Բաղրյանը պատմեց դեպքեր, որոնց անձամբ ականատես է եղել, և ափսոսանք հայտնեց, որ շատ  տեսարաններ չեն հասցրել նկարահանել։ 

Ավոյի մասին ժողովուրդը նաև երգեր է հյուսել, անգամ կենդանության օրոք։ Որպես ասվածի վկայություն` հնչեցին կադրեր երգերից։ Ավոյի մասին երգ է գրել նաև Արարատ  Առուստամյանը,  որն առաջին անգամ կատարել է 1994 թվականի հունիսի 12-ին, Ավոյի մահվան տարելիցի օրը, Ավոյի աղբյուրի մոտ։ Ներկաները ունկնդրեցին երգը ՙԱսպետ՚ համույթի մենակատարների ու հեղինակի կատարմամբ։ Հմայակ Հարոյանը, ով Մարտունու պաշտպանության գործում մեծ դերակատարություն է ունեցել, հուշ-երեկոյի մասնակիցներին հավաստիացրեց, որ ողջ հայ ժողովուրդն է նշում իր ազգային հերոսի ծննդյան 60-ամյակը։  Ինքն անձամբ ներկա է գտնվել մի շարք միջոցառումների և ականատես եղել,  թե ինչպես է յուրաքանչյուր ոք ճանաչում, սիրում ու գնահատաում իր լեգենդար հերոսին։ Նա գոհունակթյամբ նշեց, որ Մոնթեի ձեռքի տակ աճած հրամանատարները ներկայումս բարձր պաշտոններ են զբաղեցնում հայկական բանակում։ Հ. Հարոյանն իր խոսքն ավարտեց` դիմելով բոլոր սպաներին ու զինվորներին. ՙՄեր հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, սրբազան հող են,-ասաց գեներալը:-Ամեն մի զինծառայող պիտի պատասխանատվություն  զգա` սրբազան հողը պահպանելու և գալիք սերունդներին հանձնելու բարձր պատասխանատվություն։ Այս վերջին օրերին ես շրջել եմ սահմանային դիրքերով և տեսել, որ բոլորը զգում են այդ պատասխանատվությունը։ Ցանկությունս է` մեր բանակը միշտ հաղթող լինի,  և Մոնթեի նման հերոսներ շատ ունենանք, բայց ոչ թե նահատակ, այլ կենդանի՚։

Միջոցառման մասնակիցները հետաքրքրությամբ մի հատված ունկնդրեցին Ավոյի հարցազրույցից, որը տեսագրվել է 1993թ. ապրիլի կեսերին` Արցախի հեռուստատեսությունում։ Երբ լրագրող Վ. Բաղրյանը խնդրել էր Ավոյին ավտոմատն ու ՙԱլինկոն՚ մի կողմ դնել,  զարմացել էր և, չհավատալով լսածին, ասել՝ առաջին անգամ ինձ կզինաթափեն։ 

Ավոյի գաղափարակից ու զինակից ընկեր Մարտիրոս Ժամկոչյանն ասաց, որ իր  համար  դժվար էր խոսել Մոնթեի մասին անցյալ ժամանակով, և պատգամեց արժանին հատուցել Մոնթեի հիշատակին՝ նեցուկ  կանգնելով նրա գաղափարներին, նրա գործը շարունակել մինչև վերջ։ 

Երբ հարցազրույցներից մեկի ժամանակ Վ. Բաղրյանը հարցրեց  Ավոյին՝ որքանո՞վ են հավաստի իր անվան  շուրջ պտտվող պատմությունները, նա ասաց՝ շատերն իսկական հեքիաթ են։ Այդ Ավոյապատումներից մի քանիսը ներկաներին հրամցրեցին Վ. Բաղրյանի գործընկերները՝ Արսեն Առստամյանն ու Ծովինար Բարխուդարյանը։ Ժողովրդի շուրթերին պտտվող այդ կենդանի ու իրական պատումներն ամբողջացնում են Ավոյի դիմանկարն ու մատնանշում այն ակունքը, որտեղից սկիզբ է առնում համաժողովրդական սերը նրա հանդեպ։ 

Մարտունու Մոնթե Մելքոնյանի անվան մանկապարտեզի սաների` Մոնթեին ձոնված արտասանությունները, հիացմունքի պահեր պարգևեցին միջոցառման մասնակիցներին։ 

Ապրիլյան պատերազմի հերոսներից մեկը` ՙՄարտական խաչ՚ առաջին աստիճանի շքանշանակիր Մարատ Պետրոսյանն իր սերնդակիցների անունից նախ շնորհավորեց զորավարին հոբելյանի առթիվ, ապա իր ընկերների անունից հավաստիացրեց, որ նրա կիսատ թողած գործը ավարտին կհասցնեն և անառիկ կպահեն հայրենիքի սահմանները։ 

ՙԱվոն երազում էր ազատագրված հայրենիք և կայացած մարտունակ բանակ ունենալու մասին, ինչին, ըստ էության, նպատակաուղղված էր նրա ողջ գիտակցական կյանքը։ 

Որքա՛ն նա կհպարտանար և կուրախանար՝ իմանալով, որ հաղթել ենք  մեզ պարտադրված պատերազմում, որ այսօր ունենք հզոր բանակ, որն ի վիճակի է հուժկու հակահարված հասցնելու հակառակորդի ցանկացած ոտնձգության՚. Վ. Բաղրյանի այս բառերը կիսում էին հուշ-երեկոյի բոլոր մասնակիցները։  Իսկ այն բառերը, որոնք հնչեցին նրա շուրթերից, որպես երեկոյի վերջին ակորդներ, Ավոյին իր հոգում փայփայող յուրաքանչյուր արցախցու սրտից էր բխում. ՙԱյո, Ավոն սերունդների հետ միշտ կապի մեջ է լինելու, քանզի անմահ են նրա  անունն ու գործը՚։ 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ