Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Նիստի օրակարգում ընդգրկված էին  ՙՇուշիի շրջբուժմիավորում՚ ՓԲԸ-ի և ՙՇուշիի անասնաբուժական սպասարկման կայան՚ ՊՈԱԿ-ի կողմից 2017թ. անցած ամիսներին  կատարված աշխատանքների մասին, շրջանում ամանորյա տոնակատարությունների նախապատրաստական աշխատանքների մասին հարցերը։

 Առաջին հարցին առնչվող տեղեկատվության մեջ շրջբուժմիավորման գլխավոր բժշկի տեղակալ Ս. Պողոսյանը  նշեց, որ շրջանի առողջապահության ոլորտի մեջ ներառված են Շուշիի շրջհիվանդանոցը, գյուղական 7 բուժկետեր։ Ներկայում շրջբուժմիավորումն ունի 11 բժիշկ, 18 միջին և 6 կրտսեր բուժաշխատող։ Նյարդաբանի, օկուլիստի և սրտաբանի բացակայության պատճառով հիվանդներին ուղարկում են  հանրապետական հիվանդանոց։ Շտապ վիրահատությունների դեպքում անզգայացնող բժշկի ևս սուր պակաս է զգացվում, ստիպված մասնագետ են հրավիրում մայրաքաղաքից։ Ս. Պողոսյանը մանրամասնեց հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների ցանկը։ Նշվեց, որ ստացիոնար հիվանդները լրիվությամբ ապահովվում են դեղորայքով, որոշ հիվանդությունների գծով հաշվառված  հիվանդները ևս։ Հաստատված ծրագրով յուրաքանչյուր 45 օրը մեկ գյուղական վայրերում անց է կացվում վակցինացիա։ Տարին երկու անգամ բուժմիավորման բժիշկները լրիվ կազմով այցելություններ են կազմակերպում համայնքներ և գյուղական բուժկետերում իրականացնում հիվանդների անվճար բուժում։ Կրթօջախներում և նախակրթարաններում ստուգվում է երեխաների առողջական վիճակը։ Կազմակերպվում են ՙբաց դռների օրեր՚։ Մասնագիտական հմտությունների  զարգացման նպատակով բժիշկները մասնակցում են գիտական կոնֆերանսների, սեմինարների, դասընթացների։ Նշվեց, որ բնակչության բուժսպասարկումն էլ ավելի  բարձր հիմքերի վրա դնելու նպատակով անհրաժեշտ է ուժեղացնել կապը ՀՀ և արտասահմանյան բժիշկների հետ, բարելավել  բուժմիավորման նյութատեխնիկական բազան,  լուծել հիվանդանոցը կադրերով ապահովելու հարցը։ 

ՙՇուշիի անասնաբուժական սպասարկման կայան՚ ՊՈԱԿ-ի կողմից կատարված աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացրեց ՊՈԱԿ-ի տնօրեն  Պ. Սարուխանյանը։ Ինչպես նշեց զեկուցողը,  շրջանի անասնաբուժական ծառայությունը որոշակի աշխատանք է կատարել   համայնքներում առկա անասունների  և թռչունների հիվանդությունների ախտորոշման, կանխման և վերացման ուղղությամբ։ Հաշվետու ժամանակաշրջանում կատարվել են բուժկանխարգելիչ միջոցառումներ սիբիրախտ, դաբաղ, խոզերի ժանտախտ և այլ հիվանդությունների գծով, կատարվել է անասունների արյան  սերոլոգիական  քննություն, ինչի արդյունքում հիվանդություններ են հայտնաբերվել  Լիսագոր համայնքի տարածքում գտնվող անասունների  մոտ։ Համայնքի ղեկավարի հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում կանխվել է դրանց հետագա տարածումը։ Պ. Սարուխանյանը  գոհունակությամբ նշեց, որ շրջանի համայնքների հետ համագործակցված աշխատանքների շնորհիվ ընթացիկ տարում, բացի բրուցելյոզ հիվանդությունից, վարակիչ այլ հիվանդության դեպքեր չեն գրանցվել։ Կայանի աշխատողների կողմից մսի և մսամթերքի իրացման կետերում կատարվում են ամենօրյա ստուգումներ, նկատված թերությունները վերացվում են ժամանակին։ Արվում է ամեն ինչ` շրջանի բնակչությանը զերծ պահելու  մսամթերքի հետ կապված  հիվանդությունների բռնկումներից։ Պայքար է տարվում փողոցներում կենդանական ծագում ունեցող մթերքների  վաճառքի դեմ։

Շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Անահիտ Եսայանն իր տեղեկատվության մեջ նշեց, որ շրջանում ամանորյա տոնական միջոցառումները կազմակերպված անցկացնելու համար շրջվարչակազմի  ղեկավարի կարգադրությամբ  ստեղծվել է հանձնաժողով, հաստատվել է ամանորյա տոնական միջոցառումների անցկացման ծրագիր, համաձայն որի` դեկտեմբերի սկզբից  սկսված են  փողոցների, հրապարակների,  զբոսայգիների ամանորյա ձևավորման աշխատանքները: Մոտ օրերս կընթացքավորվի Վ. Սարգսյանի անվան  հրապարակում տեղադրվող տոնածառի  և Շուշիի  խաչմերուկին կից պուրակի տոնածառի  զարդարումը։        

Համայնքներում,  մշակույթի օջախներում,  կրթական  հաստատություններում  կկազմակերպվեն  տոնական միջոցառումներ, համերգներ, ներկայացումներ  դպրոցականների համար,   երիտասարդների  համար պարերեկո, գրական-գեղարվեստական  ցերեկույթներ,  կձևավորեն Ամանորին  նվիրված  պլակատներ, կկատարվեն  այցելություններ  հաշմանդամ ազատամարտիկների տները։ Դպրոցներում կկազմակերպվեն  Ամանորին և Սուրբ  Ծննդին նվիրված  միջոցառումներ:

Շուշիի Վ. Սարգսյանի անվան  հրապարակում  ս. թ. դեկտեմբերի   30-ին   ժամը 16։00-ին տեղի կունենա ամանորյա տոնական միջոցառում-համերգ՝  Շուշիի  մշակութային  օջախների  և ստեղծագործական  խմբերի  մասնակցությամբ։ Ոստիկանության շրջանային բաժինը տոների ընթացքում հոգ կտանի հասարակական կարգ ու կանոնի պահպանման մասին։ ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ-ն կապահովի կայուն էլեկտրամատակարարում։ Շուշիի հիվանդանոցը կսահմանի շտապ օգնության հերթապահություն։ Շրջանի վարչակազմի ղեկավարի վերոնշյալ կարգադրությունը պարտավորեցնում է շրջվարչակազմի պատասխանատու աշխատողներին, ենթակառույցների ղեկավարներին՝  աջակցել շրջանային հանձնաժողովին՝ ամանորյա տոնական   միջոցառումները  պատշաճ    մակարդակով  անցկացնելու   համար։ 

Նիստի վերջում շրջվարչակազմի ղեկավար Վլ. Կասյանի կողմից տրվեցին հանձնարարականներ։ 

 

Անահիտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ք. Շուշի