[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԿՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ` ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐ

2017 թվականի դեկտեմբերի 8-ին կայացավ Արցախի ազատամարտիկների միության (ԱԱՄ) Հադրութի  տարածքային միավորման 7-րդ  հաշվետու ընտրական կոնֆերանսը։  

Ներկա էին Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանը,  ԱԱՄ աշխատակազմի ղեկավար  Էդուարդ Խաչատրյանը: Վերջինս էլ վարում էր կոնֆերանսի աշխատանքները: Մինչ կոնֆերանսի բուն մասին անցնելը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի  հերոս նահատակների հիշատակը։ 

Հաշվետու ժամանակաշրջանում կատարած աշխատանքների մասին զեկուցումով հանդես եկավ ԱԱՄ Հադրութի տարածքային միավորման խորհրդի նախագահ Իվան Ավանեսյանը։ Ըստ զեկուցողի`  շրջանի 30 համայնքային միավորումներում տեղի են ունեցել հաշվետու-ընտրական ժողովներ, որտեղ ընտրվել են միավորումների նախագահներ և պատվիրակներ  շրջանային  7-րդ կոնֆերանսի  համար։ Հադրութի տարածքային միավորումում ընդգրկված է 1200 ազատամարտիկ։ Այն իր հնարավորության սահմաններում արդյունավետ ու նպատակասլաց գործունեութամբ նպաստել  է հանրապետության կայացմանը, նրա անվտանգության ամրապնդմանը, մատաղ սերնդի  ռազմահայրենասիրական դաստիարակությանը։  Մանրամասնելով կատարվածը, Իվան Ավանեսյանն իրազեկեց, որ  միավորման ազատամարտիկները  պարբերաբար  մարտական  հերթապահություն են իրականացրել  առաջնագծում։ Դրա վառ ապացույցը  2015 թվականի սեպտեմբերին  ՀՀ Տավուշի  մարզի շփման գծում տեղի ունեցած  իրադարձություններն են, որոնց անտարբեր չեն մնացել նաև միավորման  ազատամարտիկները, որոնք մարտական հերթապահություն են իրականացրել մարզի սահմաններում։ Զորահավաքային պատրաստության բնագավառում  համայնքային խորհուրդներն ակտիվ մասնակցություն են ունեցել, առանձնապես ապրիլյան պատերազմի օրերին: Հաշվետու ժամանակահատվածում  ուշադրության կենտրոնում է գտնվել նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական  դաստիարակության գործը։ Բանախոսը միաժամանակ  նշեց, որ հաշվետու ժամանակաշրջանում  ԱԱՄ-ի  և տարածքային միավորման մտահոգության շրջանակում էին  ազատամարտիկների բուժման և բժշկական սպասարկման հարցերը։  Կոնֆերանսի պատվիրակ  Արթուր Արզումանյանը, հանդես գալով ելույթով,  առաջարկեց  ԱԱՄ Հադրութի տարածքային միավորման 2015-2017թթ. աշխատանքը գնահատել  բավարար։ Կոնֆերանսի որոշմամբ այդ առաջարկը հաստատվեց։

      Համաձայն օրակարգի 2-րդ հարցի` բաց քվեարկությամբ ընտրվեց 13 հոգուց բաղկացած խորհուրդ, որի նախագահ վերընտրվեց Իվան Ավանեսյանը։ Այնուհետև ԱԱՄ 7-րդ համաժողովի պատվիրակներ ընտրվեցին  40 ազատամարտիկներ: 

 

Էդիկ ԴԱՎԹՅԱՆ

ք. Հադրութ