ԶԻՆՎՈՐԻ ԱՌՋԵՎԻՑ ՔԱՅԼՈՂ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
Անդրանիկ Ասծատուրի Գասպարյան. ԼՂՀ պաշտպանության բանակի կապիտան, հետմահու պարգևատրվել է ՙՄարտական խաչ՚ 2-րդ աստիճանի շքանշանով:
Ծնվել է 1958թ. մարտի 15-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Զարդանաշեն գյուղում: Մայրը սիրում էր նրան ՙքաջ Անդրանիկ՚ կոչել` ի պատիվ Զորավարի, ում անունով կնքելով հինգերորդ զավակին, ասես, ազգին նվիրվելու կոդն էր դրել նրա մեջ: Զգո՞ւմ էր Օվսաննա մայրիկի սիրտը, որ արցախյան բանակում ծառայած իր վեց որդիներից հենց Անդրանիկն է պանծացնելու գերդաստանի պատիվը` իր անվանը հարիր կրելով առաջնության դափնին: Ութերորդ դասարանն ավարտելուց հետո նա որոշեց արհեստ սովորել և մեկնեց Քաջարան: Այստեղ և՜ միջնակարգ կրթություն ստացավ, և՜ ավտովարորդ-մեխանիկի մասնագիտություն: Հետո խորհրդային բանակի շարքերում պարտադիր զինվորական ծառայություն անցավ, որտեղ շատ արագ տիրապետեց զենքին ու ռազմական տեխնիկային: Բանակում ուշիմ և իր կարգապահությամբ աչքի ընկած զինծառայողն արժանացավ հրամանատարության ուշադրությանը, և շուտով Անդրանիկի ծնողները նամակ ստացան, որում շնորհակալություն էր հայտնվում նման զավակ դաստիարակելու համար: Բանակից հետո վերադարձավ հայրենի գյուղ, աշխատանքի անցավ, ամուսնացավ հարևանի աղջկա` 19-ամյա Սեդայի հետ, իսկ մեկ տարի անց տեղափոխվեց Ստեփանակերտ:
Երբ Ղարաբաղյան շարժումն սկսվեց, նա գլխովին նետվեց պայքարի մեջ: Միտինգներին թեպետ մասնակցում էր, բայց ներքուստ զգում էր, որ պայքարի ու բողոքի այդ խաղաղ ձևը հարևաններին հասու չէ: Եվ շատ շուտով քաղաքակիրթ այդ պայքարին նրանք ՙսումգայիթով՚ պատասխանեցին: Մի անգամ աշխատանքից տուն էր դառնում, երբ տեսավ, թե ինչպես է խորհրդային բանակի զինվորը ռետինե մահակով ծեծում մի ծեր կնոջ` արգելելով նրան անցնել հրապարակով: Արյունը խփեց Անդրանիկի գլխին, մոտեցավ, խլեց մահակը և սկսեց ծեծել զինվորին, և վրա հասած զինվորները ձերբակալեցին նրան: 1990-ի ապրիլն էր, սաֆոնովյան ժանտ հաշվեհարդարների շրջանը: Մեծ եղեռնի 75-րդ տարելիցի առթիվ Ստեփանակերտի հուշահամալիրում միտինգ կազմակերպելու համար ձերբակալվել էին մի խումբ մտավորականներ: Մի մասին բաց էին թողել, իսկ Համլետ Գրիգորյանին և Արկադի Թովմասյանին 11 այլ ձերբակալվածների հետ ուղարկել էին Պյատիգորսկի ՙՍպիտակ կարապ՚ բանտը: Նրանց մեջ էր և Անդրանիկ Գասպարյանը: Բանաստեղծ, ԱրՊՀ պրոֆեսոր Արկադի Թովմասյանը զրույցում նշեց. ՙԱնդրանիկի հետ ծանոթացել եմ բանտում: Ինձ ու Համլետի (Գրիգորյան) համար ոնց որ պահապան լիներ: Ամբողջ էությամբ զինվորական էր, բայց անչափ նուրբ ու զգայուն հոգի ուներ՚:
Մեկ ամսից նրանց ազատ արձակեցին: Երբ Անդրանիկը վերադարձավ տուն, անճանաչելիորեն փոխվել էր. Սեդայի պատմելով` հաղթանդամ ու ամրակազմ ամուսնու կեսն էր մնացել: Նա արդեն համոզված էր. այդ խմորը շատ ջուր էր տանելու, զինված պայքարն անխուսափելի էր: Շարժման ֆիդայական փուլում ընկերների հետ թաքուն զենք էր տեղափոխում Հադրութ, սահմանամերձ բնակավայրեր, մասնակցում պաշտպանական մարտերին: Սեդան փորձեց ամուսնուն համոզել հեռանալ երկրից. այն օրերին, երբ դեռ նոր էին ամուսնացել, Անդրանիկն ինքն էր առաջարկել կնոջը տեղափոխվել Ռուսաստան, այն ժամանակ կինը չէր համաձայնել, իսկ այժմ` ամուսինը: Նա հակադարձեց կնոջը` ասելով. ՙՈր ես գնամ, մյուսը գնա, մեր երկիրն ո՞վ պիտի պահի՚: Ոչ ոքի չլսեց. հայրենիքը բարձր էր ամեն ինչից: Մի օր էլ եկավ տուն, թե. ՙՇորերս պատրաստիր, առաջին անհրաժեշտության պարագաներ դիր, տղերքի հետ գնում ենք դիրքեր պահենք՚: Երբ ինքնապաշտպանական խմբերն ընդգրկվում էին բանակային ստորաբաժանումների մեջ, Անդրանիկը, որպես շարքային զինվոր, մտավ 5-րդ վաշտ, իսկ շատ չանցած` նշանակվեց 7-րդ վաշտի հրամանատար: Շուտով նրան շնորհվեց կապիտանի կոչում:
Նրա մարտական ուղին ձգվեց Կրկժան, Մալիբեյլու, Խոջալլու, Քյոսալար, Ջանհասան, Ջամիլլու, Մարտակերտի շրջանի ազատագրական կռիվների միջով: Առաջին անգամ վիրավորվեց Ջանհասանում, երկու անգամ էլ` Մարտակերտի շրջանի գյուղերի ազատագրման ժամանակ: Մարտական ընկերները հիացմունքով են խոսում նրա մասին, պատմում նրա քաջության ու հմտությունների մասին: Նա միշտ առաջինն էր մարտի դաշտ մտնում` հաստատելով հայ հրամանատարի նժդեհյան կերպարը. ՙՀայ զինվորը սովոր չէ, որ հրամանատարը ղեկավարի իրեն խրամատից. հրամանատարը պիտի զինվորի առջևից քայլի՚: Մահվան դեմ-հանդիման քանիցս կանգնած զինվորականը երբեք թույլ չտվեց, որ վախը գլուխ բարձրացնի իր ներսում, կամ թեկուզ մեկնումեկը կասկածի իր անվեհերությանը:
Զինակից ընկերներից Գրիգորի Բաղդասարյանի համար Անդրանիկն իսկական հերոս էր, հրամանատարի օրինակելի կերպար, վստահելի ընկեր, ում հետ անվարան կարելի էր մարտի նետվել: Մի անբացատրելի զգացողությամբ էր օժտված հրամանատարը` իսկական հոգեբան էր: Մարտի նախօրեին նա շրջում էր զինվորների մեջ, զրուցում-խոսում նրանց հետ, այսպես ասած, շոշափում նրանց տրամադրությունը` փորձելով զգալ նրանց հոգեվիճակը: Մարտից առաջ այդ ՙներքին հետախուզությունն՚ ավարտվում էր նրանով, որ մի քանիսին ասում էր` մնացեք, վաղը դուք չեք մասնակցի կռվին: Անչափ ուշադիր էր զինվորների հանդեպ: Տղաներից մեկի` Մեխակի ծննդյան օրն էր. հակառակի պես սեղանին դնելու մի կարգին բան չունեին: Ինչպես ասում են` մարդու մտքին տեղ լինի. Անդրանիկին ու Գրիգորիին հաջողվում է մի քանի տուփ պահածո և կարտոֆիլ ձեռք գցել, ու քեֆի սեղանն արդեն պատրաստ էր: Հաջորդ օրը… Մեխակը զարկվեց. դա նրա վերջին ծննդյան օրն էր…
Սեդայի պատմածներով իմ մտապատկերում փորձում եմ ամբողջացնել ամուսին և հայր Անդրանիկի կերպարը: Իր ընտանիքին նվիրված ու հոգատար ամուսին էր նա: Սիրում էր տանը միշտ ծաղիկներ տեսնել և առիթով կամ անառիթ դրանցով ուրախացնում էր տնեցիներին. ՙԱմեն մարտի 8-ի առավոտյան, երբ աչքներս բացում էինք, ծաղիկներն արդեն ծաղկամանում էին, իսկ նվերները` իմ ու աղջիկների բարձերի տակ՚: Անգամ պատերազմի ժամանակ տուն գալիս հաճախ էր դաշտային ծաղիկներ բերել իր հետ: Առաջնեկի` Գալյայի ծննդից հետո Սեդան երազում էր տղա զավակ ունենալ, բայց ծնվեց Գայանեն. ՙԵրկրորդ աղջիկս որ ծնվեց, ինձ աչքալուսանք էին տալիս, իսկ ես լաց էի լինում, որովհետև տղա էի ուզում: Այդ ժամանակ Անդրանիկն էլ հիվանդանոցում էր. վիրահատություն էր տարել: Հենց հիվանդանոցից էլ եկել էր տեսության: Տեսնելով ինձ անտրամադիր` հարցրեց, թե բան չի՞ պատահել երեխային, իսկ երբ պատճառն իմացավ, հուսադրեց, թե դեռ կհասցնենք տղա ունենալ և շատ լավ է, որ մեր աղջիկը քույր ունի, թե չէ ո՜չ ես, ո՜չ ինքը քույր չունենք: Պատերազմը չթողեց. չհասցրինք... այս երազանքն էլ թերի մնաց՚,- անկեղծանում է Սեդան: Մոր կիսատ երազը Գայանեն լրացրեց. նրա որդին իր խիզախ պապի` Անդրանիկի անունն է կրում…
Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի մոտ 1993-ի մարտի 13-ի մարտը վերջինը եղավ Անդրանիկ Գասպարյանի համար: Վերջին անգամ մարտի մեկնելուց առաջ, երբ պատրաստվում էր դուրս գալ տնից, կնոջ հարցին` քո ծննդին տա՞նը չես լինելու, նա մի տեսակ ցրված պատասխանեց` երևի չէ, Սեդա: Ապա անձնագիրն ու մյուս փաստաթղթերը հանձնեց նրան: Երեխաները քնած էին, երկուսին էլ համբուրեց, դուրս եկավ: Ինչպես միշտ` աստիճանահարթակին կանգնած կինը հայացքով ճանապարհ էր դնում ամուսնուն: Երբեք նա այդպես լուռումունջ չէր հեռացել տնից, միշտ էլ կատակով, մի հուսադրող խոսքով էր բաժանվում, բայց այդ անգամ կարծես սիրտը կանխազգում էր… Երբ հասավ 3-րդ հարկ, գլուխը բարձրացրեց, մի անգամ էլ թախծախառն հայացքն ուղղեց կնոջը և, առանց մի բառ ասելու, իջավ աստիճաններով:
…Ընկերների հետ հետախուզության էր գնացել: Մաղավուզ գյուղի գերեզմանատանը շրջափակման մեջ ընկան: Չորս ժամ տղաները դիմադրեցին բազմապատիկ գերազանցող թշնամուն: Արդեն վիրավոր` նա դեռ շարունակում էր կռվել: Հերթական գնդակը խոցեց սիրտը…
Երկու օրից` մարտի 15-ին նա կդառնար 35 տարեկան, մինչդեռ այդ օրը ծննդավայրում հայրենի հողին հանձնեցին իր անունը փառքով պսակած քաջորդուն: Մեծ Հայրենականում զոհված զարդանաշենցիների հիշատակին կառուցված հուշարձանի մոտ ստեղծվեց մի նոր սրբավայր, որտեղ գյուղն ամփոփեց վասն հայրենյաց անմահության ուղին բռնած իր նորօրյա հերոսներին:
Մելանյա ՄԻԼՈՆՅԱՆ