Logo
Print this page

ԿՅԱՆՔ` ՄԱՀԻՑ ՀԵՏՈ

Դեկտեմբերի 20-ին լրանում է Արցախի հերոս, լեգենդար զորավար Քրիստափոր Իվանյանի  97-րդ  տարին:

Այն ՊԲ զորամասերում և հանրապետության ուսումնական հաստատություններում նշանավորվելու է տարաբնույթ միջոցառումներով, որոնք կազմում են երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության բաղկացուցիչ մասը: Շուշիի տեխնոլոգիական համալսարանում դեկտեմբերի 18-ին մեկնարկել  և մինչև դեկտեմբերի 20-ը շարունակվելու է սեղանի խաղերի առաջնություն՝ նվիրված անվանի զորահրամանատարին: Այդ օրը Ստեփանակերտի գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի վարչակազմը և սաները ծաղիկներ են տեղադրելու հերոսի հուշարձանի պատվանդանին և միասին դիտելու են նրա մասին պատմող ֆիլմը:

Գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի մասին ակնածանքով են խոսել նրա սերնդակիցները, համածառայակիցները, բոլոր նրանք, ովքեր բախտ են ունեցել ծառայության թե հայրենիքի պաշտպանության բերումով առնչվելու նրա հետ: Եվ սերնդեսերունդ փոխանցվում են Քրիստափոր Իվանյանի մասին առասպելականն ու իրականը, ընդօրինակելին...

Թեև Արցախյան ազատամարտից անմասն չեն մնացել նաև մեր ավագ սերնդի բազմաթիվ ներկայացուցիչներ, այդուհանդերձ,  աննախադեպ կարելի է համարել գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի օրինակը,  որը ոչ միայն պարզապես մասնակցել, այլև ուրույն հետք է թողել Մեծ Հայրենական և Արցախյան պատերազմներում՝ արժանանալով պետական բարձրագույն պարգևների: 

Մեծ Հայրենականում ցուցաբերած սխրանքների համար Իվանյանն արժանացել է շուրջ 40 շքանշանների և մեդալների, մեծամասամբ` 1941-1942 թվականներին, երբ Խորհրդային Միության զորքերը հիմնականում նահանջում էին, և  պարգևների էին արժանանում սոսկ այն սակավաթիվ հաջողակները, որոնց առանձնակի քաջագործությունները գնահատվում էին ըստ արժանվույն: 

Պատերազմից հետո գնդապետ Իվանյանն ավարտել է  զինվորական բարձրագույն ակադեմիան, արժանացել գեներալ-մայորի հերթական զինվորական կոչման:

Երբ ֆաշիստների հետևորդները՝ ադրբեջանցի զավթիչները, հարձակվեցին Արցախի վրա, գեներալ Իվանյանը կնոջ հետ բնակվում էր Սանկտ Պետերբուրգում։ Նա դասավանդում էր զինվորական ակադեմիաներից մեկում եւ ուշադրությամբ հետեւում  հայրենիքում կատարվող իրադարձություններին։ 1992 թվականին, երբ հայկական ուժերը պաշտպանական ծանր մարտեր էին մղում, 72-ամյա զինվորականը  ժամանել է Հայաստան։ Մեկնելուց 5 օր անց Արցախից զանգել է կնոջն ու ընտանիքի անդամներին, բացատրել, որ ինքը չի կարող հանգիստ մնալ տանը և հեռվից հեռու հետևել, թե ինչպես է հարազատ ժողովուրդը կենաց-մահու պայքար մղում ոսոխի դեմ։ 

Ծերունազարդ գեներալի մասնակցությամբ պլանավորված ու իրագործված առաջին իսկ ռազմագործողության արդյունքները ցույց տվեցին, որ Արցախ է եկել հմտավարժ, փորձառու զորահրամանատար։ Նա շատ արագ կարողացավ շահել Արցախի ինքնապաշտպանության ուժերի զինվորների եւ հրամանատարների վստահությունը։ Արցախում բոլորը գիտեին, որ եթե ռազմական գործողությունները պլանավորում կամ իրականացնում էր զորավար Իվանյանը, ապա հաջողությունը երաշխավորված էր։ Դրա առհավատչյան է գեներալ Իվանյանին ՀՀ  ու ԼՂՀ ՙՄարտական խաչ՚ առաջին աստիճանի, իսկ 2000թ. հետմահու՝ ՙՈսկե արծիվ՚ շքանշանների և ՙԱրցախի հերոս՚ բարձրագույն կոչման շնորհումը։

Նա ՊԲ-ում հրետանային զորատեսակի կազմավորման, ուսումնական զորամասերի և ստորաբաժանումների, ինչպես նաև նրանց ուսումնանյութական բազայի ստեղծման նախաձեռնողն ու կազմակերպիչն էր։ Դեռ ավելին, ցուցաբերելով անսպառ եռանդ ու աներևակայելի աշխատասիրություն՝ նա անդադար աշխատել է Արցախում կանոնավոր, շարժունակ և ժամանակակից բանակ ստեղծելու ուղղությամբ և հասել նշանակալի հաջողությունների։ Նրա գործնական  գիտելիքները, փորձն ու իմաստուն խորհուրդները նպաստել են ռազմաճակատում թվապես ու տեխնիկապես գերազանցող թշնամուն հաղթելուն։ Գեներալ Իվանյանն է տարբեր կարգի մի շարք հրամանատարների ուսուցիչն ու դաստիարակը։     

Պատերազմից հետո Իվանյանն իր նախաձեռնողականությամբ ու հետևողականությամբ մեծ դեր ունեցավ Արցախում առաջին լեռնահրաձգային դիվիզիայի կազմավորման գործում։ 

Համեստ ու ժուժկալ կյանք վարող գեներալ Իվանյանը չէր սիրում նկարահանվել, հարցազրույցներ տալ։ Ուստի նրա անունը և մեծագործությունները կենդանության օրոք համեմատաբար քիչ էին հայտնի։ Նրա փառքը թնդաց ավելի ուշ: Ինչպես մյուս մեծերի պարագայում, նրա անունը շարունակում է ապրել նաև նրա մահվանից հետո։

Մեծ Հայրենականի եւ Արցախյան պատերազմների լեգենդար հերոս, գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանն իր մահկանացուն կնքեց 1999 թվականի ամռանը Սանկտ Պետերբուրգում, 79 տարեկանում և զինվորական բոլոր պատիվներով հուղարկավորվեց ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի Սմոլենսկյան գերեզմանատանը: 

Հայ ուսուցիչները դպրոցներում հայոց պատմություն ուսուցանելիս պատմում են երկու պատերազմների լեգենդար հերոս Քրիստափոր Իվանյանի սխրանքների մասին եւ աշակերտներին տոգորում հպարտության զգացումով։ Տարիներ շարունակ  հայ սպաներն իրենց զինվորներին հայրենասիրության դասեր տալիս անպայման հիշատակում են գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի աննախադեպ  հերոսությունները։ 

Ստեփանակերտի ռազմամարզական վարժարանը և Ասկերանի շրջանի բնակավայրերից մեկը գեներալ Քրիստափոր Իվանյանի անունով կոչելը հայ ժողովրդի երախտագիտության և իր արժանավոր զավակի հիշատակը հավերժացնելու արտահայտություններից է։ 

 

 

Նանե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԱրՊՀ լրագրության բաժնի ուսանողուհի

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.