[ARM]     [RUS]     [ENG]

ՓՈՔՐԻԿ ԱՇԽԱՐՀ` ԿԱՂԱՆԴԱՎԱՆ

Դեկտեմբերի 18-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ գլխավոր տոնածառի լույսերի միացման հանդիսավոր արարողությունը:

''Կաղանդավան''-ի բացման սկիզբն ազդարարվել է Ստեփանակերտի Ազատության հրապարակից քայլերթով, որն ուղեկցվում էր ազգային երգ ու պարով:Միջոցառումն առավելապես նպատակաուղղված էր զվարճացնելու փոքրիկներին: Առաջին իսկ րոպեներից` փոքրիկների կանչերով և ծափողջույններով բեմահարթակ հրավիրվեցին Ձմեռ պապն ու Ձյունանուշը, նրանց հետ նաև մուլտպլիկացիոն հերոսներ: Այնուհետև տոնածառի լույսերը միացվեցին: Բեմահարթակը տրամադրվեց արցախյան փոքրիկ երգիչ-երգչուհիներին: Իսկ ահա ամբողջ հրապարակով մեկ ստեղծվել էր մի այլ ՙփոքրիկ աշխարհ՚` Կաղանդավանը: Կաղանդավանի փայտե տնակները մի առանձին շուք էին հաղորդում ամբողջ միջոցառմանը: Տնակներից յուրաքանչյուրն ուներ իր անվանումը` ձեռքի աշխատանքների, քաղցրավենիքների, տոնական նվերների և այլն: Միջոցառումն անչափ մեծ ուրախություն պարգևեց արցախցի փոքրկներին: Եվ, ինչպես հայտնում են ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունից` տոնական միջոցառումները  12 օր ևս կշարունակվեն: Նշենք, որ ծրագիրն իրականացվում է ՙԱրդշինբանկ՚, ՙԲեյզ Մեթըլս՚, ՙՂարաբաղ Տելեկոմ՚, ՙԱրցախէներգո՚ փբը-ների և ՙԱրցախ ՀԷԿ՚ ԲԲԸ-ի աջակցությամբ: