Logo
Print this page

ԱԱՄ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ

Դեկտեմբերի 15-ին Ստեփանակերտի համար 5 դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Արցախի ազատամարտիկների միության Ստեփանակերտի տարածքային միավորման 7-րդ կոնֆերանսը, որի աշխատանքը վարեց ԱԱՄ աշխատակազմի ղեկավար Էդվարդ Խաչատրյանը։

 Ներկաները մեկ րոպե լռությամբ հոտնկայս  հարգեցին Արցախյան գոյապայքարում զոհված ազատամարտիկների հիշատակը։ 

ԱԱՄ Ստեփանակերտի տարածքային միավորման նախագահ Վլադիմիր Կասյանը հանդես եկավ ՙ2015-17թթ. ընթացքում միավորման կատարած աշխատանքների մասին՚ հաշվետվությամբ, որում, մասնավորապես, ասված է. ՙՍտեփանակերտի տարածքային միավորումը, առաջնորդվելով ՙՄեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ պետություն՚ սկզբունքով, գործել է Ստեփանակերտի տարածքում, որի կառուցվածքային հիմքը հանդիսացել են 5 համայնքային միավորումները։ Գործունեության ընթացքում Միավորումը բազմակողմանի համագործակցություն է ծավալել և իրականացրել այն բոլոր կազմակերպությունների հետ, որոնք  համակիր են Միության կանոնադրոթյանը՚։ Բանախոսի վկայությամբ՝ Ստեփանակերտի տարածքային միավորումն իր արդյունավետ ու նպատակասլաց գործունեությամբ մշտապես նպաստել է հանրապետության կայացմանը, նրա անվտանգության ամրապնդմանը, երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական  դաստիարակության գործին։ 

Տարածքային միավորման ազատամարտիկները, ակտիվորեն արձագանքելով 2015թ. սեպտեմբեր ամսին ՀՀ Տավուշի մարզի շփման գծում տեղի ունեցած իրադարձություններին, մարտական հերթապահություն են իրականացրել սահմանում։

Համայնքային խորհուրդներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերել ապրիլյան պատերազմի ժամանակ։ Համայնքների ազատամարտիկները և կամավորները` գիտակցելով հակառակորդի կողմից ծավալված մարտական գործողությունների նպատակը, համախմբվել և ՊԲ-ի հրամանատարության ներքո մեկնել են առաջնագիծ և ապահովել Հայրենիքի սահմանների անվտանգությունը։ Տարածքային միավորման շուրջ համախմբված ազատամարտիներից  և երիտասարդ կամավորականներից կազմավորվել է ստորաբաժանում, որն Ալեքսանդր Հարությունյանի հրամանատարությամբ իրականացրել  է ոչ միայն մարտական հերթապահություն առաջնագծում, այլև ինժեներական աշխատանքներ կատարել և ամրապնդել մեր դիրքերի անվտանգությունը։ 

Ելույթներով հանդես եկան կոնֆերանսի պատվիրակներ Գագիկ Ավանեսյանը, Արթուր Առաքելյանը, Լյոնյա Ավանեսյանը, ովքեր առաջարկեցին ԱԱՄ Ստեփանակերտի տարածքային միավորման խորհրդի 2015-17թթ. կատարած աշխատանքը գնահատել բավարար։

Կոնֆերանսի ընդունած որոշման համաձայն՝ ԱԱՄ Ստեփանակերտի տարածքային միավորման խորհրդի 2015-17թթ. կատարած աշխատանքը  գնահատվեց բավարար։

Բաց քվեարկությամբ ընտրվեց 11 հոգուց բաղկացած  խորհուրդ, որի նախագահ ընտրվեց  Ալեքսանդր Հարությունյանը։ 

Այնուհետև ընտրվեցին 64 ազատամարտիկներ՝ որպես ԱԱՄ 7-րդ համաժողովի պատվիրակներ։  

Ռոբերտ ԵՍԱՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.