[ARM]     [RUS]     [ENG]

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ՀԱՐՑԵՐ ԷԻՆ

Շրջվարչակազմի ղեկավարին կից շրջանի խորհրդի նիստում

 Քննարկմանն էին ներկայացվել ՙՍոցիալական ծառայության տարածքային (ՍԾՏ) գործակալության պետի հաշվետվությունը 2017թ. աշխատանքների մասին՚ , ՙՄարտունու ՙՇրջագրոսպասարկում՚ ՓԲԸ տնօրենի հաշվետվությունը 2017թ.  կատարած աշխատանքների մասին՚ , ՙՃարտար, Սոս, Մաճկալաշեն համայնքների ղեկավարների և ավագանիների սեփական և պետության պատվիրակած լիազորությունների իրականացման ուղղությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքների մասին՚ հարցերը։

Առաջին հարցի շուրջ հաշվետվությամբ հանդես եկավ շրջվարչակազմի աշխատակազմի ՍԾՏ գործակալության պետ Ն. Գասպարյանը։ Նշվեց, որ հաշվետու ժամանակաշրջանում գործակալությունն իրականացրել է պետական աջակցության 14 ծրագիր։ Հաշվետու ժամանակաշրջանում շրջանի տարբեր սոցիալական  խմբերի երեխաների համար նշանակվել են ամենամսյա պետական, ծննդյան կապակցությամբ` երեխայի  ծննդյան միանվագ,  նորաստեղծ ընտանիքների պետական աջակցության ծրագրի շրջանակներում շրջանի ամուսնացող անձանց` ամուսնության միանվագ նպաստներ, ծնելիության և բազմազավակության խթանման, բազմազավակ ընտանիքների բարեկեցության բարձրացման նպատակով ընտանիքում ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի անվամբ բացվել են ժամկետային նպատակային ավանդային հաշիվներ։ 6 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող 4 ընտանիքների համար ԱՀ աշխատանքի,  սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարություն են ներկայացվել համապատասխան հայտեր`  բնակելի տան  կառուցման  (կամ  գնման) համար։ Ներկա դրությամբ  7 բազմազավակ ընտանիքների համար կառուցվող բնակելի տները ընթացքի մեջ են։ Հանրապետության կառավարության   պետական   աջակցության ծրագրերում  առանձնահատուկ ուշադրության են արժանանում   Արցախյան պատերազմում   զոհված   ազատամարտիկների ընտանիքները և հաշմանդամները, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք, այդ պատերազմի հաշմանդամները և զոհվածների այրիները։  2010թ.-ից Արցախյան պատերազմում երկու և ավելի զոհ ունեցող 18 ընտանիքների տրամադրվում է ամենամսյա դրամական օժանդակություն, ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հաշմանդամության կարգավիճակ ստացած  6 զինծառայողի    տրամադրվել  է  ապահովագրական գումար։ Ն. Գասպարյանը մանրամասն ներկայացրեց այս և պետական այլ ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքները, տարբեր սոցիալական խմբերի ցուցաբերված աջակցությունները։

Երկրորդ հարցի շուրջ հաշվետվությամբ հանդես եկավ Մարտունու ՙՇրջագրոսպասարկում՚ ՓԲ ընկերության տնօրեն Ա. Զարգարյանը։ Նշվեց, որ 2017թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը ընկերության ընդհանուր իրացումը, ներառյալ ԱԱՀ-ն, կազմում է 3231,3հազ. դրամ։ Ընդհանուր ծախսերը կազմում են 2637,5հազ. դրամ, վճարվող հարկերը` 878,2հազ. դրամ, սպասվող շահույթը` 169հազ. դրամ։ Ընթացիկ տարում ընկերության հաշվեկշռից օտարվել են մեկ ԳԱԶ-53Բ, մեկ ԳԱԶ-53ԱՑ ավտոմեքենա, Մարտունու շրջվարչակազմին տրամադրվել է գույքի պահպանման համար մեկ պահեստ, մեկ պահեստ` ցինկի ֆոսֆիդ պահելու համար։   

Երրորդ հարցի շուրջ վերլուծություն կատարեց շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Կ. Դոլուխանյանը։ Նշվեց, որ վարչական հսկողություն իրականացնելու 2017թ. աշխատանքային ծրագրին համապատասխան` ս.թ նոյեմբերի 20-30-ը Մարտունու շրջանի Ճարտար, Սոս, Մաճկալաշեն համայնքների ղեկավարների աշխատակազմերում իրականացվել են համայնքի ղեկավարի սեփական և պետության պատվիրակած ու համայնքի ավագանու լիազորությունների նկատմամբ իրավական հսկողություն և պետական վերահսկողություն: Վարչական հսկողությունն ընդգրկել է 2016թ. նոյեմբերից մինչև 2017թ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածը։ Կատարվեց վարչական հսկողություն համայնքի ղեկավարի և ավագանու իրականացրած լիազորությունների նկատմամբ, ներկայացվեցին ֆինանսների, պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության, հողօգտագործման, գործավարության և այլ բնագավառներում ստուգման արդյունքները։  Նշված համայնքների ղեկավարներին և ավագանիներին  տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

Օրակարգային հարցերի քննարկումից հետո նիստը վարող շրջվարչակազմի ղեկավար Կարեն Թովմասյանը հանդես եկավ հայտարարություններով։                                                                       

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ

ք. Մարտունի