[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ` ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Փրկարար ծառայության աշխատակիցները մշտապես պետք է պատրաստ լինեն արտակարգ իրավիճակներում հավուր պատշաճի ծառայելու ժողովրդին: Ուստի անհրաժեշտություն է, որ փրկարարը լինի մարտական վիճակում, ցուցաբերի արհեստավարժություն։ Այս առումով անհրաժեշտ է հաճախակի մասնագիտական վարժանքներ իրականացնել։ 

 Դեկտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) Քաշաթաղի շրջանային բաժնի աշխատակիցներն իրականացրին հատուկ մարտավարական ուսումնավարժություն, որի թեման էր փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքները բարձրահարկ շենքում։ Հրշեջները, հետախուզելով ՙվառվող՚ շենքի տարածքը, պարզեցին, որ մարդ է մնացել այնտեղ, նրան պետք է օգնություն ցուցաբերել։ Ընթացքում երկու հրշեջ մեքենայով սկսվեցին հրդեհի մարման աշխատանքները, իսկ մեկ հաշվարկ աստիճաններով բարձրացավ շենքի կտուր՝ օգնելու արդեն ՙուշաթափվող՚ քաղաքացուն։ Տուժողին վառվող շենքի կտուրից ցած բերելու միակ հնարավորությունը պարանով իջեցնելն էր։ Եվ հրշեջները հաջողությամբ իրականացրին այս վարժանքը։ Այնուհետև տուժողին ցուցաբերեցին առաջին օգնություն և փրկարար ծառայության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց։ 

Մոտ կես ժամ տևեց հրդեհի մարման աշխատանքը, որի ընթացքում հրշեջ-փրկարարները ցուցաբերեցին իրենց հմտությունը, արեստավարժությունը։ Կրակը մարելուց հետո փրկարարները տեղում իրականացրին անհրաժեշտ մի շարք վարժանքներ ևս։ Հատուկ տակտիկական ուսումնավարժանքն ավարտվեց: Հրշեջ-փրկարարները շարվեցին իրենց մեքենաների մոտ։ ԱՀ ԱԻՊԾ Քաշաթաղի արտակարգ իրավիճակների շրջանային բաժնի պետ, փոխգնդապետ Քերոբ Մովսեսյանը շնորհակալություն հայտնեց փրկարարներին արեստավարժություն ցուցաբերելու համար, մաղթեց հետագա անփորձանք ծառայություն։ Այնուհետև անդրադարձավ նաև թերություններին, բացթողումներին, արեց դիտողություններ։ 

Հետագա մեր զրույցի ընթացքում նա տեղեկացրեց, որ բաժիններ են գործում Կովսական քաղաքում և Տիգրանավան գյուղում։ Այս բնակավայրերում նույնպես ուսումնավարժանք է անցկացվել։ Բաժնի պետը նաև նշեց, որ նախօրեին երրորդ պահակախումբը` կապիտան Գևորգ Իսրայելյանի ղեկավարությամբ, Ստեփանակերտում մասնակցել է շարային վարժանքի և ճանաչվել լավագույնը։ Գ. Իսրայելյանը վերջերս մասնակցել է ուսումնական դասընթացների, ՙԿարմիր խաչ՚-ի կողմից ստացել հրահանգչի և առաջին բուժօգնողի կարգ։ 

Ավարտելով ուսումնավարժանքը՝ փրկարարները վերադարձան հենակետ՝ պատրաստ ահազանգի դեպքում հասնելու օգնության։ 

 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

ք. Բերձոր