ՏԱՐԵՄՈՒՏՅԱՆ ԱՅՑ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԶՈՐԱՄԱՍ
Վերջին այցը՝ արդեն հեռացող տարում։ Այն միշտ է հետաքրքիր լինում, թեև...մեղք է այդպիսին չորակել մեր՝ ՙՍատարում հարազատ բանակին՚ նախաձեռնող խմբի այցը Պաշտպանության բանակի ցանկացած զորամաս...
Եվ այսպես` դեկտեմբերի 14-ին մեր նախաձեռնող խումբը ԱՀ պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհրդի սոցիալական խմբի հետ եղավ ՊԲ 3-րդ պաշտպանական շրջանում։
Մեր խմբի մշտական անդամներ Արմեն Հովսեփյանից եւ Արթուր Գրիգորյանից բացի, համահավաք խումբը ներկայացնում էին Զոհված ազատամարտիկների հարազատների միության վարչության անդամ Լաուրա Նասիբյանը, ես՝ որպես եւ ՙՍատարում՚-ի նախաձեռնող խմբի ղեկավար եւ միաժամանակ ԱԿԱՀՄ նախագահ, ՙԱֆղանական պատերազմի վետերաններ՚ հ/կ-ի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը, ՊԲ ռազմահայրենասիրական բաժնի սպա, կապիտան Նունե Աբաղյանը, գեներալ Իվանյանի անվան ռազմամարզական ուսումնարանի սան Էդվարդ Գեւորգյանը, Ստեփանակերտի մշակույթի տան երգիչ-մենակատար Մավրիկ Ավանեսյանը, ՊԲ ՙԳոյամարտ՚ հեռուստածրագրի օպերատոր Դավիթ Քեշիշյանը։
Քանի որ այցը տեղի էր ունենում Ամանորի եւ Սուրբ Ծննդյան նախատոնական օրերին, զորամաս ներկայացանք առատ նվերներով` առաջին անհրաժեշտության եւ անձնական հիգիենայի պարագաներով, ինչպես նաեւ քաղցրավենիքով ու ոչ ալկոհոլային խմիչքներով (24 արկղ, որից 10-ը, զորամասի հրամանատարության հետ համաձայնեցված, ուղարկեցինք այդ օրը մարտական հերթապահությունում գտնվող դիրքապահներին, իսկ 15-ը հատկացրինք գնդի ստորաբաժանումներին)։
Զորամասի մուտքի մոտ մեզ դիմավորեց ստորաբաժանման հրամանատարությունը։ Նրան նախապես ծանոթացրինք այցի նպատակին, շրջեցինք զորամասում, ծանոթացանք զինվորների կենցաղային պայմաններին, հետաքրքրվեցինք սննդի որակով ու կալորիականությամբ, եղանք բուժկետում, զրուցեցինք բժիշկների եւ ստացիոնար բուժման մեջ գտնվող հիվանդների հետ, նրանց եւս բաժին հանեցինք տարած նվերներից...
Այնուհետեւ մեր ուժերով տեղի ունեցավ համերգ, որին, ինչպես միշտ, նախորդեցին ՙօրվա հյուրերի՚ հայրենասիրական ելույթներն ու ծնողական խորհուրդ-պատվիրանները։ Արտահայտվեցին գրեթե բոլորը, այդ թվում ՝ զորամասի ավագ սպաները։
Համերգն (երգ, պար, ասմունք) ու հանդիպումը ոգևորեցին զինվորականներին։ Եվ դա շեշտվեց շատերի խոսքի մեջ: Նկատեցինք նաեւ, թե տղաներն ինչպիսի ուշադրությամբ էին լսում զորամասի սարկավագ Արտակ Ղեւոնդյանին։ Խելացի հոգեւորականի, ասել է թե՝ Աստծո սպասավորի խոսքն, ինչ խոսք, հոգեւոր սնունդ է ունկնդրի համար...Մեզ էլ գոհացրեց զորամասի բարեկարգված ու տեսքի բերված տարածքը. ամենուր աչք էին շոյում մաքրությունն ու խնամքը։
Անզեն աչքով էլ տեսանելի է, որ ներկայում բանակում մեծ բարեփոխումների գործընթաց է գնում, յուրացվում են զենքի ու տեխնիկայի նոր եւ նորագույն տեսակներ, եւ սպաներն ու զինվորները դրանց տիրապետելու հրամայականն ունեն։ Նրանք ջանք ու եռանդ չեն խնայում՝ դրան հասնելու համար։ Մեր դիմաց նենգ թշնամին է՝ իր չար նկրտումներով, ու բոլորս պարտավոր ենք պատրաստ լինել դրանց ըստ արժանվույն դիմակայելուն։ Եվ` ոչ միայն...
Մեր կազմակերպության անունից հրամկազմից հինգ սպայի պարգեւատրեցի պատվոգրով, ծառայությունում աչքի ընկած, ինչու չէ՝ նաեւ մշակութային միջոցառումներին ակտիվ մասնակցող 15 զինվորի էլ ՝ շնորհակալագրով։ Հինգ զինվոր էլ պատվոգրի արժանացան Զոհված ազատամարտիկների հարազատների միության կողմից։
Ի դեպ, նվերների հայթայթման գործում մեզ աջակցողներն էին ԱՀ հարկային պետական ծառայությունը, Աֆղանական պատերազմի վետերանների միությունը, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը, ՙՀաղթանակ՚ ՍՊԸ-ն, եւ Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունը...
ՙՍատարում հարազատ բանակին՚ նախաձեռնող խումբը կատարել է 2017թ. բանակի զորամասեր այցելելու իր առջև դրված խնդիրը։ Ավելի կոնկրետ՝ նախորդ տարվա համեմատ, 11 այցով ավել... Այդ թվում եւ Հայաստանի Հանրապետության Մեղրիից մինչեւ Արարատ տեղակայված զորամասեր:
Սուրբ Ծնունդն ու Ամանորը մենք` նախաձեռնող խմբի անդամներս, կդիմավորենք գոհության մեծ զգացումով։ Անշուշտ, մեր ողջ ժողովրդի ու նրա փառապանծ բանակի հետ մեկտեղ...
Խաղա՛ղ ու բարի՛ տարեմուտ բոլորիս՝ Արցախում, Հայաստանում եւ... աշխարհի չորս ծագերում։
Վերա ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՀ ԱԿԱՀՄ նախագահ,
ՙՍատարում հարազատ բանակին՚ Նախաձեռնող խմբի ղեկավար