[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՄԱՆՈՐԸ ԴԻՄԱՎՈՐԵԼՈՒ ԵՄ ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ՚

ՙԱԱ՚-ի հարցազրույցը Ն զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ  մայոր Արտակ ՎԱՆՅԱՆԻ հետ

 -Փորձենք միասին ի մի բերել տարվա ձեռքբերումները։ 

-Զորամասում փոխհրամանատար նշանակվել եմ տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում։ Շատ շուտ  հարմարվել եմ նոր կոլեկտիվին և փորձել բոլոր պլանավորված միջոցառումներն անցկացնել ըստ  ժամանակացույցի։ Հասցրել ենք կազմակերպել հինգ հուշ-ցերեկույթ`  նվիրված Արցախյան գոյապայքարում զոհված ազատամարտիկներին։ Մեկ հուշ-ցերեկույթ անց ենք կացրել Տավուշի մարզում` նվիրված մեր նախկին զինծառայողի հիշատակին, ով խոցվել է հակառակորդի դիպուկահարի կրակոցից։ Դիրքերում Վահե սարկավագի հետ միասին կատարել ենք  մոմավառություններ։ Հադրութի շրջանում  այցելել ենք թվով 11 դպրոց, որոնք գտնվում են մեր ենթաշեֆության տակ։ ՙԱրիության դասեր՚ ենք անցկացրել Հադրութի միջնակարգ դպրոցում, նաև Մոնթե (Ավո) Մելքոնյանի  հիշատակին նվիրված միջոցառում ենք նախաձեռնել։ 

-Իսկ ինչպիսի՞ աշխատանքներ են տարվել առաջնագծում։ 

-Ինչ վերաբերում է մարտական պատրաստությանն ու պատաստականությանը՝ անձնակազմն ամեն օր  կոփվում է, յուրաքանչյուր մարտական հերթափոխի ժամանակ իրազեկում ենք անվտանգության  կանոնները, պարբերաբար պարապմունքներ ենք անցկացնում, անձնակազմին ծանոթացնում նոր զինատեսակների  հետ։ Հաճախակի մեկնում ենք առաջնագիծ` անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու միտումով, նրանց հուզող յուրաքանչյուր հարց ներկայացնում ենք վերադասին, խնդիրները հիմնականում լուծում են ստանում։ Առաջնագծում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը կայուն է։ 

-Իսկ ինչպե՞ս կբնութագրեք հակառակորդի պահվածքը։

-Ինչպես միշտ, նա ագրեսիվ դրսևորումներ ունի։ Մեր տղաները ստիպում են նրանց  լինել զուսպ, հասկացնում, որ անհեռանկարային է ավելորդ արկածախնդրության գնալը։ 

-Յուրաքանչյուր  ԱՀՏԱ գծով տեղակալ  զորքի հետ աշխատելու  իր հիմնական շեշտադրումն ունի, Ձերը ո՞րն է։ 

-Ինձ համար, թերևս, առաջնահերթություն է  հայրենասիրական  դաստիարակությունը։ Ունենք խնդիրներ ունեցող զինծառայողներ։ Ժամանակավոր հիվանդ, մեկուսացված կամ այլ խնդիրներ ունեցող զինվորների  շրջանում անհատական աշխատանք ենք տանում, ինչը դրական  արդյունք է տալիս։ Տարբեր ընտանիքներում դաստիարակություն ստացած, ամենատարբեր նախասիրությունների տեր, ջահել, եռանդով լեցուն տղաներ են, նրանց միավորել է պետք։ Յուրաքանչյուր ժամանակահատված  իր մարտահրավերներն ունի, մեր ժամանակաշրջանն էլ  բացառություն չէ։ Պիտի ընտանիք-դպրոց-բանակ կապով օր օրի ամրապնդենք ունեցածը: Զինվորների հետ կապված առանցքային խնդիրներ չունենք, նրանք իրենց պարտականությունները կատարում են պատասխանատվությամբ։ 

-Ամանորյա ի՞նչ ծրագրեր ունեք զինվորների համար։ 

-Միջոցառումներ ունենք Հադրութի և Տողի միջնակարգ դպրոցներում։  Զինվորներն իրենք պատրաստվում ենք մեծ հանդիսավորությամբ նշելու ամանորյա տոները։ Ամանորի գիշերը այցելելու ենք դիրքեր, շնորհավորելու դիրքապահներին։ Փակագծերը չեմ ուզում բացել. ունենք անակնկալ նվերներ։  Անձամբ ես Ամանորը դիմավորելու եմ  դիրքապահների հետ։ Տասնութ տարվա իմ ծառայության ընթացքում միայն մեկ անգամ եմ տանը եղել, այն էլ  հիվանդ էի։ Իսկ մնացած  բոլոր տարիներին եղել  եմ զինվորներիս կողքին։ 

Օգտվելով առիթից, ուզում եմ մեր ժողովրդին հավաստիացնել, որ մեր տղաները պինդ են կանգնած դիրքերում։ Ցանկությունս է, որ յուրաքանչյուր հայի օջախում  լույս ու ջերմություն լինի։ Խաղաղության ու երջանկության տարի  լինի բոլորի համար, իսկ մեր  զինվորների մատը փուշ անգամ չմտնի։ Թող 2018-ը Արցախի ժողովրդի համար երազանքների իրականացման տարի լինի։ 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՙԱԱ՚-ի հարցազրույցը Ն զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ 

մայոր Արտակ ՎԱՆՅԱՆԻ հետ