[ARM]     [RUS]     [ENG]

ՈՐՊԵՍԶԻ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԼԻՆԻ ՕՐՀՆԱԲԵՐ ԵՎ ՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՍՏԾՈ ԱՋՈՎ

Ամանորի նախաշեմին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ ամփոփեց 2017թ. եկեղեցիաշինական ծրագրերը և նախանշեց գալիք տարվա անելիքները։ 

 -Սրբազան Հայր, 2017-ին Արցախի թեմում ի՞նչ աշխատանքներ են իրականացվել և ի՞նչ ծրագրեր են ակնկալվում 2018-ին։

-Նախ պետք է ասեմ, որ 2017-ին մենք առաջխաղացում ենք ունեցել եկեղեցաշինության գործում։ Ավարտին է մոտենում Ստեփանակերտի Մայր տաճարի կառուցումը և մտադիր ենք այն օծել 2018թ. հոկտեմբերի 1-ին։ Անցնող տարում վերանորոգվել են Քարաշեն, Լուսաձոր, Մուշկապատ գյուղերի եկեղեցիները, որոնց օծման արարողությունը կկայանա 2018թ.։ Գալիք տարում կօծվեն նաև Ճանկաթաղի ամբողջովին վերակառուցված Սուրբ Գևորգ և Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանց եկեղեցիները։ Վերանորոգման առանձին աշխատանքների մասով պետք է նշել, որ Ներքին Հոռաթաղի Սուրբ Աստվածածին եկեղեցու տանիքն է նորոգվել ու կառուցվել զանգակատունը։ Եկեղեցու տարածքը ճաղապատվել է, իսկ հարակից երկհարկանի երիցատունը երեսապատվել ու տեղադրվել են պատուհաններ, դռներ և ընթացքի մեջ են ներքին հարդարման աշխատանքները։ Ավարտին է հասցվում նաև Մարտունու Սուրբ Ներսես եկեղեցու դիմաց կառուցվող երկհարկանի շենքը. այն պետք է ծառայի որպես կիրակնօրյա դպրոց և երիցատուն։ Վերանորոգման ընթացքում են Հադրութի շրջանի Ցոր գյուղի եկեղեցին, Շուշիի շրջանի Բերդաձորի համարյա փլատակների մեջ հայտնված Սուրբ Հռիփսիմե վանքը, որոնք հուսով ենք, գալիք տարի ամբողջովին կվերականգնենք։ Այս տարի հաջողվել է վերանորոգման աշխատանքներ կատարել Գանձասարի վանական համալիրում, որտեղ էլ նշվեց կառույցի 777-րդ տարեդարձը։ Բավականին աշխատանքներ են տարվել Դադիվանքի համալիրում` ասֆալտապատվել, լուսավորվել է դեպի վանք տանող ճանապարհի ավելի քան 1 կմ հատվածը, վերականգնվել են հարակից մի շարք շինություններ։ Գրեթե ավարտվել են Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու տարածքի բարեկարգման աշխատանքները, և բերդաքաղաքում տեղակայված Թեմի գրասենյակային համալիրն ամբողջովին վերանորոգվեց պետբյուջեով՝ ստանալով պատշաճ տեսք։ Այս իմաստով բավական աշխատանքներ են տարվել բուն եկեղեցաշինության, այսինքն` խոնարհված եկեղեցիների վերականգնման, վերանորոգման կամ նոր եկեղեցիների կառուցման գործում։ Իսկ ֆինանսական առումով աջակցում են բարերարները։ Դրան զուգահեռ, պետբյուջեի ծախսերով պատրաստվում են հին վանական համալիրների, եկեղեցիների վերանորոգման նախագծերը։ 

-Արցախում կան բազմաթիվ խոնարհված եկեղեցիներ, վանքեր ու մատուռներ, և այդ առումով անելիքներն ահռելի են, բացի դրանից, հոգևորականների թիվն էլ խիստ քիչ է։

-Բնականաբար, բարերարների աջակցությամբ տարեցտարի փորձում ենք աստիճանաբար վերականգնել հոգևոր պատմամշակութային նշանակության մեր կառույցները, և 2018-ին էլ դրանք կշարունակենք։ Գալիք տարի նախատեսում ենք Տող գյուղի երեք եկեղեցիների վերանորոգման ծրագրերը։ Աշխատանքներ են սպասվում Եղիշե Առաքյալի, Երից մանկանց, Հոռեկա վանքի, Ուլուբաբի վանական համալիրներում։ Դեռևս անավարտ են Հաթերք, Շեխեր և Ծաղկաշեն գյուղերի 3 նորակառույց եկեղեցիները։ Ամբողջովին վերանորոգված չեն Ամարաս, Գտչավանք, Դադիվանք և զանազան այլ եկեղեցական համալիրները, որոնք սփռված են ողջ Արցախով։ Իսկ այս աշխատանքների իրագործումը պահանջում է ֆինանսական ներդրում, ժամանակ, քրտնաջան և նուրբ աշխատանք։ Հուսանք, որ աստիճանաբար դրանք էլ կվերանորոգենք և այդ հոգևոր ժառանգությունն էլ կվերադարձնենք մեր ժողովրդին։ Իսկ հոգևոր ոլորտի սպասավորների առումով, այո, խիստ կարիք ունենք։ Այսօրվա դրությամբ մենք ունենք վերանորոգված ու կառուցված 81 եկեղեցի, վանք ու մատուռ, բայց ընդամենը 12 հոգևորական։ 2017թ. մեր հոգևորականների շարքը համալրեց ծննդով արցախցի Հրայր սարկավագ Հակոբյանը, ով ավարտել է հոգևոր ճեմարան, ծառայել ԱՀ ՊԲ-ում, և պիտի դառնա Արցախի թեմի լուսարարապետը (եկեղեցիների բոլոր արարողակարգերի և ծիսակատարությունների պատասխանատու)։ Հույս ունենք, որ շուտով 3 արցախցի նորավարտ ճեմարանականներ ևս կսպասավորեն Արցախի թեմում՝ համալրելով մեր քահանաների շարքը։ Համաձայն եկեղեցական կարգի, մինչ հոգևոր ծառայության անցնելը, նրանք բավականին երկար ճանապարհ են անցնում. պետք է ճեմարանն ավարտեն, բանակում ծառայեն, ամուսնանան, զավակ ունենան, որից հետո քահանա ձեռնադրվեն, և դրա համար պահանջվում է նվազագույնը 9-10 տարի։ Մեր ժողովուրդն այսօր հոգևորականների կարիք շատ ունի, սակայն պետք է համբերատար սպասենք։ 

-Հոգևոր դաստիարակության և անվտանգության առումով ի՞նչ  աշխատանքներ են տարվում։

-2017թ. Մայր Աթոռ Ս. Էջմիածնից հրավիրված մասնագետների հետ համատեղ կազմակերպվեց 8-օրյա դասընթաց՝ ԱՀ հանրակրթական դպրոցներում հայ եկեղեցու պատմություն դասավանդող ուսուցիչների համար։ Ծրագիրը կձգտենք իրականացնել ամեն տարի, որպեսզի առարկայի ուսուցման որակը բարձրանա։ Թեմում գործում է քարոզչական դաստիարակչական կենտրոն՝ Արթուր սարկավագ Խունոյանի ղեկավարությամբ։ 2018-ին մտադիր ենք բացել Արցախի թեմի կայքէջը և աշխուժացնել մեր լրատվական կենտրոնը, որի պատասխանատուն Ներսես քահանա Ասրյանն է։ Կփորձենք մեր սակավ հնարավորություններով անել առավելագույնը հոգևոր դաստիարակության գործում։ 2017թ. որոշակի ներդրումներից հետո մեզ հաջողվեց Երևանի ՙՎեմ՚ FM ռադիոկայանի հոգևոր հաղորդումները 24- ժամյա ուղիղ եթերով հեռարձակել ողջ Արցախի տարածքում։ Քարոզչական աշխատանքներ շարունակելու ենք իրականացնել թերթերի, ռադիոյի և հեռուստատեսության, մասնավորապես, Հ2 ՙՀոգևոր անվտանգություն՚ և ԱՀՀ ՙՀոգևոր զրույց՚ հաղորդաշարերի միջոցով։ 2017-ին թեմը մասնակցել է բազմաթիվ պետական, եկեղեցական, ազգային արարողությունների։ Բացի դրանից, ԱՀ ՊԲ¬ում ծառայում են Մայր Աթոռից նշանակված հոգևոր սպասավորները։ 2017թ. ՙՀավատք-բանակ-հզոր հայրենիք՚ ծրագրի շրջանակներում մեր հանրապետության 5 շրջկենտրոններում ՊԲ¬ի հետ կազմակերպեցինք գիտաժողովներ։ Դրանք ուղղորդվում էին ելույթներով, տեսաֆիլմերով և համերգային մասով։ Թեմի հոգևորականներն իրենց հերթին այցելում են զորամասեր և օգնում բանակում ծառայող սարկավագ հայրերին։ Ընդհանուր առմամբ՝ մեր զորամասերում ծառայում է 10 սարկավագ։ Արցախի թեմը միշտ պատրաստ է աջակցել ՊԲ¬ին։

-Ամանորյա Ձեր մաղթանքները։

-Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորում են մեր բոլոր արցախցիներին։ Թող 2018-ը լինի նախևառաջ խաղաղության ու նորանոր հաջողությունների տարի, որպեսզի էլ ավելի շենացնենք մեր  հայրենիքը։ Թող մեր ժողովուրդը միշտ ուրախ և առողջ լինի։ Կանխավ շնորհավորում և մեծագույն ավետիսն եմ հղում Սուրբ Ծննդյան տոների առթիվ և թող մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի օրհնությունը միշտ լինի մեր մանուկների, մեր բանակի և մեր ամբողջ ժողովրդի հետ, որպեսզի մեր երկիրը լինի օրհնաբեր և պահպանված Աստծո աջով։

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ