[ARM]     [RUS]     [ENG]

ԵԿՄ-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՍԿԵՐԱՆ

Հունվարի 11-ին տեղի ունեցավ Երկրապահ կամավորական միության ներկայացուցիչների այցելությունն Ասկերան։ Այցը նվիրված էր ՀՀ ՊՆ լեգենդար 5-րդ կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակին։ 

 ԵԿՄ վարչության փոխնախագահներ Համլետ Հայրապետյանն ու Օհան Գևորգյանը, Միության մարզային կառույցների ղեկավարները և երիտասարդական թևի ներկայացուցիչները՝ վարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանի, աշխատակազմի ղեկավար Արթուր Մելքումյանի, Ասկերանի քաղաքապետ, ԱԱՄ Ասկերանի տարածքային վարչության նախագահ Սամվել Աղաջանյանի և ազատամարտի վետերանների ուղեկցությամբ ծաղիկներ խոնարհեցին Ասկերանի շրջանի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին, մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտական ընկերների հիշատակը։

Ողջունելով ներկաներին` Համլետ Հայրապետյանն անդրադարձավ 5-րդ բրիգադի անցած փառավոր  ուղուն, ԵԿՄ ամենամյա ուխտագնացությունների շրջանակներում Արցախում և Հայաստանում իրականացված ծրագրերին և շրջագայություններին, հավելելով, որ դրանք շարունակական են լինելու, և ԵԿՄ-ն մշտապես լինելու է իր մարտական ընկերների, հայկական երկու հանրապետությունների յուրաքանչյուր քաղաքացու կողքին։

Հ. Հայրապետյանը ներկայացրեց ԵԿՄ վարչության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի ուղերձը՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։

-Թող Արցախում այլևս պատերազմ չլինի, այստեղ հարատևի խաղաղությունը։ Իսկ մենք մշտապես գտնվելու ենք ձեր կողքին, և սերնդեսերունդ արժևորելու, կարևորելու ենք ձեր նվիրվածությունն ու այն ամենը, ինչ արել եք հանուն մեր մեծ նպատակի, հանուն ազգի ու Հայրենիքի բարօրության,- ասել է Հ. Հայրապետյանը։

Ամեն ուսումնական տարում ՀՀ և ԼՂՀ առաջին դասարան հաճախող աշակերտներին Միությունը դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ է նվիրում։ Ամենամյա ուխտագնացությունների շրջանակներում Արցախի և Հայաստանի Հանրապետության տարբեր շրջաններում և մարզերում կազմակերպվում են համերգներ, կատարվում բարեգործական աշխատանքներ։

Այս օրերին Արցախի տարբեր շրջաններում հանդիպումներ են ընթանում, և լեգենդար 5-րդ կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակին նվիրված մեդալներ, հուշամեդալներ, պատվոգրեր են հանձնվում Հայրենիքի նվիրյալներին։

Ասկերանում ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանն ու Օհան Գևորգյանը ՀՀ ՊՆ 5-րդ բրիգադի կազմավորման 25-ամյակի մեդալով, հուշամեդալով և պատվոգրով պարգևատրեցին Արցախյան ազատամարտի մի խումբ վետերանների։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ք. Ասկերան