Logo
Print this page

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Հունվարի 24-ին տեղի ունեցավ Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված պետական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Արցախի Հանրապետության խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը։

Նրա տեղեկացմամբ՝ հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մեծ մասն արդեն արված է, մի մասն էլ ընթացքի մեջ է։ Անհրաժեշտություն կա դրանք համակարգելու՝ հաշվի առնելով, որ այդ աշխատանքներում ընդգրկված են տարբեր ոլորտներ և պատասխանատուներ։ ՙԻնչպես Շարժումն է եղել համաժողովրդական բնույթի, այնպես էլ հոբելյանական բոլոր տեսակի միջոցառումները պետք է ընդգրկեն Արցախի ամբողջ տարածքը՚,- իր խոսքում հատկանշեց Ա. Ղուլյանը։

Հոբելյանական միջոցառումները միայն փետրվար ամսով չեն սահմանափակվելու. 2018-ին նման միջոցառումներ են անցկացվելու տարվա բոլոր ամիսներին։ Բայց, բնականաբար, փետրվարի 10-20-ը լինելու է տոնակատարությունների հագեցած շրջան։ 

Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումների անցկացումն իր նպատակներն ու խնդիրներն ունի.  ևս մեկ անգամ արժևորել Շարժման համաժողովրդական բնույթն ու նրա առաջամարտիկների ավանդը, սերունդներին հաղորդակից դարձնել ազգային-ազատագրական գաղափարախոսությանը, ի մի բերել անցած 30 տարիներին պետական շինարարության ուղղությամբ կատարված աշխատանքները և մատնանշել հետագա անելիքները։ Կարևոր խնդիրներից են արտասահմանյան գործընկերների միջոցով միջազգային հանրությանը Ղարաբաղյան շարժման պատմական մանրամասներին և Արցախում առկա իրողություններին ծանոթացնելը, հետագա համագործակցության համար ճանապարհ բացելը, մայր Հայրենիքի և Սփյուռքի մասնակցությունը 30-ամյակի միջոցառումներին ապահովելը, Շարժման ընթացքում արցախահայության ինքնակազմակերպման առանձնահատկությունները գիտական մակարդակով ուսումնասիրելը, արտաքին աշխարհի հետ հարաբերվելու մեխանիզմների կատարելագործումը, ինչպես նաև՝ համաշխարհային գիտական հանրույթի ուշադրությունը Ղարաբաղյան շարժման և, առհասարակ, Արցախին վերաբերող ուսումնասիրությունների վրա  սևեռելը՝ դրանով իսկ հարստացնելով կարևոր պատմական իրադարձության վերաբերյալ գիտական նյութերի բազան։ 

Նախատեսվող միջոցառումների ելակետը Ղարաբաղյան շարժումը խորհրդանշող լոգոյի ընտրությունն է։ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանն ամփոփեց այդ կապակցությամբ հայտարարված մրցույթի արդյունքները։ 26 տարբեր անձեր՝ Արցախից, Հայաստանից և Սփյուռքից, լոգոյի համար 77 տարբերակ են ներկայացրել։ Ընտրությունը բարդ էր, այնուամենայնիվ, ընտրվել է Շարժմանն առավել համապատասխանողը։ 

Անդրադառնալով հոբելյանական միջոցառումների ծրագրի կետերին՝ Ա. Ղուլյանն իրազեկեց, որ շրջվարչակազմերի ղեկավարներն ու Ստեփանակերտի քաղաքապետն արդեն ներկայացրել են իրենց վերաբերող նյութերն ու միջոցառումների անցկացման ծախսերի հայտերը։ Կենտրոնացված քարոզչանյութեր են լինելու, ընդ որում, հանրապետության ամբողջ տարածքի համար՝ նույն ոճով։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Շարժման 30-ամյակի հուշամեդալի պատվիրման և պաստառների տպագրման մասով, թարմացվել է կարգախոսների ցանկը։ Շարժման 30-ամյակի կապակցությամբ տեղադրվելիք հուշարձանի հարցը դեռևս քննարկման փուլում է։ 

Գերատեսչությունների կողմից արդեն իսկ կատարված աշխատանքները ներկայացրեցին ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը։    

Քանի որ մինչև փետրվար հաշված օրեր են մնացել, ուստի,  Ա. Ղուլյանի խոսքով՝ հանձնաժողովականների այս ձևաչափով հանդիպումները կլինեն հաճախակի։ 

 

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.