[ARM]     [RUS]     [ENG]

Ադրբեջանը ստիպված գնաց քայլերի, որոնք նախանշված են Վիեննայի պայմանավորվածությամբ․ ԱԳ փոխնախարար

Նորություն չէ, որ հանդիպումներից առաջ, ընթացքում կամ հետո, որպես կանոն, Ադրբեջանը ակտիվացնում է իր գործողությունները: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Այստեղ կարելի է մի ենթադրություն անել, որ վերջին հանդիպումը արտգործնախարարների հետ, որտեղ Ադրբեջանը ստիպված գնաց որոշակի քայլերի` ուղղված Կասպրշկի խմբի ընդլայնմանը, իրեն ձեռնտու չէր և այդպես է արտահայտում իր դժգոհությունը, բայց, մյուս կողմից, պարտադրված գնում է քայլերի, որոնք նախանշված են դեռևս Վիեննայի պայմանավորվածությամբ»,-ասաց ԱԳ փոխնախարարը: Անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարել է, որ Ադրբեջանը որևէ սահմանափակում չունի Ռուսաստանից զենք գնելու հարցում, և որը կլինի հայկական կողմի պատասխանը դրան, Շավարշ Քոչարյանը արձագանքեց․ «Այնքան հայտարարություններ են արվում Ադրբեջանի կողմից: Հայաստանն իր հերթին ամեն ինչ անում է, որպեսզի պահպանի ռազմական բալանսը` ներառյալ նաև օգտվելով մեր դաշնակցային հնարավորություններից: Ընդ որում` շատ ավելի մատչելի գներով ստանում է սպառազինություն: Մենք խնդիր չունենք Ադրբեջանի ամեն ասածին պատասխանելու, մենք խնդիր ունենք պահպանելու ռազմական բալանսը»։ 

News.am