[ARM]     [RUS]     [ENG]

Ադրբեջանը մշտապես տորպեդահարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը. Էդուարդ Շարմազանով

Հայաստանի նախագահը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարը պայքար է հանուն մարդու իրավունքների:

Այս մասին հունվարի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Ըստ որում՝ Սարգսյանն ընդգծել է, որ այս պայքարը չի կարող հաջող ավարտ չունենալ: «Հայկական կողմերը հանդես են գալիս ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին: Ֆրանսիայի նախագահն իր հերթին հստակ նշել է, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես քաղաքական մեթոդներով, փոխզիջումների ճանապարհով, ինչի համար պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկվեն»,- հավելեց Շարմազանովը: ԱԺ փոխխոսնակը պարզաբանեց, որ խոսքը, մասնավորապես, այն պայմանավորվածություններին է վերաբերում, որոնք ձեռք են բերվել Ժնեւի, Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի բանակցությունների ընթացքում: Սակայն այս համաձայնությունները ամեն անգամ Ադրբեջանի կողմից տորպեդահարվում են: