[ARM]     [RUS]     [ENG]

ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարին կից խորհրդի նիստին, որը վարում էր շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, ներկա էին շրջվարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, ուժային կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների և համայնքների ղեկավարներ։ 

 Օրակարգի հարցերից մեկը   շրջանի 2017 թվականի համայնքային բյուջեի տարեկան արդյունքների ամփոփման և 2018 թվականի բյուջեի հաստատման մասին էր։ 

2017թ. համայնքային բյուջեն կատարվել է 100,3 տոկոսով:  

ԼՂՀ կառավարության որոշման համաձայն հաստատվել է շրջանի 2018 թվականի համայնքային բյուջեն. սեփական եկամուտների մասով՝ 142913 հազ. դրամ, ծախսերի մասով՝ 307690,4 հազ. դրամ, դեֆիցիտը հավելուրդով՝ 4097 հազ. դրամ և պակասուրդով՝ 168874,4 հազ. դրամ։

Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր  շրջվարչակազմի աշխատակազմ հղած քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու բողոքների ընթացքավորման դրվածքին ու հետագա անելիքներին: 2017թ. ընթացքում շրջվարչակազմում ստացված քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները վկայում են, որ առկա պրոբլեմների ու խնդիրների լուծման, արժանահավատ տեղեկատվություն ստանալու համար իրենց հուզող հարցերի ճշգրիտ և սպառիչ պատասխաններ քաղաքացիներն ամենից առաջ ակնկալում են շրջվարչակազմից, նրա բաժիններից և ստորաբաժանումներից։

ՙԱնչափ կարևոր եմ համարում, որ շրջվարչակազմի աշխատակազմի ամեն մի աշխատող բարձրացնի անձնական պատասխանատվությունն իր պաշտոնական պարտականություններն ու տրված հանձնարարությունները կատարելու գործում։ Անհրաժեշտ է քաղաքացիների բողոք-դիմումների նկատմամբ ցուցաբերել առավել սկզբունքային և ակտիվ վերաբերմունք, բացառել խախտման, թերությունների ու բացթողումների դրսևորումները, պահպանել գործող օրենքի և նորմատիվային այլ ակտերի պահանջները՚,- շեշտել է շրջվարչակազմի ղեկավար Ս. Գրիգորյանը: 

ՔԿԱԳ Ասկերանի տարածքային բաժնի պետի տեղեկատվությամբ` բաժնի կողմից 2017 թվականին որոշակի աշխատանքներ են տարվել ՔԿԱԳ գործի բարելավման, դրանում օրինականության պահպանման ուղղությամբ։ Գրանցվել են 252 ծնունդ և 146 մահ: Ծնունդները նախորդ տարվա համեմատ նվազել են 18-ով, իսկ մահացության դեպքերը` 26-ով: Գրանցվել են 96 ամուսնություն և 19 ամուսնալուծություն։ Ըստ բաժնում կատարված գրանցումների` 2017 թվականին Ասկերանի շրջանում բնական աճը կազմել է 106 մարդ:

Ներկա դրությամբ համայնքներում իրականացվում է սերտ փոխհամագործակցություն համայնքային ենթակայության և համայնքի տարածքում առկա հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարների հետ:  Քաղաքացիների առաջարկությունների, դիմումների, բողոքների հարցերը գտնվում են համայնքների ղեկավարների ուշադրության կենտրոնում: Ի հայտ  բերված թերություններն ու բացթողումներն անմիջապես ուսումնասիրվել են:Հիմնականում այդ թերությունները թույլ են տրվել օրենքի ու սահմանված կարգի չիմացության, անուշադրության հետևանքով, ինչի համար տրվել են բանավոր դիտողություններ:

Նիստում քննարկվեցին նաև օրակարգային այլ հարցեր, ընդունվեցին համապատասխան որոշումներ։ 

Վերջում շրջվարչակազմի ղեկավարը  հանձնարարական տվեց Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

ք. Ասկերան