Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

88-Ի ՈԳԻՆ ՉԻ ՄԱՐԵԼ

1988-ը հայ ժողովրդի պատմության մեջ մտավ որպես ազգային զարթոնքի տարի։ Նախկին Խորհրդային Միության նույնիսկ ամենախուլ անկյունում և, վերջապես, ամբողջ աշխարհում լսեցին Լեռնային Ղարաբաղի ու նրա բնիկ ժողովրդի պայքարի մասին։

Ամիսներ տևած խաղաղ ցույցերի ու միտինգների ժամանակ ղարաբաղցիները հանդես բերեցին բարձր կարգապահություն։ Տարան ամեն տեսակի ցավ ու վիրավորանք, ՙտարերքն՚ ափերից դուրս չեկավ՝ ի հեճուկս ՙՄիացման՚ հակառակորդների։ Մեր կամքի ու իղձերի գերմարդկային ոգորումները բնութագրվեցին որպես Արցախահայության ազգային-ազատագրական պայքար… 

30 տարվա ճանապարհ է անցել մեր պայքարը: Այդ ճանապարհին հեղված արյունն այսօր էլ մեզ համար պետք է դառնա պատգամ և հիշեցում բոլոր նրանց համար, ովքեր դեռևս վարանում են մեր նպատակների, մեր իղձերի կատարման հնարավորության մասին: 

Փետրվարի 13-ին Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված համաարցախյան հանրահավաքը Ստեփանակերտում մեկնարկեց Արցախի մայր բուհից։ Եվ դա` ոչ պատահականորեն. ուղիղ 30 տարի առաջ այդ օրը՝ փետրվարի 13-ին, Ստեփանակերտի նախկին մանկավարժական ինստիտուտից հարյուրավոր ուսանողներ ու դասախոսներ իր նախադեպը չունեցող կարգախոսներով ուղղություն վերցրին դեպի Լենինի հրապարակ։ Արցախի մայր բուհը դարձավ Շարժման գաղափարաքաղաքական կենտրոն։ Կրթօջախի դասախոսներն ու ուսանողները առաջինն էին, որ դուրս եկան ցույցի, որով էլ Շարժումը դուրս եկավ ընդհատակից։  Ղարաբաղյան շարժման առաջատար ուժը մտավորականությունն էր և երիտասարդությունը։ Հարյուրավոր ըմբոստ ու պատվախնդիր երիտասարդներ՝ ազատ ու արժանապատիվ կյանքով ապրելու գիտակցումով այդտեղից առաջնորդեցին արցախյան առաջին երթը։ Մի քանի րոպեից նրանց միացան գյուղատնտեսական տեխնիկումի ուսանողները։ 

Մայր բուհի ուսանողներից 75-ն Արցախյան պատերազմում իրենց կյանքն են նվիրաբերել Հայրենիքի ազատությանը, իսկ մի մասն էլ այսօր էլ շարունակում է հայրենանվեր գործունեությունը՝ ի շահ երկրի շենացման։ Հանրահավաքի մասնակիցները խնկարկեցին հանուն Հայրենիքի նահատակվածների հիշատակը՝ ծաղիկներ խոնարհելով նրանց հուշակոթողին։

ԱրՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց տեղի ունեցած հանրահավաքին ելույթներով հանդես եկան Շարժման առաջամարտիկ-դասախոսները։ 1988-ի ոգով ամբիոնին մոտեցավ Ղարաբաղյան շարժման առաջամարտիկ Գրիգորի Աֆանասյանը։ Նա, ով առաջինն է ծածանել ազատության դրոշը և բարձրանալով տրիբուն՝ իր անձնական օրինակով ոգեշնչել ժողովրդին։ ՙՄիացում՚. սա էր առաջին բառը, որը, ըստ բանախոսի, նստած էր յուրաքանչյուր հայի հոգում։ ՙՅոթ տասնյակ տարի է պահանջվել, որ մեր ժողովուրդն անցնի այդ անասելի ծանր ուղին՝ հաղթահարելով բոլոր դժվարություններն ու խոչընդոտները, ազատվի ստրուկի կարգավիճակից՚,- ասաց նա։ Ազգերի ինքնորոշման Լենինյան գաղափարներով տոգորված արցախահայությունը դուրս եկավ հրապարակ և իր արդար պահանջը ներկայացրեց աշխարհին։ Գ. Աֆանասյանի կարծիքով՝ հենց այդ գաղափարների շնորհիվ կարողացան խուսափել արյունահեղությունից, ինչն այսօր չենք կարող ասել հարևան երկրներում տեղի ունեցող դեպքերի մասին։ 

Ավագներն իրենց խոսքում ոչ միայն հիշողություններ էին ներկայացնում ազգային-ազատագրական Շարժման օրերից, այլև նոր սերնդին ուղղված պատգամներ հնչեցնում։ ՙԴուք այսօր բավականին հաճելի օրեր եք ապրում այն առումով, որ ձեր առավոտները բացվում են հայերեն, որ ձեր խոսքը հայերեն է, որ եկեղեցիների զանգերը հնչում են հայերեն, որ երկիրն ապրում է հայերեն... Եվ դուք, հավանաբար, չեք կարող զգալ ու պատկերացնել, թե ինչպիսի հոգեվիճակ է ապրել հայը մինչ 1988-ը՚,- դիմելով երիտասարդներին ասաց Շարժման մեկ այլ առաջամարտիկ` ԱԺ պատգամավոր Արզիկ Մխիթարյանը։ Անդրադառնալով ազգային-ազատագրական պայքարի սկզբնակունքներին՝ նա հանգամանալից ներկայացրեց այն ծանր ու դժվարին օրերը, որ հաղթահարեց արցախահայությունը՝ Հայաստանի հետ վերամիավորման պահանջ ներկայացնելով։ Շարժումը` դեռ չսկսված, դեմ առավ քաղաքական փակուղու. մեզ մատուցվեց Սումգայիթ, և մենք ստիպված եղանք զենքի դիմելու` ինչպես պատմության բոլոր հատվածներում, ասաց նա։ Նա միաբանության կոչեց երիտասարդներին՝ ասելով, որ արցախահայության նպատակն է ապրել մայր հայրենիքի՝ Հայաստան աշխարհի հետ։ ՙՄենք պետք է կարողանանք պահպանել Արցախ-Հայաստան միասնությունը՚,- այսպես ավարտեց ելույթը՝ Ա. Մխիթարյանը։ 

Հանրահավաքի մասնակիցները հին ու նոր կարգախոսներով, ցուցապաստառներով՝ Ազատամարտիկների պողոտայով շարժվեցին դեպի Վերածննդի հրապարակ և միացան համապետական երթին։ Քայլերթի ընթացքում ձայնաուժեղացուցիչներից հնչում էին 1988-ի հանրահավաքների կոչերի արխիվային ձայնագրությունները։ 

Նույն պահին Ստ. Շահումյանի անվան օղակաձև պուրակում Ստեփանակերտի քաղաքային մշակույթի տան նվագախումբը համերգային ծրագիր էր ներկայացնում։ 

Վերածննդի հրապարակում կրկին ծովացել էր մարդկային բազմությունը։ Տրիբունայի հանդիպակաց կողմում երիտասարդները՝ մի քանի զինվորների հետ միասին, ծածանում էին Արցախի Հանրապետության 25- մետրանոց դրոշը, որը երթի մասնակիցները բերել էին ԱրՊՀ-ում մեկնարկած միջոցառումից։ Հրապարակում տեղադրված էկրաններին ցուցադրվում էին Շարժման փաստավավերագրական կադրեր։ 

Նախագահական նստավայրից հրապարակի ամբիոնին մոտեցան ԱՀ ղեկավարությունը և Շարժման ակտիվիստները՝ 30-ամյակը խորհրդանշող կրծքանշաններով ու դրոշակներով։ Տրիբունայում էին Նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետական նախարար Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ և Սփյուռքի ներկայացուցիչներ, հյուրեր արտերկրից։  

Հնչեց 88-ի Շարժման կոչնակը, որով և ազդարարվեց հանրահավաքի սկիզբը։ 

Առաջինը ելույթ ունեցավ Արցախյան շարժման նվիրյալներից մեկը՝ Համլետ Գրիգորյանը։ Ազգային գաղափարի ջատագով, որ Արցախյան շարժման բոլոր փուլերում գտնվում էր ՙսև՚ ցուցակում, և երեք անգամ էլ նետվել է բանտ։ Թուրքական բանտն իր ամբողջ սահմռկեցուցիչ մեխանիզմներով,  պատժիչ գործողություններով չկարողացավ կոտրել նրա ոգին։ Նա մեկն էր Շարժման այն առաջամարտիկներից, որին անվերապահորեն հավատում էին՝ լինի հասարակ շինական, թե մտավորական, քանզի նրա խոսքի ու գործի միջև հակասությունը բացառվում էր։ Այսօր էլ էությամբ նա մնացել է նույնը՝ սկզբունքային, հավատարիմ իր դավանած գաղափարներին։ Հ. Գրիգորյանն այսօր հպարտության ու երջանկության զգացումով է հիշում Շարժման սկիզբը, երբ համայն հայությունը միասնական, մեկ ընտանիքի նման էր։ ՙՄենք` Արցախյան ազատամարտի տարեց վկաներս, հպարտանում ենք 80-90-ականների սերնդով և հորդորում ձեզ, սիրելի երիտասարդներ, լինել կրկնապատկողը մեր հաջողությունների, քանզի դուք դեռ ճանապարհ ունեք անցնելու՝ Արցախը մայր Հայաստանին վերամիավորելու սուրբ գործում, իրականացնելու 30 տարի առաջ ժողովրդի սրտից ծնված ՙՄիացում՚, ՙՄեկ ազգ, մեկ հայրենիք ու մեկ պետություն՚ կարգախոսը՚,- այսպիսի կոչով ելույթն ավարտեց նա։ 

Ամբիոնին մոտեցավ Արցախի հերոս Ժաննա Գալստյանը, ում 1988-ին Ժաննա Դ’ Արկ անունն էին տվել՝ իր կրակոտ ելույթների և համարձակության համար։ 88-ի փետրվարյան ձնաբեր և ցրտաշունչ այն օրերին հրապարակը ջերմանում էր նրա խոսքերից, մարդիկ ոգևորվում-հուսավառվում էին։ ՙԹվում էր՝ երեկ էր, երբ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում ՙՄի-ա-ցում՚ էինք վանկարկում՝ մեր հոգու ազգային քաղցը հագեցնելու համար,- ասաց Ժ. Գալստյանը։- Ոտքի ելանք ազգովին՝ ի լուր աշխարհի, ի լուր խորհրդային իշխանության, ի լուր ազերի մեր ընդդիմախոսի։ Մենք հավատում էինք մեր արդարությանը, մենք հավատում էինք աշխարհի արդարությանը, և բռունցքված՝ վեր բարձրացված ձեռքերով գոչում էինք. ՙՏվեք մեզ ազատություն, վերադարձրեք մեզ մեր Մայր Հայաստանին՚։ Ավա՛ղ, մենք միամիտ էինք։ Մեր ընդդիմախոսը դարձավ հակառակորդ, դարձավ թշնամի ու հարվածեց մեզ…՚։ 88-ի դասերից հռետորը հատկանշեց երեքը. ՙՀայ ժողովրդի միասնությունը, հետևողականությունը և ամենակարևորը՝ հույսներս միայն մեզ վրա դնելու գիտակցումը, և հաղթանակներն անխուսափելի կլինեն՚։

88-ի ակտիվիստների հետ տրիբունայում էր ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներից մեկը՝ ՙՄարտական խաչ՚ 1-ին աստիճանի շքանշանակիր Մարատ Պետրոսյանը։ ՙՊատիվ ունեմ ձեր կողքին կանգնելու, պատիվ ունեմ ձեր գործը շարունակելու՚,- այսպես սկսեց իր խոսքը նորօրյա հերոսը։ Ապա իր սերնդակիցների անունից հավաստիացրեց, որ հավատարիմ կմնան 88-ի՝ ավագ սերնդի երդմանը, և կշարունակեն պայքարը՝ հանուն նոր հաղթանակների և հանուն հայրենիքի հետագա հզորացման։

Օրհնանքի և շնորհավորանքի խոսքում Արցախի թեմի առաջնորդը նկատեց. ՙՔրիստոս երբ դարձավ 30 տարեկան՝ մկրտվեց, և այսօր մեր մկրտության օրն է։ Աստծուց` Սուրբ Հոգուց ենք մկրտվում։ Մկրտվում ենք մեկ նպատակով՝ շարունակելու այս ճանապարհը՝ արդար և ազնիվ՚։ 

Շարժման 30-ամյակի առթիվ շնորհավորեց և երեք տասնամյակների ձեռքբերումներն արժևորեց Նախագահ Բակո Սահակյանը։ ՙՀամաժողովրդական այս պոռթկումը մարտահրավեր էր բռնատիրությանը, հալածանքներին, մարդու իրավունքների խախտումներին, բոլոր այն արհավիրքներին, որոնց միջով անցել է մեր ժողովուրդն իր բազմադարյան պատմության ընթացքում: Եվ այս շարժման պսակը դարձավ հայոց անկախ պետականության վերականգնումը: 

Այս գոյապայքարում, դժբախտաբար, մենք ունեցանք նաև անդառնալի կորուստներ: Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքն են նվիրաբերել մեր ժողովրդի լավագույն զավակները: Նրանք զոհ չեն, նրանք մարտիրոսված հերոսներ են, ովքեր անմահացան և շարունակում են իրականացնել հայրենիքի պաշտպանի իրենց սուրբ առաքելությունը` ոգեշնչելով և պարտավորեցնելով անմնացորդ ծառայել հայրենիքին, աշխատել ի փառս նրա զարգացման ու զորացման՚,- ասաց երկրի ղեկավարն ու կարևորեց Մայր Հայաստանի և Սփյուռքի դերն ու նշանակությունը անցած 30 տարիներին։ Նաև հավաստիացրեց, որ մեր ընտրած ուղին անշեղ է։ ՙ1988-ի ոգին ու պատգամը երեսուն տարի անց շարունակում են մեզ համար ուղենիշ հանդիսանալ, և մեր հայացքն ուղղված է միմիայն դեպի ապագան։ Մենք շարունակելու ենք կերտել ու կառուցել անկախ ժողովրդավարական ու սոցիալական երկիր, էլ ավելի ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը։ Այս բոլոր տարիների ընթացքում մենք մշտապես զգացել ենք Մայր Հայաստանի հատուկ հոգատարությունն Արցախի նկատմամբ: Անհնարին է պատկերացնել մեր ձեռքբերումներն ու հաղթանակներն առանց ՀՀ գործուն և անմիջական մասնակցության: Այսօր էլ միասին լուծում ենք մեծ ու պատասխանատու խնդիրներ: Բոլորս հաստատակամ ենք և կանենք հնարավորը, որպեսզի վաղվա օրը լինի հուսալի, մեր հայրենիքը` ավելի հզոր ու բարեկեցիկ: Հակառակորդը միշտ պետք է իմանա, որ մեզ հետ ուժի լեզվով խոսելը դատապարտված է ձախողման: Մեր ժողովուրդը, մեր բանակը և ողջ հայությունը ցանկացած պահի արժանի հակահարված կտան մեր ազատությանն ու անվտանգությանը սպառնացող յուրաքանչյուր ոտնձգության՚,- նշել է Նախագահը:

Էկրաններից տեսաերիզի միջոցով արցախցիներին շնորհավորեցին և բարեմաղթանքներ հղեցին հայ ժողովրդի արտասահմանյան բարեկամներն ու քաղաքական գործիչներ, որոնց թվում էին Քերոլայն Քոքսը, Էլեն Թեոհարուսը, Լյուբով Կազարնովսկայան, Կոնստանտին Զատուլինը, Տիգրան Մանսուրյանը, Վալերի Բուայեն, Ֆրենկ Փալոնը, Շահան Գանտահարյանը, Ջեքի Սփիըրը, Դեյվիդ Վալադաոն, Ֆրանկ Էնգելը և այլք։ Իրենց խոսքում նրանք բարձր գնահատեցին արցախցիների ջանքերը՝ 30 տարիների ընթացքում, ասելով՝ պինդ եղեք, մենք ձեզ հետ ենք։ ՙՄենք սատարում ենք ձեզ և ձեր ինքնորոշման իրավունքը՚,- իր խոսքն այսպես է ավարտել ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։ 

Հանրահավաքն ավարտվեց միասնության շուրջպարով։ Հրապարակը վերածվեց մեծ տոնախմբության, և պարեց Արցախը՝ մեկ անգամ ևս ազդարարելով աշխարհին՝ որ հայի ազատատենչ ոգին անպարտ է, որ մենք ենք այս երկրի տերը, նրա ապագան։

  ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ