[ARM]     [RUS]     [ENG]

ՇՈՒՇԻԻ ՇՐՋԽՈՐՀՐԴՈՒՄ. ԿԱՏԱՐԱԾԻ ԳԻՏԱԿՑՈՒՄՈՎ

Շրջաններում շարունակվում են հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարների հաշվետվությունները 2017 թվականին կատարված աշխատանքների մասին։

Շուշիի շրջվարչակազմի խորհրդի օրերս կայացած նիստին մասնակցում էին շրջվարչակազմի բաժինների վարիչներ, համայնքների և հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, կրթօջախների և մշակույթի օջախների տնօրեններ։ Օրակարգում հրատապ հարցեր էին՝ ՙՇուշիի հիգիենիկ համաճարակաբանության բաժնի 2017 թվականին կատարած  աշխատանքների մասին՚, ՙՇրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի 2017 թվականին կատարած  աշխատանքների մասին՚ և այլն։

Անցյալ տարի իրականացված սանիտարահիգիենիկ և համաճարակաբանական միջոցառումների շնորհիվ հաջողվել է լուծել վարակիչ և մակաբուծական հիվանդությունների կանխարգելման խնդիրները, ինչի արդյունքում  համաճարակաբանական իրավիճակը շրջանում եղել է կայուն։ Բնակչության իմունիզացման շնորհիվ չեն գրանցվել աղիքային սուր վարակների դեպքեր։ Բոլոր ինֆեկցիոն օջախներում կատարվել են  ախտահանման աշխատանքներ։ Շրջայցերի ժամանակ ստուգվել է բնակավայրերի սանիտարահիգիենիկ վիճակը, վերցվել են խմելու ջրի նմուշներ, կատարվել են քիմիական և մանրէաբանական հետազոտություններ։ Ջրի որակի բարելավման նպատակով ՙԲարեկարգում՚ ՓԲԸ-ին ցուցում է տրվել կատարելու մաքրման աշխատանքներ։ Բաժնի կողմից վերահսկվում են նաև շրջանի տարածքում գտնվող առևտրի կետերն ու հանրային սննդի օբյեկտները, նշվում առկա թերությունները և դրանց վերացման ուղիները։ Հաշվետու ժամանակահատվածում շրջվարչակազմի  մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը նույնպես ակտիվ է աշխատել։ Տարվա ընթացքում  Շուշիի և շրջանի ստեղծագործական խմբերը, անհատ  ստեղծագործողները  մասնակցել են  շրջանային և հանրապետական մրցույթ -փառատոների,  ցուցահանդեսների, գրանցել հաջողություններ։ Շուշիի արվեստի դպրոցի բրուտագործության բաժնի սաներն իրենց ձեռքի  աշխատանքներով  մասնակցել են  Տող  գյուղում  կազմակերպված  գինու  փառատոնին,    Ստեփանակերտի  օրվան և տոնական  օրերին  նվիրված ցուցահանդես-վաճառքներին։   Տարվա  ընթացքում Շուշիի մշակույթի կենտրոնի ՙՇուշի՚ ժողգործիքների համույթը, երգի, պարի, թատերական  սիրողական  խմբերը,  ՙՎարանդա՚ մանկապատանեկան երգչախումբը, ՙՄ. Խանդամիրյանի  անվան պետական թատրոնը՚  բարեգործական և վճարովի   համերգներով,  տիկնիկային և  դրամատիկական ներկայացումներով  հանդես  են եկել  Շուշիում,  շրջանի գյուղական բնակավայրերում, Ստեփանակերտի մանկատանը,  ծերանոցում, Վերականգնողական կենտրոնում,  Շուշիի քրեակատարողական գաղութում,   ինչպես նաև  ԼՂՀ  մյուս շրջանների բնակավայրերում։ Կազմակերպվել են հայրենասիրական միջոցառումներ Արցախի ՊԲ զորակոչիկների համար։ Շուշիի և շրջանի մշակութային  օջախներում տարբեր թեմաներով կազմակերպվել են հանդիպումներ, զրույց-բանավեճեր, գրքերի շնորհանդեսներ, գրական-գեղարվեստական ցերեկույթներ,  հուշ-երեկոներ, հոբելյանական միջոցառումներ։ Շուշիում հանդես են եկել նաև  դրսից ժամանած  ստեղծագործական  խմբերը և  անհատ  կատարողները։

   2017 թվականին  Շուշիում   կազմակերպվել են միջազգային նշանակության մի քանի փառատոներ։ Շրջանի բնակավայրերում նշվել են տոն և հիշատակի օրերը։ Տոնվել են  Քարին տակի հերոսամարտի և շրջանի  գյուղերի  ազատագրման օրերը։ Կազմակերպվել են միջոցառումներ` նվիրված Շուշիի ազատագրման օրվան, մասնագիտական տոներին։  Շուշիի  և շրջանի գյուղական համայնքների կրթամշակութային  օջախների թիմերի  միջև կազմակերպվել է  ՙԲրեյն ռինգ՚ ինտելեկտուալ  խաղ-մրցույթը։ 

Տարվա ընթացքում երիտասարդությանը հասարակական կյանքին ակտիվ մասնակից դարձնելու, նրանց  մոտ  ազգային գաղափարախոսություն, առողջ ապրելակերպ և գեղագիտական բարձր ճաշակ  ձևավորելու,  ինչպես  նաև ռազմահայրենասիրական, բարոյական   և  աշխատանքային դաստիարակության  նպատակով՝ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երիտասարդների  հետ տարվող  աշխատանքներին։ Կազմակերպվել են միջոցառումներ ՙԱրցախյան շարժում  ու  սումգայիթյան  ջարդերը՚ թեմաներով, ՙՑեղասպանությունն ու դրա  հետևանքները՚, ՙՀոգատար վերաբերմունք քաղաքի և շրջապատի  նկատմամբ՚, ՙԱռողջ  ապրելակերպ՚ և  այլ  թեմաներով։ Երիտասարդները   մասնակցել են Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ջահերթին  և  ծաղկեպսակադրության  արարողությանը։ Մի խումբ  երիտասարդներ  մասնակցել  են Ավետարանոց  գյուղում  ԼՂՀ  ՄԵ  նախարարության  կողմից կազմակերպված  ՙԵրիտֆորում- 2017՚-ին։ Շախմատասեր  երիտասարդների  համար Մմշակույթի  կենտրոնում  անց  է կացվել  շախմատի  մրցաշար։ Ամառային ամիսներին  ֆուտբոլային  խաղեր  են կազմակերպվել քաղաքի երիտասարդների  և Շուշիի ճամբարներում հանգստացող  երիտասարդների միջև։ Ճամբարներում  մեծ  էկրանի  վրա  ցուցադրվել  են   նաև հայկական  ֆիլմեր,  կազմակերպվել է համերգային  երեկո։

  Տարվա  ընթացքում  Շուշիի կենտրոնական  գրադարանի գրքային ֆոնդը  համալրվել է։   

  Շուշիի  արվեստի  դպրոցը հովանավորների  միջոցով ձեռք է բերել երաժշտական  գործիքներ։ Երևանից  ժամանած  մասնագետները վարպետաց  դասեր  են  անցկացրել  դպրոցի դաշնամուրի,  վոկալի բաժինների  սովորողների  և  ուսուցիչների  համար։ 

  Հաշվետու ժամանակահատվածում շրջանի համայնքների ակումբավարները հրավիրվել են խորհրդակցությունների, կատարվել  են այցելություններ շրջանի մշակույթի տներ,  ցուցաբերվել է մեթոդական օգնություն։ Տարվա ընթացքում  բաժինը կազմակերպել է նաև   Շուշիի   Ա. Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջի ուսանողների  փորձուսուցումը Շուշիի մշակույթի օջախներում։

Շուշիի  մշակութային օջախների շենքային պայմանները լավ են. գործում է  Մշակույթի կենտրոնի   շենքի ջեռուցման  համակարգը, ապահովված են նորմալ պայմաններ Կենտրոնի և  նրան  կից գործող սիրողական խմբակների, նույն շենքում տեղակայված ՙՎարանդա՚  մանկապատանեկան  երգչախմբի և թատրոնի   գործունեության համար։ Գործում են տիկնիկային ներկայացումների համար նախատեսված  փոքր  և մեծ դահլիճները։

Նիստի վերջում շրջվարչակազմի ղեկավար Վ. Կասյանի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ։ Նիստում քննարկվեցին շրջանի սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի աշխուժացմանը միտված այլ հարցեր։

Անահիտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ք, Շուշի