[ARM]     [RUS]     [ENG]

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ ԷԻՆ

Օրերս տեղի ունեցավ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարին կից խորհրդի նիստը, որը վարում էր շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը։ 

 Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր վերադաս մարմիններից ստացված և սեփական որոշումների ու գրությունների կատարմանը, շրջանում կատարման-վերահսկողության վիճակին: Տեղեկանքը ներկայացրեց շրջվարչակազմի աշխատակազմի ընդհանուր բաժնի վարիչ Սուսաննա Մինասյանը։

2017թ. նշված փաստաթղթերի ընդհանուր քանակն ավելի քան 1487 էր։ Վարչակազմի ղեկավարին կից խորհրդի նիստերում և շրջվարչակազմի ղեկավարի կողմից ընդունվել են 134 որոշումներ, վարչակազմի ղեկավարի 42 կարգադրություններ։ ԱՀ քաղաքացիական ծառայության խորհրդից ստացվել են 17 որոշումներ ու գրություններ, հրապարակվել են շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավարի 76 հրամաններ։ Համայնքներ և հիմնարկ-ձեռնարկություններ են հղվել 752 ելից փաստաթղթեր և 365 մտից գրություններ։ 

2017 թվականին, ինչպես և նախորդ տարիներին, փաստաթղթերի վերահսկողության իրականացման վերաբերյալ հարցերը քննարկվել են խորհրդի նիստերում, բաժինների և համայնքների ղեկավարների հետ կայացած խորհրդակցություններում։ Հաշվետու տարում շրջվարչակազմի աշխատակազմի կողմից որոշակի բարելավվել է շրջվարչակազմի ղեկավարի որոշումների կատարման, կատարման-վերահսկողության իրականացման գործընթացը։ 

Օրակարգի հաջորդ հարցը Շոշի և Սղնախի համայնքներում գյուղատնտեսական նշանակության հողերի հաշվառման, դրանց նպատակային օգտագործման իրավիճակի մասին էր, որի վերաբերյալ տեղեկանք ներկայացրեց շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնի վարիչ Արվիդ Ղուլյանը։ Ըստ նրա` շրջանի համայնքներում պարբերաբար կատարվում են գյուղատնտեսական նշանակության հողերի հաշվառման, դրանց նպատակային օգտագործման, հողօգտագործման իրավունքի պետական գրանցման ապահովման իրավիճակի մասին ուսումնասիրություններ և ընթացիկ ստուգումներ։

Համաձայն Ասկերանի շրջանի հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվությունների` Շոշի և Սղնախի համայնքների վարչական տարածքներում գրանցված են համապատասխանաբար 2980,8 հա և 490,7 հա գյուղատնտեսական նշանակության հողեր, այդ թվում 1020,8 հա և 319,5 հա վարելահողեր, 88,3 հա և 69,2 հա խոտհարքեր, 1823 հա և 91 հա արոտավայրեր, 43,6 հա և 10,9 հա այլ հողեր, Շոշի համայնքում ՝ 5,1 հա բազմամյա տնկարկներ։

Սղնախի համայնքում ներկա դրությամբ կատարվում է քարտեզագրում, իրականացվում են առանձին հողակտորների չափագրման և հաշվառման աշխատանքներ։

Ինչպես Շոշի, այնպես էլ Սղնախի համայնքում խնդիրներ կան վարելահողերի, հատկապես պահուստային վարելահողերի նպատակային օգտագործման հարցերում, 235 հա և 45 հա վարելահողերը տարիներ շարունակ չեն օգտագործվում, հիմնականում մանր հողակտորներ են՝ պատված թփերով և մացառներով, որոնք ճշտման, չափագրման կարիք ունեն։

Նշված համայնքներում առկա խոտհարքերը հիմնականում փաստացի օգտագործվում են, բացակայում է օգտագործման իրավունքի պետական գրանցումը։ Վերոնշյալ համայնքներում աշխատանքներ պետք է տարվեն առանձին հողատարածքների հողատեսքերի փոփոխություններ կատարելու ուղղությամբ։ Խնդիր է դրված ապահովելու համայնքում առկա բոլոր վարելահողերի օգտագործումը։

Օրակարգի երրորդ հարցը շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի 2017թ. կատարած աշխատանքների և հետագա անելիքների մասին էր։ Բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանն անդրադարձավ կատարվածին, նշեց, որ տարվա ընթացքում բաժինը համակարգել և վերահսկել է համայնքային օջախների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատանքային գործունեությունը, օժանդակել և աջակցել է շրջանում ժողովրդական ստեղծագործության և գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը։

Հաշվետու տարում մշակույթի օջախների  գործունեությունն ուսումնասիրելու և մեթոդական օգնություն ցույց տալու նպատակով շրջայցեր են կատարվել շրջանի Շոշ, Ակնաղբյուր, Ավետարանոց, Մխիթարաշեն, Մադաթաշեն, Ջրաղացներ, Ներքին Սզնեք, Խնապատ, Նորագյուղ և Այգեստան գյուղական համայնքներ։ Վերջին ժամանակներս որոշակի աշխուժություն է նկատվում շրջանի մշակութային կյանքում, տեղաշարժն ակնառու է կազմակերպվող միջոցառումների թե՜ քանակական և թե՜ որակական առումով։

Օրակարգի հաջորդ հարցը ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ-ի ՙԲերդ՚ մասնաճյուղի կողմից 2017 թվականին կատարած աշխատանքների մասին էր: Ըստ մասնաճյուղի տնօրեն Տիգրան Աբրահամյանի ներկայացրած տեղեկանքի` հաշվետու տարում մասնաճյուղն ստացել է 28.870.000 կՎտ/ժամ էլեկտրաէներգիա, որը 2016 թվականի համեմատ աճել է 1.280.000 կՎտ/ժամով։ Փաստացի կորուստը կազմել է 11,1տոկոս։ Հաշվետու տարում առաքված  էլեկտրաէներգիայի դիմաց հավաքագրման գումարային ծավալը կազմել է ավելի քան 988.152.000 դրամ։ Շրջանի սպառողները հիմնականում օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները կատարում են բարեխղճորեն և ժամանակին։ Գերակա խնդիր է էլեկտրաէներգիայի մատակարարման անընդհատությունը և էլեկտրագծերի հուսալիության բարձրացումը։ Զգալի չափով նվազել է վթարների քանակը։ Տարվա ընթացքում մի շարք պլանային և նորոգման աշխատանքներ են տարվել համարյա բոլոր 10 կվ օդային գծերի և շրջանի համայնքների 0.4 կվ օդային գծերի խիստ վթարային հենասյուների և հաղորդալարերի փոխարինման համար։ Կատարվել են մասնաճյուղի հաշվեկշռում գտնվող ենթակայանների և օդային գծերի զննումներ։ 

Նիստում քննարկվեցին նաև օրակարգային մի շարք այլ հարցեր, ընդունվեցին համապատասխան որոշումներ։

Շրջվարչակազմի ղեկավարին կից 

խորհրդի հերթական նիստը

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

ք. Ասկերան