[ARM]     [RUS]     [ENG]

ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

Այս տարի հայկական աշխարհը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը:

Դժվարին ու դաժան պայմաններում դարեր շարունակ պետականությունից զրկված հայությունը կարողացավ ստեղծել հանրապետություն, որը մեծ զրկանքներով, այնուամենայնիվ, փրկեց հայության մի մասը, պահպանեց Հայաստանի մի հողակտորը, որի հիման վրա ստեղծվեց այսօրվա անկախ պետականությունը: Այդ կապակցությամբ հետաքրքրող և արդիական մի շարք հարցերի շուրջ զրուցեցինք ՙԿաճառ՚ գիտական կենտրոնի վարչության նախագահ, պատմական գիտությունների թեկնածու Մհեր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

-1918-1920թթ. և արդի ժամանակներում Հայաստանը, կարծես թե, բախվում է նույն խնդիրների հետ՝ գտնվելով Արևմուտքի և  Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի տիրույթներում: Ի՞նչ զուգահեռներ և տարբերություններ եք տեսնում:

-Պատմությունը կրկնվելու հատկություն ունի: Անցյալի դասերի անտեսումը հաճախ հանգեցնում է նախկին սխալների կրկնությանը: Դուք նշեցիք Արևմուտքի և Ռուսաստանի մասին, սակայն տարածաշրջանային գործընթացները հնարավոր չէ պատկերացնել առանց ՀՀ-ի անմիջական հարևանների: Հիմնական դերակատարները, փաստորեն, նույնն են: Ըստ էության, չեն փոխվել նաև նրանց արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Տարբերությունները, բարեբախտաբար, հօգուտ Հայաստանի են, որը ներկայում կայացած է որպես պետություն, ունի մարտունակ ու շարժառիթավորված զինված ուժեր, կայուն սոցիալ-տնտեսական ու քաղաքական համակարգ, բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված ռազմարդյունաբերական համալիր ստեղծելու ներուժ: ՀՀ-ի և Արցախի Հանրապետության անվտանգային-պաշտպանական խնդիրների շուրջ համախմբված է համայն հայությունը: ՀՀ-ն վարում է կոմպլեմենտար, հավասարակշռված արտաքին քաղաքականություն, որի առանցքում ՀՀ-ի անվտանգությունն է, ինչը հնարավորություն է տալիս լավ հարաբերություններ ունենալ տարածաշրջանում ազդեցություն ունեցող ուժային կենտրոնների հետ: Հուսով եմ, որ ՀՀ-ի արտքաղաքական առաջնահերթությունների հիմքում կշռադատված պետական ու ազգային գերակա շահն է լինելու, բայց ոչ երբեք` հեռանկար չունեցող կողմնորոշումները:

-Ինչ-որ մի ժամանակաշրջանից սկսվեցին հայոց պատմության կեղծումը, ժողովրդի մասին բացասական կարծիքի ձևավորումը: Ինչո՞վ բացատրել դա և ո՞ւմ էր այն ձեռնտու:

-Նկատելի է պատմության կեղծման երկու եղանակ` միտումնավոր և ակամա, այսինքն` թյուրիմացաբար: Որոշ պետություններ պատմությունն օգտագործում են որպես քաղաքական զենք ներքին ու արտաքին հիմնահարցերը լուծելու համար: Հաճախ քաղաքական գործիչներն ու կուսակցությունները ևս պատմության յուրովի մեկնաբանություններով փորձում են արդարացնել իրենց քաղաքական գիծը: Գիտությունը ճշմարտության որոնումն է, հետևաբար, կեղծարարությունը ոչ միայն հակագիտական է, այլև ծանր հարված է հասցնում ժողովուրդների ինքնագիտակցությանն ու իրենց հնարավորություններն օբյեկտիվորեն գնահատելու հնարավորություններին:

-Հայագիտության մեջ որքանո՞վ է բացահայտված հայ ժողովրդի հինավուրց պատմությունը: Այսօր բազում հնագիտական պեղումներ բացահայտում են նորանոր իրողություններ: Որքանո՞վ են դրանք տեղ գտնում հայագիտության էջերում:

-ՀՀ-ում և Արցախում գիտահետազոտական զգալի աշխատանքներ են կատարվել հնագիտության, մարդաբանության և այլ ոլորտներում: Հնագույն ժամանակներից Հայկական լեռնաշխարհը բնակեցված լինելու և այնտեղ հայկական քաղաքակրթության ակունքների մասին վկայող բազմաթիվ ապացույցներ են երևան հանվել: Նոր տվյալների հիման վրա վերանայվում են հնացած տեսակետներն ու վարկածները: Սակայն գիտության մեջ նորը միշտ էլ դժվարությամբ է ուղի հարթում, ուստի այդ հայտնագործությունները դեռևս հանդիպում են հին սերնդի գիտնականների դիմադրությանը: Կարծում ենք, որ սերնդափոխությունից հետո այդ նորույթներն ավելի դյուրությամբ իրենց արժանի տեղը կգտնեն հայագիտության էջերում: Այսօր հումանիտար գիտություններին լրացնելու են գալիս գենետիկական ուսումնասիրությունները, որոնց արդյունքները ևս անառարկելիորեն ապացուցում են Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչների և ժամանակակից հայ ազգաբնակչության գենետիկական կապը:

-Խնդիրները հաղթահարում են այն ժողովուրդները, ովքեր դասեր են քաղում անցյալի բացասական իրավիճակներից: Որո՞նք են Առաջին Հանրապետության հիմնական բացասական դասերը, և տեսնո՞ւմ եք այն չկրկնվելու միտումներ:

-Պատմագիտության գլխավոր գործառույթներից են անցյալի սխալների վերհանումը և պատմական դասերի հատկանշումը` որպես ներկա սերունդների համար ճիշտ ապրելու ուղենիշ և ապագան կանխատեսելու միջոց: Առաջին Հանրապետության սխալներից մասնագետները բարձրաձայնել են արտաքին ու ներքին անհամաչափ քաղաքականությունը, քաղաքական կարճատեսության ու արկածախնդրության հասնող իրադրային ձեռնարկումները, հաճախ իրավիճակի ոչ ճիշտ գնահատումը և այլն: Առաջին Հանրապետության կարճատև գոյությունը և խղճուկ վախճանը հենց այդ սխալների հետևանքն էին: Երրորդ Հանրապետության տարիներին նախկին սխալները չկրկնելու բազմաթիվ օրինակներ կան, որոնք վկայում են, որ անցյալի դասերը երբեմն հաշվի են առնվում: Սխալները չկրկնելու միտումներ, իհարկե, կան: Դրանք ավելի առարկայական դարձնելու համար մեզ անհրաժեշտ է անշեղորեն բարձրացնել պատմության իմացության աստիճանը` անխտիր բոլոր մակարդակներում: Այդ հույժ կարևոր խնդրի լուծման համար էական բարեփոխումների կարիք ունի նաև հայ պատմագրությունը:

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի թավշյա հեղափոխությունը և այն բարեհաջող ավարտին հասցնելու կարողությունները:

-Բառեզրերի ընտրությունում հարկ է ավելի զուսպ լինել: Տեղի է ունեցել իշխանափոխություն: Թե ինչքանով է բարեփոխվելու քաղաքական համակարգը, ինչքանով են նոր իշխանությունները պայքարելու արատավոր երևույթների դեմ, ցույց կտա ժամանակը: Նոր իշխանությունների հաջողություններն արտահայտվելու են ՀՀ-ի քաղաքական համակարգի բարելավմամբ ու արատավոր երևույթների դեմ հայտարարված պայքարի արդյունավետությամբ: Հասարակությունն սպասում է դրական փոփոխությունների:

ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ