[ARM]     [RUS]     [ENG]

ԲԵԿՎԱԾ ՍՐՏԵՐ` ՍՊԱՍՈՒՄԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ...

Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրվան նվիրված միջոցառումը սկիզբ առավ Ստեփանակերտի հուշահամալիրից։

Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կառուցված խաչքարի մոտ ծաղիկներ խոնարհեցին ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ։ Անհայտ կորածների հիշատակի խաչքարի մոտ ծաղկեպսակներ տեղադրվեցին ԱՀ իշխանությունների, Պաշտպանության բանակի և ԱԿԱՀՄ-ի կողմից:Բացման խոսքում ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ գեներալ-մայոր Վարդան Բալայանը, խոսելով օրվա խորհրդի մասին, փաստեց, որ Ղարաբաղյան շարժման հենց սկզբից սադրանքների ու ահաբեկչության հետևանքով խոշոր փրկագներ կորզելու նպատակով ադրբեջանական կողմից գրանցվեցին մարդորսության և պատանդներ պահելու առաջին դեպքերը։ 1991թ. արդեն ադրբեջանական բանտերն ու մեկուսարանները լցված էին հազարավոր հայերով։ 

1992թ., երբ ընթանում էր պատերազմը, հակամարտության երկու կողմերում հայտնվեցին նաև ռազմագերիներ։ 1993թ. մարտին ԱՀ պաշտպանության կոմիտեի նախաձեռնությամբ ստեղծվեց  Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողով, որն սկսեց համագործակցել ԵԱՀԿ առաքելության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՙԲժիշկներ առանց սահմանի՚ կազմակերպության հետ։ Ըստ Վ. Բալայանի`  տարիների որոնողական աշխատանքները շատ դեպքերում արդյունք չեն տվել։ Ուրիշ էլ ի՞նչ էր մնում անհայտ կորած ազատամարտիկների ծնողներին ու հարազատներին։ Միայն՝ սպասել և հուսալ։ Իսկ հույսը՝ ինչքան էլ հոգնած, սիրտը՝ ինչքան էլ բեկված, միշտ էլ սպասումի ճանապարհին է։

Դիմելով անհայտ կորած ազատամարտիկների ծնողներին ու հարազատներին` Վ. Բալայանն ասաց. ՙՀամոզված ենք, որ ձեր որդիների անորոշ ու անհայտ ճակատագրերի համար լացող մայրեր ու հարազատներ չեք միայն, այլ նաև թիկունք եք մեր պետությանն ու բանակին, և ներկա ու ապագա սերունդները ձեր աղոթքների զորությամբ ու ձեր  զորակցությամբ կշարունակեն մեր ազատամարտի նվիրյալների հերոսական պայքարը ու կհասցնեն վերջնահանգրվանին՚։ 

ԱՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության  նախագահ Վերա Գրիգորյանը վերստին անդրադարձավ  հակառակորդի որդեգրած մերժողական քաղաքականությանը, ցավով խոսեց տղաների`  դեռևս անհայտ ճակատագրի մասին։ Նրա  մտահոգությունների առանցքում է մնում դեռևս անհայտ  ճակատագրի տեր ազատամարտիկների աճյունները, մասունքները հարազատներին վերադարձնելու խնդիրը։

Իր խոսքն ուղղելով Կարմիր խաչի ներկայացուցիչներին (քանզի հիմնականում այդ կազմակերպությունն իրավունք ու հնարավորություն ունի փակ  ազատազրկման վայրեր մուտք գործել)` խնդրեց ավելի  հետևողական լինել հիշյալ խնդրում և վերջապես որևէ արդյունք ապահովել։  Վ. Գրիգորյանը նաև շնորհակալություն հայտնեց  կազմակերպության ղարաբաղյան գրասենյակի տարբեր տարիների ղեկավարներին, այդ թվում և միջոցառմանը ներկա պարոն Բլաժևիչին, կազմակերպության հետ տարբեր ծրագրերով համագործակցելու համար։ 

ԱԿԱՀՄ նախագահն արծարծեց այն միտքը, որ պատերազմը դեռ չի վերջացել,  նրա ստվերը դամոկլյան սրի պես կախված է մեր գլխին, և ներկայում սահմանին կանգնած զինվորը պետք է վստահ լինի, որ հայրենիքը ոչ մի  պարագայում չի անտեսի իրեն։ Բազում գործոնների հետ մեկտեղ` նաև այս պարզ միտքը ուժ և խիզախություն կտա նրան  ճակատագրական պահերին։ 

Ըստ զեկուցողի` յուրաքանչյուր հունիսի 29-ի նրանք հավաքվում են Խաչքարի մոտ բարձրաձայնելու, որ ոչ ոք ու ոչինչ  չի մոռացվել, վառ է տղաների հերոսական հիշատակը, և աննկուն է աշխարհի բոլոր հայերի միասնական կամքը։ ՙՈ՜չ կորուստները, ո՜չ վիշտը չեն խեղճացնի մեզ, ավելին` կլիցքավորվենք դիմակայության նոր ուժով՝ շարունակելու պայքարը՚,-իր զեկուցման ավարտին ասաց ԱԿԱՀՄ  նախագահը։ 

ՙՀՀ ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն՚ ՀԿ փոխնախագահ  Վաչագան Գալստյանը իր խոսքում ասաց, որ իրենք՝ Ղարաբաղյան պատերազմի վետերանները, միշտ եղել են արցախցիների կողքին, և եթե հակառակորդը նորից փորձի պատերազմ սանձազերծել, ապա իրենք կրկին առանց երկմտելու արցախցիների կողքին են լինելու։ Ապա Վ. Գալստյանը արտասանեց իր իսկ հեղինակած ՙՓառքի ուղին էր ձեր ճանապարհը՚ բանաստեղծությունը։  

Օրհնանքի խոսք ասաց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։  Թեմակալ առաջնորդի ընկալմամբ` երբ ասում ենք անհայտ կորածներ, կնշանակի` չգիտենք նրանց հասցեն, բայց նրանց  հասցեն հայտնի է` այն Աստծո մոտ է։

-Այսօր ազգի 710 անհայտ զավակներ ունենք, որոնք ապրում են մեր սրտերում,¬ ասաց Սրբազան հայրը,¬ ազատության ու անկախության գինը միշտ թանկ է եղել։ Արյուն ենք տվել, զոհ ենք տվել, վիրավոր ու հաշմանդամ, որբեր և  ահա  այդ անհայտության հասցեով գտնվող 710 զավակներ։ Այդ թանկ գինը վճարվել է այս կապույտ, խաղաղ երկնքի համար։  Մենք արիաբար պիտի այս ամենը տանենք մինչև վերջ, որպեսզի այս ամբողջ դժվարությունը, կորուստը և վերջապես ձեռքբերածը պտղաբերեն ամենավերջնական բարի արդյունքում։ Ճանապարհը մեր հստակ է, ազնիվ է, նվիրական։ Այո՜, գին է վճարվել, բայց նաև լուսապսակ են ստացել նվիրյալները։ Իզուր չէ վճարված թանկ գինը, այն մեծ, վսեմ գաղափարի համար է, կյանքի համար է, ապագա սերունդների, մեր պատվի համար է։ Թող Աստված օրհնի բոլորիս, որպեսզի կարողանանք շարունակել մեր տղաների հերոսական գործը դեպի վերջնական հաղթանակ։

Նույն օրը ԱԿԱՀՄ թանգարանում տեղի ունեցավ ռազմահայրենասիրական կաբինետի բացման և պարգևատրման արարողություն: ՀՀ ղարաբաղյան պատերազմի վետերանների միության կողմից մի խումբ անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ պարգևատրվեցին ՙՀայրենիքի պաշտպանության համար՚ մեդալով։ Նույն մեդալին արժանացավ ԱԿԱՀՄ կազմակերպությունը։ Իսկ ԱԿԱՀՄ նախագահ Վերա Գրիգորյանը կազմակերպության ՙՀայրենիք և հավատ՚ մեդալով պարգևատրեց ՀՀ ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահին և փոխնախագահին։ 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ