[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԳՐԱՎԱԿԱՆ

Վերջերս Մարտակերտում էր ՙԱզատ Հայրենիք՚ կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը։

 Քաղաքի մշակույթի և երիտասարդության կենտրոնում շրջանի երիտասարդության հետ հանդիպման ժամանակ նա կարևորեց հանրապետությունում վերջին շրջանում կրթության, հանքարդյունաբերության, առողջապահության և մյուս ոլորտներում արձանագրված ձեռքբերումները, նաև այն խնդիրները, որոնք պետք է լուծվեն մոտ ապագայում՝ հավելելով, որ ստեղծված են զարգացած երկիր ունենալու բոլոր նախադրյալները։ 

Այնուհետև կուսակցության առաջնորդը կանգ առավ գործող Սահմանադրության դրույթներին, ներկաներին իրազեկեց, որ թեկուզ ընտրական օրենսդրության բարեփոխումների նախագիծը դեռևս չի ներկայացվել խորհրդարան, սակայն ինքն այն նկատառումն ունի, որ շրջանը պետք է ունենա ընտրովի ղեկավար և կոլեգիալ հիմունքներով գործող ավագանու խորհուրդ։ Արայիկ Հարությունյանը նաև նշեց, որ երկրում առկա խնդիրներն, անշուշտ, լուծում կստանան միայն կայունության ապահովման պայմաններում։ 

Մատաղիս համայնքի ղեկավար Զավեն Ավանեսյանն  անդրադարձավ վարկերի հետ կապված խնդիրներին, նշելով, որ դեռևս գյուղացին վարկ ստանալու համար, որպես գրավի առարկա, չի կարողանում օգտագործել սեփական անշարժ գույքը` ասենք, տունը, ինչն էլ խոչընդոտում է ընտրած բիզնես-պլանի իրագործմանը։ Համայնքի ղեկավարը դժգոհեց նաև ԱԺ պատգամավորներից, ովքեր առիթից առիթ են լինում իրենց ընտրատարածքներում։

Ներկաները բազմաթիվ հարցեր բարձրացրին՝ կապված հողերի վարձակալման, ոռոգման և շրջկենտրոնում խմելու ջրի սակագների, ինչպես նաև աշխատատեղերի ստեղծման վերաբերյալ։ Արայիկ Հարությունյանը բարձրացված հարցերը պարզաբանելուց հետո ավելացրեց, որ մանավանդ Մարտակերտի շրջանում առաջիկայում մեծ ծրագրեր կիրականացվեն. դա Մարտակերտ-Մատաղիս ավտոճանապարհի ասֆալտապատումն է, Թարթառի աջափնյա ջրանցքի կառուցումը։ Ինչ վերաբերում է աշխատատեղերով ապահովման խնդրին, ապա նշեց, որ ինքը մտադիր է շրջանի տարածքում նռան նոր այգի հիմնելով ինչ-որ չափով լուծել այդ հարցը։