[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆՈՒՄ

Արցախի Հանրապետությունում սկսված է ամառային զորակոչը։ Հուլիսի 9-ին Քաշաթաղի շրջանում ևս մեկնարկեց զորակոչը։

Բերձորի շրջանային զինկոմիսարիատում առավոտյան արդեն եռուզեռ էր։ Տարբեր բնակավայրերից ծնողների, հարազատների, ընկերների ու բարեկամների ուղեկցությամբ, զինկոմիսարիատ էին ներկայանում նորակոչիկները։ Զորակոչային բաժնում ընդունում էին զինվորացու տղաներին, վերջնական տեսքի բերում նրանց փաստաթղթերը։ 

Զորակոչային բաժնի պետ կապիտան Հովհաննես Բայաթյանը զրուցում էր տղաների հետ, հետաքրքրվում նրանց խնդիրներով։ Շրջանային զինկոմ մայոր Ստեփան Օհանջանյանը գոհ է աշխատանքներից. զորակոչն ընթանում է բնականոն հունով։ Նա տեղեկացրեց, որ բոլորն էլ անցել են բուժզննում, առողջական խնդիրներ չունեն։ Վստահ է՝ մնացած զորակոչերը նույնպես կլինեն լիարժեք կազմակերպված։ 

Բարձր է նաև զորակոչիկների, նրանց ծնողների տրամադրությունը։ Ինչ-որ տեղ տխուր են ու մտազբաղ մայրերը, բայց բոլորն էլ գիտակցում են. հայրենիքին զինվոր է պետք։ Փաստաթղթերը կարգավորելուց, վերջնական բուժզննում անցնելուց հետո զորակոչիկներն արդեն զինվորի պես շարվեցին զինկոմիսարիատի միջանցքում։ Շրջանային զինկոմը ողջունեց նրանց՝ շնորհավորելով Հայոց բանակի շարքերը համալրելու համար, հետաքրքրվեց խնդիրներով և տվեց խորհուրդներ. կարևորը` լինել կարգապահ ու ենթարկվել բանակի կարգ ու կանոնին, հրամանատարների հրամաններին։ Մաղթեց բարի ճանապարհ և վերադարձ։ 

Ձևավորված ավանդույթի համաձայն` զինկոմիսարիատից զորակոչիկները հարազատների, զինկոմիսարիատի աշխատակիցների ուղեկցությամբ այցելեցին Բերձորի` Արցախյան գոյամարտում մարտիրոսված քաջորդիներին նվիրված հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեցին նահատակների հիշատակին: Այստեղ  զորակոչիկներին, նրանց հարազատներին ողջունեց ու շնորհավորեց Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը։ Վերջում զորակոչիկների առջև համերգով հանդես եկավ ՙԲերձոր՚ համույթը: