[ARM]     [RUS]     [ENG]

ՑՈՐԵՆԸ ԵՎ ՆՐԱ ԲՈՒԺԻՉ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ցորենը հնագույն մշակաբույս է, մարդն այն  սկսել է օգտագործել 7 հազար տարի առաջ, իսկ նրանից հաց թխել՝ 4 հազար տարի առաջ։ Այն մեր օրգանիզմի ամենաանհրաժեշտ և օգտակար բույսն է: Ցորենը մի ուրիշ առավելություն էլ ունի. միակ մշակովի բույսն է, որն աճում և բերք է տալիս բոլոր մայրցամաքներում։

Ճիշտ է, նա տափաստանային բույս է (ծովի մակարդակից մինչև 1000մ բարձրություն), բայց պակաս բերքատու չէ նաև ցածր լեռնային (մինչև 1500 մ), միջին լեռնային (մինչև 2000մ), բարձր լեռնային գոտիներում (2000 մետրից բարձր)։ Մեզ  համար շատ հարմար է, որ ցորենն սկսում է ծլել 1-2 աստիճան C ջերմաստիճանի պայմաններում. 20 սմ ձյան շերտի տակ ցորենի ծլած բույսերը դիմանում են -20  աստիճանում:

Մարդկությունն ամեն տարի  ցորենին հատկացնում  է ամենաշատ ցանքատարածությունները. 2017 թվականին՝ մոտ 250 միլիոն հեկտար՝ միջինը 19ց բերքատվությամբ,  առաջավոր տնտեսություններում՝ մինչև 70ց։

Արցախում 2017թ. հացահատիկային բույսերին հատկացվել է 75 հազար հեկտար, մեկ հեկտարի միջին բերքատվությունը մեզ մոտ 2-3 ց-ով բարձր է աշխարհի միջինից։ Առաջիկայում մեր հացահատիկային բույսերի ցանքատարածությունները կլինեն մինչև 100 հազար հեկտար։ 

Հացը մեր ամենահաճելի, ամենադիետիկ սննդամթերքն է,  100 գրամ ցորենի հացը պարունակում է 39,5գ ջուր, 7,6գ սպիտակուց, 0,9գ ճարպ, 49,7գ ածխաջուր, 488մգ նատրիում, 127մգ կալիում, 26մգ կալցիում, 0,16 մգ B1 վիտամին: 100գ հացից մեր օրգանիզմը ստանում է 226 կիլոկալորիա էներգիա։ Իրոք, ցորենը կարևորագույն մշակաբույս է. այն օգտագործում են հացի, ձավարի, մակարոնի, հրուշակեղենի արտադրությունում։ 

Ցորենից ստանում են նաև սպիրտ, դեքստրին, օսլա, սոսինձ և այլն։ Աղացման թափոնները արժեքավոր  կեր են գյուղատնտեսական կենդանիների համար։ 

Հետաքրքիր է իմանալ նաև, որ մեր կյանքի համար անհրաժեշտ բույսը՝ ցորենը, ունի նաև բուժիչ հատկություններ։ Հատիկների թուրմն օգտագործում են որպես ընդհանուր կազդուրիչ միջոց, այն մեղրի հետ խմում են հազի և մրսածության դեպքում։ Չհասունացած ցորենի կամ 1-2 օր ծլեցրած հատիկներից ստացված հյութը խորհուրդ է տրվում օրական 2-3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ, կես բաժակ խմել կանացի և  տղամարդկային անպտղության բուժման համար։ 

Հնդկատիբեթական բժշկության մեջ վերքերի, ուռածության,  անոթների և հոդերի հիվանդության, ուռուցքների բուժման  ժամանակ տրվում է հինգ տեսակի բույսերի հատիկներից պատրաստված դեղ (քունջութ, ցորեն, բրինձ, գարի, ոլոռ)։ 

Ընդհանուր կազդուրման համար 100գ հատիկները լցնել 750մլ եռացող ջրի մեջ, վերցնել կրակից և պահել 8-10 ժամ, կես բաժակից  օրական օգտագործել երեք  անգամ։ 

Կերակրող մայրերի կաթի ավելացման համար մեկ ճաշի գդալ ցորենը թավայի մեջ բովել մինչև ոսկեգույն երանգ ստանալը, զգուշորեն ջուր լցնել, ավելացնել բազմազան կանաչեղեն և ուտել օրը 2 անգամ։ 

Ծլեցրած ցորենի թուրմը ձվի սպիտակուցի հետ քսում են մարմնի այրված մասերին։

Սեռական կարողության բարձրացման համար ցորենի թեփը եփել ոլոռի (հավասար հարաբերակցությամբ) հետ մինչև թանձրանալը, ուտել ամեն օր, մեկ ամիս շարունակ։ 

Բոլոր տեսակի հիվանդությունների կանխարգելման համար սալաթների ու ճաշերի մեջ ամեն օր օգտագործել  20-40 գրամ ցորենի թեփ (հում վիճակում), այն չափազանց օգտակար է և ունի բուժիչ մեծ ներուժ։

Ծլեցրած ցորենը շատ հին բուժիչ մթերք է։ Ցորենի (ինչպես նաև այլ սերմերի) ծիլը ՙարևային վիտամինների՚ կրակիչ է, վառելիք, որի բոցերում վառվում են օրգանիզմի բոլոր ավելորդությունները։  Ծիլերի երկարատև օգտագործումը հնարավորություն է տալիս հիմնավորապես մաքրել օրգանիզմը, ծերացած բջիջները փոխարինել երիտասարդներով։ 

Ցորենը բուժում է ոչ թե մեկ կամ մի քանի հիվանդություններ, այլ ամբողջ օրգանիզմը։ Միայն թե օրգանիզմին պետք է տալ բավարար հանգիստ, լավ ՙշինանյութ՚ (սնունդ), և այն ինքնաբուժմամբ կվերացնի բոլոր շեղումները։ Միայն  մեկ վայրկյանում մահանում են ու վերականգնվում  երկու միլիարդ կարմիր գնդիկներ (էրիտրոցիտներ)։ Երբ համապատասխան ՙշինանյութ՚ չունենաք, սկիզբ կառնի սակավարյունությունը։ Ծլեցրած ցորենը հենց այն շինանյութն է, որը դեռևս բացասական փոփոխությունների չի ենթարկվել, իր մեջ կրում է առողջ ինֆորմացիա ու դեռևս չի ենթարկվել քիմիական և ջերմային մշակման։ 

Ցորենի ծլման ժամանակ  հատիկի մեջ գտնվող սպիտակուցները տրոհվում են ամինաթթուների և այլ բաղադրիչ մասերի, որոնք նպաստում են հեշտ և լրիվ մարսմանը։ Մեծ արագությամբ ընթանում են տրոհման ու սինթեզման  բազմաթիվ ռեակցիաներ, և ծլած ցորենի հատիկը դառնում է մի ամբողջ օգտակար լաբորատոիա։ 

Ծլած ցորենի բուժիչ հատկություններն անհիշելի ժամանակներից մինչև հիմա օգտագործում են աշխարհի շատ ժողովուրդներ և արդյունքներից էլ միշտ գոհ են լինում։ Հետաքրքիր է իմանալ, որ  ծլած ցորենի բուժիչ հատկություններն  օգտագործելիս էլ արցախցիները տարբերվեցին (առաջ անցան) մյուսներից, ինչպես դա եղել է ժենգյալով հաց ստեղծելիս։ Այս անգամ արցախցիները ծլած ցորենից մի հրաշալի կերակուր ստեղծեցին, որը նույնպես բուժում է  ամբողջ օրգանիզմը, նպաստում է ծերացման կանխմանը ու երիտասարդացմանը։ Դա ածիկն է, որն օգտակար է բոլոր տարիքի, սեռի, կառուցվածքի մարդկանց համար։ 

Տարիքով մարդիկ լավ են հիշում, թե մինչև Արցախյան պատերազմը մեր գյուղերում ինչքան տարածված էր ածիկի պատրաստումը։ Ցորենը ծլման էին դնում հերթով, թաղամասերով, որպեսզի ձմեռը աշխույժ ու հետաքրքիր անցնի։ Ածիկ ուտելու համար հավաքված հարևանները երգում էին, պարում, հեքիաթներ պատմում։

Պատահում էր, որ որևէ ընտանիք հնարավորություն չեր ունենում ածիկ եփել, նրան բաժին էին ուղարկում։ Ածիկը հաճելի համով  ու բուրմունքով կերակուր է, մի անգամ եփածն օգտագործվում է 7-10 օր։ Սա դուր է գալիս բոլորին, ճիշտ ժենգյալով հացի նման։ 

Իմ կարծիքով, արցախցիների երկարակեցությունը կապ ունի քաղցրահամ ածիկի հետ։ Ցավոք, արցախյան մի քանի կերակրատեսակներ, որոնք դարեր շարունակ  ամրապնդել են արցախցիներին, դարձրել երկարակյացներ, այսօր մոռացվել են: Միշտ հիշենք` արցախցիներին  ինքնատիպ է դարձրել նաև նրանց խոհանոցը։

 

Ժորա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կենսաբան