[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԿ ՕՐ ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ

Հայաստանի Հանրապետությունից ժամանած, տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող երկու տասնյակից ավելի լրագրողների թույլատրվեց աշխատանքային մեկ օր լինել առաջնագծում, շփվել դիրքապահների հետ ու անձամբ ծանոթանալ նրանց ծառայողական պայմաններին։

Հայաստանյան գործընկերներին  միացան նաև արցախյան մի շարք զանգվածային  լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Ի դեպ, զորամասի ընտրությունը կամովին էր: Մենք ընտրեցինք ՊԲ արևելյան ուղղությունում տեղակայված զորամասերից մեկը։

Մեր խմբի կազմում էին ռազմինֆո¬ի թղթակից Նազենիկ Սարոյանը, Վրաստանի Հանրապետության ՙԱլիք Մեդիա՚¬ի լրագրող Նորիկ Գասպարյանը, ՙԻրազեկ քաղաքացիների միավորում՚ ՀԿ¬ի լրագրող Ռաֆայել Աֆրիկյանը։ Ողջ ճանապարհին զորամասի ԱՀՏԱ բաժնի հոգեբան¬սպա մայոր Նիկոլայ Գրիգորյանը մեր հարցերին պատասխանում էր ինքնավստահ, կարճ, ասել է թե` զինվորականի պես, իսկ  հաճախ էլ չէին ջոկվում նրա լուրջն ու կատակը։ Նուրբ հումորով նա քողարկում է այն ամենը, ինչը կոչվում է ռազմական գաղտնիք։ Մեր մյուս ուղեկիցը` պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանը, ով մարտական պատրաստության բաժնից է, պատմում է. գիշեր¬ցերեկ ճանապարհներին է, դիրքերում, սակայն չի տրտնջում, սովորել է, ցանկացած զորամաս կարող է  աչքերը փակ գտնել։ Ռազմական ամենատարբեր թեմաներ շոշափելով` տեղ ենք հասնում։ Մեզ դիմավորում է զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ փոխգնդապետ Լալա Բաղդասարյանը։ Հենց նրանից էլ տեղեկանում ենք, որ մեր այցը համընկել է զորամասի կազմավորման օրվա հետ: Նա ասաց նաև, որ Ակնայի (Աղդամ) ադրբեջանական ռազմաորջի վնասազերծման 25-րդ տարին է: Մեզ ուղեկցելով առաջնագիծ` Լ. Բաղդասարյանը  հորդորում է հետևել անվտանգության կանոններին: Սաղավարտ ու զրահաբաճկոն հագնելով` հասնում ենք առաջնագիծ։ Լրագրողներիս համար անսովոր բան չկար, քանիցս եղել էինք այս կողմերում (և ոչ միայն), և ամեն նորամուծություն  իսկույն աչքի էր զարնվում, ու բուռն արձագանքում էինք։ Նորությունն այստեղ գոնե ինձ համար ՙԵս եմ՚ ծրագրով ծառայության անցած շարքայիններն էին։ Նրանք շուրջ վեց ամիս է ծառայության մեջ են և արդեն հասցրել են մարտական հերթապահության ներգրավվել։ Դիրքի ավագ սերժանտ Յուրի Պողոսյանը, զինվորական հարգուկարգով պատվի առնելով փոխգնդապետ Լ.Բաղդասարյանին, զեկուցում է. ՙՊարոն փոխգնդապետ, ջոկը պաշտպանություն է իրականացնում 116 մարտական դիրքում։ Հակառակորդի կողմից հրադադարի խախտումներ տեղի չեն ունեցել, ծառայությունը տարվում է համաձայն օրվա կարգացուցակի՚։ Ապա սերժանտ Պողոսյանը մեզ ուղեկցում է ծառայակից ընկերների մոտ, հընթացս պատմելով, որ մեկ տարի է մարտական հերթապահություն է իրականացնում։ Նույն դիրքի դիտորդ շարքային Կարեն Բաղդասարյանից տեղեկանում ենք, որ օրվա ընթացքում հակառակորդի կողմից որևէ շարժ չի գրանցվել։ Իրենք ակընդետ հետևում են նրանց բոլոր գործողություններին և պատասխանն էլ միշտ համարժեք է լինում։ Ըստ շարքային Բաղդասարյանի դիտարկման, հակառակորդ կողմում վարուցանքով են զբաղված, հարակից գյուղերում գյուղատնտեսական աշխատանքների, իսկ, ավելի ստույգ, բերքը հնձելու եռուն շրջան է։ Մի խոսքով` նրանց կողմից ցանկացած քայլ ուշադրությամբ դիտարկվում ու արձանագրվում է։ Շարքային Պողոսյանն առաջին անգամ է մարտական դիրքում, սակայն դա  չի խանգարում նրա վստահ կեցվածքին, և բոլոր հարցերին պատասխանում է ստույգ, կտրուկ, մի խոսքով՝ զինվորավարի։ Ասում է՝ մորս ու քույրերիս խաղաղությունն եմ պահպանում, զորացրվելուց հետո էլ իրենց գյուղում սիրած մասնագիտությամբ է զբաղվելու, ապագայի այլ ծրագրեր էլ ունի, բայց առայժմ այդ մասին բարձրաձայնել չի ուզում։  

Ծանոթանում ենք ոչ միայն դիրքերի կահավորվածությանը, այլև տղաների կացարանին, խոհանոցին և ընդհանրապես այն ամենին, ինչը շրջապատում է նրանց։ Զորանոց հիշեցնող դիրքային կացարանում տղաներն իրենց համար հարմարավետություն են ստեղծել, բացօդյա սեղանատան չորս բոլորն էլ ծաղիկներ են խնամում, խաղողի վազից էլ բնական տանիք են սարքել ու հոգ են տանում իրենց լավագույն բարեկամ Սևուկ ¬Չալոյի մասին, որն իրենց հետ գիշեր¬ցերեկ դիրքերում է՝ ոչ պակաս  աչալրջությամբ։

Տղաների կացարանում աչքի են զառնվում խաչերն ու սրբապատկերները: Դիրքի ավագը հուշում է. դրանցից շատերն իրենց ձեռքով են պատրաստել: Որոշ  դիրքերին հարակից մատուռներ էլ կան։

Շարքային Գևորգ Խաչատրյանն ընդամենը վեց ամիս է ծառայության մեջ, զորակոչվել է ՙԵս եմ՚ ծրագրի շրջանակներում։ Գևորգը չի ափսոսում իր քայլի համար, ծառայելու է երեք տարի։ Երեք տարի էլ Մոնթե Մելքոնյանի անվան  վարժարանում է սովորել, որտեղ սերտել է  բանակային կյանքի այբուբենը։ Իսկ առաջնագծում նա ոչ  միայն պաշտպանում է իր հայրենիքն, այլև հնարավորություն ստանում իր ապագայի ծրագրերի համար առաջին քայլերն անել։ Ասենք, իրեն հատկացված գումարով տուն ձեռք բերել։

Որոշումը կայացրել են երեք ընկերներով, երեքն էլ Մ.Մելքոնյանի անվան վարժարանի սաներ են։ Մանուկ Գալստյանն ու Հայկ Ասատրյանն էլ ապագայի իրենց տեսլականն ունեն։ Մի խոսքով` երեք ընկերներով պարտադիր զինվորական ծառայությունը զուգակցում են ապագայի հետ, ինչը խոստումնալից է նրանց կյանքի հաջորդ փուլի համար։ Վաղը տուն ու ընտանիք են պահելու, ինչո՞ւ առաջին քայլը չանել հենց ծառայության ընթացքում։ Առաջինը Մանուկը կնքեց պայմանագիրը, և ընկերներն էլ ետ  չմնացին: Չեն փոշմանել, գտնում են,  որ ճիշտ ընտրություն են կատարել։ Կայացման, ինքնահաստատման լավագույն դպրոցն են ընտրել, ինչու՞ փոշմանեն։ Սկզբում ծնողները դեմ էին, հետո համակերպվեցին ու հաշտվեցին՝ զավակները մեծացել են և արդեն կարող են ինքնուրույն որոշումներ կայացնել։ Արդեն հասցրել են հիմնական արձակուրդ էլ գնալ ու վերադառնալ։ Ուսումնական փուլն ավարտել են: Ներկայումս երկու շաբաթ դիրքերում են, մեկ շաբաթ՝ տանը, մեկ շաբաթ էլ՝ զորամասի տեղակայման վայրում։ Նախքան ընտրություն կատարելը տղաները շատ էին լսել  ծառայողական դժվարությունների մասին, դրանք հաղթահարելի են, միայն պատասխանատվությունն է շատ մեծ։ Միայն մեր ընտանիքների համար չեն այստեղ, կա հայրենիք, որը նրանց  կարիքն ունի, կան զինակից ընկերներ։ 

Հարակից դիրքերում էլ մեզ ընդունում են հարյուր տարվա ծանոթի պես։ Մարտական դիրքի ավագ կրտսեր սերժանտ Ռազմիկ Հայրապետյանը հրահանգավորում էր դիրքապահներին։ Իսկ նույն դիրքի արթուն հերթափոխ շարքային Հայրապետյանը դասը լավ սերտած աշակերտի նման ներկայացնում է իր պարտականությունները՝ վերահսկել կապի միջոցները, հսկել զենքը, ապահովել անձնակազմի քունը։ Մարտական դիրքի դիտորդ շարքային Ալբերտ Նիյազյանն իր ու ընկերների  անունից վստահեցնում է, որ անխախտ են պահելու իրենց վստահված սահմանը։ 

113 դիրքում մեզ անակնկալ էր սպասվում, շարքային Արթուր Հովհաննիսյանի ծննդյան օրն էր, նա 19 տարեկան դարձավ։ Ընկերները ձեռքի տակ եղած¬չեղածից տորթ էին պատրաստել ու տոնականորեն ձևավորել։ Սովորական  թխվածքաբլիթի վրա խտացրած կաթ են քսել, հաջորդ շերտերին  ջեմ ավելացրել, ու ստացվել է տոնական տորթ։ 

Անպակաս չէին նաև բարեմաղթանքները, զինակից ընկերների ու հյուրերի երգն ու պարը։ Տորթի ՙհեղինակ՚ Կարեն Ռոստոմյանն ու Արթուրի զինակից ընկերներն անփորձանք ծառայություն ցանկացան իրենց ընկերոջն ու խոստացան, որ օրվա մեջ էլի անակնկալներ կմատուցեն։

2¬րդ գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ Կարեն Սարուխանյանը մեզ հետ զրույցի ժամանակ ասաց, որ առաջնագծում իրավիճակը  կայուն է, զինվորներն իրենց խնդիրը կատարում են պատվով և, գտնվելով մարտական հերթապահությունում, միանշանակ թելադրողի դերում  են հանդես գալիս։  Զորամասի հրամանատար գնդապետ Հրայր Թևոսյանի հետ հանդիպմամբ էլ ավարտվեց լրագրողների այցը Պաշտպանության բանակի Ն զորամաս։ Լրագրողները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը։ Ստացան այն հավաստիացումը, որ  վերջին երկու տարվա ընթացքում դիրքերում շատ բան է փոխվել։ Նոր տեղադրված գերարդիական սարքավորումներն ու դիտարկման սարքերը հնարավորություն են տալիս մշտադիտարկման տակ պահել ողջ սահմանագիծը։ Ըստ հրամանատարի` օպերատիվ իրավիճակը վերահսկելի է, զորքը պատրաստ է մարտական խնդիրների կատարմանը։ 

 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ