GG-Ն ԱՐԴԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ Է
GG տրանսպորտային միջոցների ավտոմատացման համակարգն Արցախում հասանելի դարձավ հուլիսի 11-ից։
Ըստ GG-ի տարածքային համակարգող Արտյոմ Գևորգյանի` թեև կարճ ժամանակ է, ինչ այս ծառայությունը գործում է Ստեփանակերտում, այդուհանդերձ, արդեն կա զգալի առաջընթաց. շատ քաղաքացիներ են օգտվում ծառայությունից։
Պարզվում է, որ նոր ծառայությունից օգտվելու համար բավական է ներբեռնել GG հավելվածը սմարթֆոնի մեջ և երթևեկել նվազագույն 2 կմ-ը 400 դրամով (այնուհետև յուրաքանչյուր 1 կմ-ը` 100 դրամ):
ՙԴեռևս 2016-ին է GG -ն փորձել արցախյան շուկա մտնել, սակայն համացանցի գնի և տեխնիկական մի շարք պատճառներով չի կարողացել աշխատել՚,- նշել է Արտյոմ Գևորգյանը` հավելելով, որ հիմա իրավիճակն արդեն այլ է, քանի որ համարյա ամենուր գործում է անլար համացանց։
Պարզվեց, որ պատվերներ դեռևս միայն Ստեփանակերտից են ընդունվում, երբեմն լինում են նաև դեպի շրջաններ, սակայն դա բոլորովին չի ազդում գնի փոփոխության վրա:
Հաշվի առնելով հաճախորդների դրական արձագանքը և օրեցօր մեծացող պահանջարկը` Արցախում GG-ի ներկայացուցիչը չի բացառում, որ հնարավոր է իրենց ծառայությունը հասանելի լինի նաև շրջաններին:
Թամար ՂԱՐԱԽԱՆՅԱՆ