[ARM]     [RUS]     [ENG]

ԱՌԱՆՁԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿՈՒՄ

Օրերս ՙՍատարում հարազատ բանակին՚ կոչի Նախաձեռնող խումբն այցելեց ՊԲ առանձին հետախուզական գումարտակ` իր կազմում ունենալով ԱԿԱՀՄ մի խումբ անդամների`  ԱՀ զոհված ազատամարտիկների հարազատների միության նախագահ Արթուր Առստամյանին, նույն կազմակերպության ներկայացուցիչների,  ՙՄիացյալ Հայաստան՚ հայրենասիրական կազմակերպության նախագահ Արթուր Գրիգորյանին, ԱՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետներ Մարգարիտա Շահնազարյանին ու Մարինե Մովսիսյանին, ՊԲ ռազմահայրենասիրական դաստիարակության բաժնի սպա կապիտան Նունե Աբաղյանին, Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի 4-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Մարտիրոսյանին:

 Մեզ դիմավորեցին հրամանատարի պաշտոնակատար մայոր Միշա Բալայանը եւ ԱՀՏԱ գծով տեղակալ կապիտան Սարգիս Աղջոյանը: Երբ այցելում ես զինվորին, հարցնելու այնքա՛ն շատ բան ես ունենում: Օրինակ, այն, թե նա ինչպես է իրեն զգում նոր միջավայրում, բնականաբար էլ՝  նոր պայմաններում, տնից ու հարազատներից հեռու: Որքանո՞վ է դյուրին հարմարվել զինվորական կարգապահությանն ու ռեժիմին: Դիրքերում, գուցե եւ անդին (հետախույզ է, չէ՞)  լինելուց կարողանու՞մ է աչալուրջ գործել, չէ՞ որ ամեն քայլափոխի չեն բացառվում ամենատարբեր վտանգներն ու անակնկալները: 

Հենց նման անկեղծ ու անմիջական զրույցներն են, որ բացում են զինվորի հոգին: Ու երբ նման խոսակցության ժամանակ  նա ուղիղ նայում է աչքերիդ ու ներքին համոզմունքով  հավատացնում, որ իր մոտ ամեն ինչ կարգին է,  այսինքն՝ այնպես է,  ինչպես որ պահանջվում է լինել,  հոգով թեթեւանում ես ու մտածում. ինչո՞վ երախտագետ լինես այս 18-20 տարեկան տղաներին, ովքեր մեծ բեռ վերցրած իրենց ուսերին,   քեզ համար  շարունակաբար խաղաղ ու հանգիստ  օր են ապահովում: Մեր պարզագույն հարցին՝ ինչպե՞ս են գործերը գումարտակում, հրամանատարի պաշտոնակատարն ասաց` այնպես, ինչպես որ պե՜տք է լինեն…

Ինչ վերաբերում է  Առողջապահության նախարարության մեզ հետ զորամաս եկած ներկայացուցիչներին, ապա  հայրենասիրության ու մարտական բարձր պատրաստության պատգամ-խոսքից բացի նրանք հանդես եկան նաեւ առողջապահական թեմայով զրույցով, որի հիմնական առանցքը կազմում էին  առողջ ապրելակերպի խնդիրներն ու պահանջները: Վերջում նրանք  իրենց հետ բերած բուժական պարագաներով լիքը արկղը հանձնեցին գումարտակի բուժկետին:

Այնուհետեւ սկսվեց մշակութային միջոցառումը: Տրվեց համերգ: Մենահամերգով հանդես եկավ երգչուհի Լուսինե Մարտիրոսյանը, ում յուրաքանչյուր կատարում ունկնդիրներն ընդունում էին ծափողջույններով: Բացված լայն պարաշրջանում իրենց շնորհքն էին ցույց տալիս ե՜ւ հյուրերը, ե՜ւ զինվորականները: Իր գեղեցիկ պարով բոլորիս հմայեց  կապիտան Սերգեյ Ավանեսովը, ում էլ  բաժին ընկավ պատվոգրերից առաջինը: Զինվորներին հանձնեցինք նաեւ շնորհակալագրեր, գրքեր ԱԿԱՀՄ-ի և ԶԱՀՄ-ի կողմից: Շնորհակալություն Ստեփանակերտի մշակույթի քաղաքային տան տնօրեն Ռաֆիկ Ավանեսյանին եւ ձայնային օպերատոր Ալբերտ  Նասիբյանին (վերջինս ապահովում էր համերգի երաժշտական մասը): 

Վերա ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱՀ ԱԿԱՀՄ նախագահ