[ARM]     [RUS]     [ENG]

ՑԱՎԻՑ ՈՒ ՍՊԱՍՈՒՄՆԵՐԻՑ ԾՆՎԱԾ ԿԱՌՈՒՅՑ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք երեկ երեկոյան Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում տեղի ունեցավ հոբելյանական երեկո։ Մասնակցում էին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, զինվորականներ, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ, հասարակայնության ներկայացուցիչներ։ 

 

Բացման խոսքում ԱԿԱՀՄ նախագահ Վերա Գրիգորյանն ասաց, որ Արցախյան  պատերազմը մեծ ու դառը փորձություն էր բոլորի  համար, իսկ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների համար` կրկնակի փորձություն... Անցնում են տարիները, իսկ անհայտ կորած նրանց զավակներից ու հարազատներից հատուկենտ ու կցկտուր տեղեկություններ են միայն։ Նրանցից շատերի ծնողները, աչքը որդիների ճանապարհին, հեռացել են կյանքից։ Առանց ծնողների են մեծացել շատերի  զավակները, իսկ թոռնիկներն իրենց պապիկներին ճանաչում են միայն նկարով։ Սակայն, ինչպես տիկին Գրիգորյանն է հավաստում, իրենք չեն հանձնվում կորստին ու վշտին։ Դեռ ավելին, շարունակում են արժանապատվորեն կատարել երկրի քաղաքացու իրենց պարտականությունները, սատարում ու հուսադրում են մեկը մյուսին ու  սպասում այն մեծագույն հրաշքին, որ մի օր կդիմավորեն իրենց  որդիներին ու հարազատներին։ Նրանք  ապրում են հավատով, ու այդ հավատը փոխանցում իրենց շառավիղներին։  Ըստ Վ. Գրիգորյանի, 20  տարի շարունակ ԱԿԱՀՄ անդամները մի  ընտանիքի պես են, և նրանք ունեն մի գերագույն նպատակ` խաղաղությունը։  Վ. Գրիգորյանը կոչ արեց Ադրբեջանին խոսել խաղաղության անունից, ոչ թե նոր պատերպազմի։ Նա  միաժամանակ հավաստիացրեց, որ մշտապես  ջանալու են նպաստել հայրենիքի  շենացմանը։ Իսկ վերջում շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր հնարավորության սահմաններում օգնության ձեռք են մեկնել  կազմակերպությանը։ 

Միջոցառման մասնակիցները հետաքրքրությամբ դիտեցին ՙ1998-2018թթ. սատարման 20  տարիներ՚  տեսաֆիլմն ու  ՙՀույս, հավատ, կարոտ՚ լուսանկարային տեսագրությունը։ 

Հրապարակվեց ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի  ուղերձը:

ԱՀ պաշտպանության նախարար ՊԲ  հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ողջույնի խոսքում մասնավորապես ասվում է. ՙԱզգային-ազատագրական պայքարի և անկախության ճանապարհը ստիպված էինք հաղթահարել զոհողությունների գնով։  Շատ հայորդիներ նահատակվեցին համազգային իղձը իրականություն դարձնելու  ճանապարհին, այդ ուղին բռնածներից շատերն էլ դարձան ՙանհայտություն՚ կոչված հավերժի ճամփորդներ։  Մեր անհայտ կորած տղաների հիշատակը հավերժացնող ԱԿԱՀՄ կազմակերպությունն այսօր իր 20-ամյա բարձրությունից  անցյալը կապում է ներկայի հետ և նոր ուղիներ հարթում ապագայի համար՚։

Զոհված ազատամարտիկների հարազատների միության նախագահ Արթուր Առուստամյանը, Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Լաուրա  Մարտիրոսյանը, ՙԿաճառ՚ գիտական կենտրոն ՀԿ-ի նախագահ Մհեր  Հարությունյանը, անհայտ կորած ազատամարտիկի դուստր Նազիկ Նալբանդյանն իրենց ելույթներում բարձր գնահատեցին կազմակերպության 20-ամյա գործունեությունը` իրենց  զորակցությունը հայտնելով անհայտ կորած  ազատամարտիկների հարազատներին ու մերձավորներին։ 

Արցախի թեմի առաջնորդ Պարգև  արքեպիսկոպոս Մարտիրոսյանը բարձր  գնահատեց  երկու տասնամյակի ընթացքում միության կատարած  լայնածավալ աշխատանքը։ Թեմակալ առաջնորդի  բնութագրմամբ` անհայտ կորածների հարազատները տակավին վշտի մեջ միավորվեցին, բռունցքվեցին, իրենք իսկ սկսեցին գոտեպնդել ու մխիթարել ուրիշներին։ Նրանք այցելում են զորամասեր, օգնում  կարիքավոր ընտանիքներին։  Այս օրինակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այսպիսին է հայ կնոջ կերպարը, որի համար մեր մայրերին երախտապարտ ենք և  շնորհակալ... Ահա այդպիսի մայրերից են հայոց  աշխարհում հերոսներ ծնվում, և քանի նրանք կան, մենք հանգիստ պիտի լինենք մեր ապագայի համար։ Արիական այդ ոգու  օրինակը  պիտի բարձր պահենք, ինչպես բարձր պահեցին մեր հայրենյաց պաշտպանները։  

ԱԿԱՀՄ կազմավորման 20-ամյակի կապակցությամբ Միության նախագահ  Վ. Գրիգորյանը կազմակերպության սերտ  համագործակցող մի խումբ նվիրյալների  պարգևատրեց ՙՀայրենիք և  հավատ՚ մեդալով։ 

ՀՀ ՙԶինվոր՚ ՀԿ-ները համակարգող  խորհրդի ՙԶինվոր Հայրենյաց՚ մեդալով պարգևատրվեց ԱՀ նախագահի խորհրդական, ԱԿԱՀՄ պատվավոր անդամ, Միության կողմից իրականացվող ծրագրերի աջակից Գրիգորի Գաբրիելյանցը։ 

Միության հետ երկարամյա ակտիվ  համագործակցության համար Սիսիանի  պատմաերկրագիտական թանգարանի  տնօրեն Ծովինար Պետրոսյանին  շնորհվեց ԱՀ անհայտ կորած ազահտամարտիկների հարազատների միության պատվավոր անդամի վկայական։

ԱԿԱՀՄ նվերներով պարգևատրվեցին կենտրոնական ենթակայության զորամասի մի խումբ շարքային զինծառայողներ։ Շնորհակալության ու նվերների  արժանացան Ստեփանակերտի Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսման մեջ աչքի ընկած մի խումբ կուրսանտներ։ 

Միջոցառման մասնակիցներին երաժշտական կատարումներով ողջունեցին երգչուհի Լուսինե Մարտիրոսյանն ու ԱՀ պաշտպանության բանակի ՙԱսպետ՚ համույթի մենակատարները։ 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ