[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ

Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (ՀԾՏՄԿՊՀ) հերթական նիստը, որը վարում էր Հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը։ 

 Նիստի մասնակիցները նախ լսեցին ՙԷներգո Գրուպ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ՙԿայծաղբյուր՚ փոքր հիդրոէլեկտրակայան-1-ում  էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրելու մասին հարցը։ Զեկուցող Մերի Սահակյանը նշեց, որ այդ կապակցությամբ 2018թ. հոկտեմբերի 3-ին ընկերությունը հայտ է ներկայացրել Հանձանժողովին՝ խնդրելով լիցենզիան տրամադրել15 տարի ժամկետով, կառուցման համար էլ ժամկետը սահմանել 2 տարի։ ՙԿայծաղբյուր՚ փոքր հէկ-ը կկառուցվի Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտ համայնքի հարակից տարածքում՝ Հոչանց գետի 1777 մետր գետահատվածքում։  

Հանձնաժողովը բավարարեց ընկերության հայտը՝ լիցենզիա տրամադրելով մինչև 2035 թ.հոկտեմբերի 26-ը գործողության ժամկետով, որից կառուցման ժամանակահատվածը՝ մինչև 2020թ. հոկտեմբերի 26-ը։ 

Նիստի մասնակիցները լսեցին նաև ՙՌիվեր Էներջի՚ ՍՊԸ-ին նույնանուն փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին։ 2018թ. հոկտեմբերի 10-ին ընկերությունն այդ կապակցությամբ հայտ էր ներկայացրել՝ կառուցման համար 2 և գործունեության համար 15 տարի ժամկետներով։ ՙՌիվեր Էներջի՚ փոքր հէկ-ը կկառուցվի Շահումյանի շրջանի Ծար համայնքի տարածքում՝ Թարթառ գետի վտակ Կարախան գետի 1760 մետր գետահատվածքում։ Զեկուցողը հանգամանալից պարզաբանումներ տվեց վերոնշյալ երկու ընկերությունների կողմից ներկայացված՝ տարեկան միջին արտադրանքի հետ կապված նախատեսվող ցուցանիշները։ 

Հանձնաժողովը բավարարեց ՙՌիվեր Էներջի՚ ՍՊԸ-ի հայտը՝ հաշվի առնելով կատարված ուսումնասիրություններն ու համապատասխանությունը՝ հաստատված կարգին։

Նիստը նաև քննարկեց  ս.թ. հոկտեմբերի 21-24-ը Երևանում կայացած՝ ՙԵվրասիական շաբաթ՚ միջազգային գործարար ֆորումի և դրա շրջանակներում անցկացված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային քաղաքականության հարցերով բլոկի հանրային ընդունարանի արտագնա նիստի արդյունքները։ Միջազգային գործարար ֆորումին Արցախից մասնակցել են ՙՌեյփսիդ՚, ՙԱնուշ-1՚  և ՙՄելսոն գրուպ՚ ընկերությունները, ընդ որում՝ ՙՄելսոն գրուպ՚ ընկերության արտադրանքը ներկայացված էր իրեն հատկացված տաղավարում։ Ֆորումին ներկա են եղել ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանը և նույն բաժնի առաջատար մասնագետ Արեգ Ծատուրյանը։ Սերգեյ Գրիգորյանի խոսքով՝ Համաժողովը մի հարթակում միավորել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ-պետությունների և Միության գործընկեր-երկրների կառավարությունների ոլորտային ղեկավարներին, պետական կորպորացիաների և առաջատար բիզնեսի ղեկավարներին: ՙԵվրասիական շաբաթ՚ համաժողովի ընթացքում տեղի են ունեցել ինտերակտիվ հարցումներ, շնորհանդեսներ, գործնական բանակցություններ, կրթական նստաշրջաններ և գործարարների համար բիզնես-դասընթացներ: Նա գոհունակությամբ փաստեց, որ Հայաստանից դեպի Ռուսաստան ապրանքների արտահանման հարցում խոշոր առևտրային ցանցերի հետ գործարար կապերի հաստատման և խորացման համար Հանձնաժողովի պատվիրակությունն աջակցել է Արցախի ընկերություններին, ինչի արդյունքում նախնական համաձայնություններ են ձեռք բերվել ԱՀ-ում արտադրվող ապրանքատեսակները դեպի Ռուսաստանի Դաշնության առևտրային ցանցեր արտահանելու համար:

Օրակարգի վերջին հարցը Հանձնաժողովի 2019 թ. տարեկան գործունեության ծրագրին էր վերաբերում։ Աշխատակազմի ղեկավար Հայկ Թորոսյանը գալիք տարվա անելիքները ներկայացրեց ըստ ստորաբաժանումների և ոլորտների՝ առանձին-առանձին։

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ