[ARM]     [RUS]     [ENG]

Լուրեր Մարտակերտի շրջանից

ՍԵՄԻՆԱՐ- ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

 Հոկտեմբերի 15-ից 19-ը Մարտակերտի հրշեջ փրկարարմասի պետ Դավիթ Ջավադյանի մասնակցությամբ քաղաքում անց է կացվել սեմինար-պարապմունք ՙԱռաջին բուժօգնություն՚ թեմայով։ Նպատակը քաղաքացիական պաշտպանության կազմավորումների մասնակիցներին արտակարգ իրավիճակների ժամանակ ցուցաբերվող առաջին բուժօգնության կանոններին ծանոթացնելն էր։ Այն անց էր կացվում արտակարգ իրավիճակների եւ ՙԿարմիր խաչի՚ միջազգային կազմակերպության աջակցությամբ։ Պարապմունքը վարում էր արտակարգ իրավիճակների պետական ծառայության ավագ սպա Գագիկ Աղաջանյանը։ 

Սեմինարի ընթացքում տրվեցին տեսական գիտելիքներ՝ առաջին օգնության ընդհանուր քայլերի և արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու ժամանակ մարդկային գործոնի կարեւորության մասին։ 

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ 

ԵՎՍ ՄԵԿ 

ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Լոռու մարզպետարանը Վանաձորի ՙՀայք՚ հրապարակում կազմակերպել է ՙԲերքի տոն-2018՚ տոնահանդեսը։

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հրավերով միջոցառմանը, սեփական տաղավարով, մասնակցել է նաև Մարտակերտի շրջանի պատվիրակությունը։

Բերքի տոնին ողջույնի խոսքով հանդես է եկել Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի ԳՀՀ բաժնի վարիչ Կարեն Հովհաննիսյանը։                                                                                                                                                                                                       

ՙԼավագույն տաղավար՚ անվանակարգում հաղթող է ճանաչվել Մարտակերտի շրջանը եւ մարզպետի կողմից պարգեւատրվել պատվոգրով։

 

ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ՄԱՐՏԱԿԵՐՏԻ 

ՎԻԳԵՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱԴԱՇՏԸ

Շինաշխատանքները կատարվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան։ Մարզադաշտում կկառուցվի նաև պահանջվող պայմաններով հանդերձարան, կտեղադրվեն նոր նստարաններ։ Շինարարները ներդնում են բոլոր ջանքերը` մարզադաշտը ժամանակին ու որակով վերանորոգելու համար։

Աշխատանքներին աջակցում է ռուսաստանաբնակ մարտակերտցի Վահրամ Հակոբյանը։ 

Ամեն ինչ արվում է, որպեսզի չճանաչված երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների համադաշնության /ConiFA/ Արցախում անցկացվելիք եվրոպայի ֆուտբոլի առաջնության Մարտակերտում կայանալիք խաղերը վերածվեն ֆուտբոլային  տոնի։

 

 

Հենրիխ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ք. Մարտակերտ