ԾՆՆԴՈՎ ՇՈՒՇԵՑԻ ԺԱՄՀԱՐՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Հռիփսիմե ԳԱԼՍՏՅԱՆ
Ժամհարյան հինգ եղբայրները Ղարաբաղից էին` Շուշի քաղաքից: Նրանք ֆինասական ոլորտում ազդեցիկ անհատներ էին, ովքեր կառավարում էին ռուսական արժեթղթերի զգալի մասը: Իսահակ Ժամհարովը Մոսկվայի պատվավոր քաղաքացի էր` Ռուսական կայսրության խոշորագույն բանկային տներից մեկի հիմնադիրը: Նրա ընկերությունն զբաղվում էր նաև ոսկու արդյունահանմամբ, արժեթղթերի առուվաճառքով, վարկերի տրամադրմամբ: Ավելի ուշ Ժամհարյաննների բանկային տան ծառայություններից սկսեցին օգտվել արտերկրի ընկերությունները: Բանկը մասնաճյուղեր ուներ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում` Նևսկու պողոտայի վրա:
Բանկի գլխամասային գրասենյակը գտնվում էր Մոսկվայում` ՙշքեղության ու նորաձևության սրբարան՚ հանդիսացող Կուզնեցկի կամուրջի վրա: Իլինկա փողոցում Մոսկովյան բորսայի մոտ ևս գործում էր բանկի բաժանմունք:
1899թ. Ժամհարյան եղբայրների բանկը գնում է Կուզնեցկի կամուրջի վրա գտնվող առևտրի տունը, որը պատկանում էր թեյավաճառ Կ.Ս. Պոպովին և այն դարձնում բանկի կենտրոնական գրասենյակը: Այս նպատակով Պոպովի առևտրասրահը ենթարկվում է ձևափոխությունների, ճակատային մասը հարմարեցվում է դրամարկղային սպասարկման համար և այլն: Բանկից բացի պասաժում` արդեն Ժամհարյանների, գործում էր հրուշակեղենի արտադրամաս ու ՙՍիու և Կո՚ ընկերակցությանը պատկանող սրճարան, որը Ռուսաստանում առաջինը յուրացրեց շոկոլադի արտադրությունը:
Ժամհարյանները սեփականություն ունեին նաև Ռոժդեստվենսկի ծառուղում: Նրանց քաղաքային առանձնատանն անց էին կացվում բարեգործական ճաշկերույթներ, որոնց ժամանակ կազմակերպվում էին դրամահավաքներ կարիքավորների համար: Եղբայրները հայտնի էին իրենց բարեգործական գործունեությամբ: Նրանք հովանավորչություն էին անում աղքատ ընտանիքների, մանկատների երեխաներին: Ժամհարյանների ընտանիքը կազմակերպում էր որբանոցների սաների ամառային հանգիստը: Հատկապես ուշադրության կենտրոնում էին թոքախտով հիվանդ երեխաները: Ամեն ամառ նրանց տեղափոխում էին Լոսինոօստրովսկոյում գտնվող Ժամհարյանների ամառանոցները:
Այդ տարածքում` Իչկա գետի ափին, երկաթուղուց ոչ հեռու XIX դարի վերջին մեծ թափով շինարարական աշխատանքներ են սկսում` հատկացվում են ամառանոցային հողամասեր, ձևավորվում է նոր բնակավայր: Ժամհարյան եղբայները հողամաս են գնում և դառնում առաջին բնակիչները: Հենց նրանց անունով էլ այդ վարը կոչվեց Ջամգարովկա: Այդ անվանումը պահպանվել է և այսօր` Ջամգարովսկի զբոսայգի, Ջամգարովսկի լճակ:
Ժամհարյանները զգալի միջոցներ են ներդրել տեղանքը բարեկարգելու համար` այստեղ ի հայտ է գալիս հեռախոսագիծ, բացվում են դպրոցներ, հիվանդանոցներ և այլն:
1917թ. հոկտեմբերի 1-ին` Հոկտեմբերյան հեղափոխությունից 25 օր առաջ, զգալով մոտալուտ փոփոխությունների վտանգը, Ժամհարյաններն իրենց բանկը, Կուզնեցկի կամուրջի վրա և Ռոժդեստվենսկի ծառուղում գտնվող ողջ սեփականությունը շտապ վաճառեցին Պետրոգրադի հաշվառիչ և վարկային բանկին և ողջ գումարը տեղափոխեցին Եվրոպա: Այդպիսով Ժամհարյանների հետքը կորչում է բոլշևիկյան Ռուսաստանում: Թե ինչպես դասավորվեց նրանց կյանքը Եվրոպա ներգաղթելուց հետո, այլ պատմություն է:
armmuseum.ru