ԱԶԳԱՅԻՆ-ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԱԿԱՆ ՀՍՏԱԿ ԾՐԱԳՐԵՐ ԵՆ ՊԵՏՔ
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Արմինե Անտոնյանը հանգամանքների բերումով երեք տարի առաջ է հաստատվել Մոսկվայում: Դասախոսում է Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանում, փորձում օգտակար լինել իր երկրին ու ժողովրդին, իսկ թե ինչպես է դա նրան հաջողվում, պարզենք միասին...Նախ որոշեց տեղի արխիվներում ուսումնասիրություններ կատարել։ Դիմեց արտգործնախարարություն, խնդրանքը դարձավ խնդրահարույց: Որպես թեմա էր ընտրել ՙԱդրբեջանական վտարանդիությունը 1920-ական թվականներից մինչև 1970-ականները՚, որի վերաբերյալ գրականություն գրեթե չկար։ Ուսումնասիրություն պիտի կատարեր բացառապես արխիվային փաստաթղթերի հիման վրա։
Ընդհանրապես, գերատեսչական արխիվներ ընկնելը դժվարությունների հետ է կապված։ Արմինեն գտավ ելքը և դիմեց Ռուսաստանի պետական հումանիտար համալսարան, որտեղ կա ցեղասպանագիտական կենտրոն (ի դեպ, այն հրեական է) և որը կազմակերպում էր վերապատրաստման կուրս՝ ՙՑեղասպանագիտություն և արխիվագիտություն՚ թեմայով։ Այն բաղկացած է երկու մասից. մի շրջան՝ դասախոսություններ և մի շրջան էլ` աշխատանք արխիվներում, իսկ Արմինեին անհրաժեշտ էր երաշխավորագիր ստանալ՝ հետագա նպատակների իրագործման համար։ Եվ արդեն երկու տարի է` Արմինե Անտոնյանը Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանում մագիստրոս-միջազգայնագետներին դասախոսում է հայոց ցեղասպանության պատմություն։ Նա առաջարկ ստացավ մնալ և աշխատել համալսարանում, պարզվեց` նրանք Հայոց ցեղասպանության մասնագետ էին փնտրում։
Ա. Անտոնյանը կարճ ժամանակամիջոցում ուսումնասիրեց հայտնի ՙՓերինչենքն ընդդեմ Շվեյցարիայի՚ գործը: Վերջինիս որդին, Մոսկվայի պետհամալսարանի ասպիրանտ լինելով, երկար տարիներ արխիվներում աշխատել և ուսումնասիրությունների հիման վրա հրատարակել է ՙՀայկական հարցը ռուսական արխիվների 120 փաստաթղթերում՚ գիրքը։ Զրուցակիցս ընթերցելով պարզեց, որ ողջ գիրքը կեղծարարություն է, որոշեց ուսումնասիրել, պատվիրեց նույն փաստաթղթերը և համեմատելով` ականատես եղավ, մեղմ ասած, խայտառակության։ Հեղինակ կոչվածը նույնիսկ կեղծել էր ամսաթվեր, բովանդակային շատ կարևոր մասեր ուղղակի ջնջել: Արմինեն համալսարանում թեմայի պաշտպանության ժամանակ ներկայացրեց փաստաթղթերի օրիգինալները և թուրք պատմաբանի ՙուսումնասիրությունը՚: Իմ հարցին` թե հնարավոր չէ՞ հայկական աղբյուրների համադրմամբ ցույց տալ կեղծիքը, Արմինեն ասաց հետևյալը. ՙՆա ներկայացրել էր փաստաթղթերը և վերծանված տեքստը, հենց նրա համեմատության մեջ էլ երևում էր կեղծարարությունը։ Մի փաստաթուղթ կար 1920թ. հայ-թուրքական պատերազմի վերաբերյալ, որ մինչև հիմա խնդրահարույց է. հայե՞րն են նախահարձակ եղել, թե՞ թուրքերը։ Նա տեղադրել էր մի փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ թուրքերը դիմել են խորհրդային կողմին` խնդրելով օգնություն տրամադրել։ Այդ փաստաթղթում ինքը կեղծել էր ամսաթիվը, որովհետև նախկին թիվը ցույց էր տալիս, որ իրենք վաղուց են պատրաստվել այդ պատերազմին։ Իսկ ռուս-թուրքական հակամարտությունն այդ ֆոնին տեսանելի չէր, տեսանելի չէ, թե իրականում ինչ է տեղի ունեցել՚։
Ա. Անտոնյանը գնաց նույն արխիվը և աշխատողներից մեկի հետ էր զրուցում, վերջինս ասաց. ՙՈմն Փերինչեքի դուք ճանաչո՞ւմ եք՚, և տեղեկանալով, որ Արմինեն նրա գործն է ուսումնասիրում, արխիվի աշխատողը ասաց, մենք այդպես էլ նրան աշխատաոճ չկարողացանք սովորեցնել։ Արխիվի աշխատողներն էլ էին նկատել, որ նա ինքնանպատակ կեղծարարություն պիտի ներկայացներ, դա էր նրա նպատակը։ Հասկանալի է, որ նա պետական հանձնարարություն է կատարել։ Դեռ ավելին` Արմինեի պնդմամբ նրանց նմանները արխիվներից վերցնում ու ոչնչացնում են Ղարաբաղին վերաբերող փաստաթղթերը։ Եվ Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանությունները շատ ակտիվ աշխատանք են տանում արխիվներում։
Զրուցակցիս հավաստմամբ` ռուսական արխիվներն այնքան չուսումնասիրված են, ու նա ամեն օր զարմանում է այդ վերաբերմունքի վրա, չուսումնասիրված ահռելի փաստաթղթեր կան։ Նա նաև նկատել է, որ ադրբեջանցիներն ու թուրքերը ոչ միայն հետաքրքրված են, այլև աշխատում են կոնկրետ նպատակադրվածությամբ։ Նաև արխիվի աշխատողներից մեկը խոստովանեց (խնդրելով իր անունը չտալ), որ կան գործեր, որոնք հայերին ընդհանրապես չեն տրամադրում։
Իմ այն հարցին, թե կա՞ն ցեղասպանությունը որակող չափորոշիչներ, Արմինե Անտոնյանն ասաց հետևյալը. ՙՀամենայն դեպս, մեր Ցեղասպանագիտության կենտրոնում հրեաներն ընդունում են այն և ձգտում ինչքան հնարավոր է ակադեմիական հարթակներում բարձրացնել հարցը և այնքան ասել, որ կոնպեսացվի քաղաքական չճանաչումը, որպեսզի չկասկածենք, որ որևէ մեկը դա հերքում է։ Իրենք են նույնիսկ մերոնց առաջարկում և փորձում ասել` ուղղակի հասկացեք, որ քաղաքական խնդիր է, դրա համար էլ չենք ճանաչում։ Խոջալուի հետ կապված էլ ազերիներն են փորձեր անում մտնել մեր Կենտրոն։
Շատ քաղաքական խնդիրներ կան` բացի հստակ գիտական չափորոշիչներից, Ռուսաստանն էլ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Դուման ընդունել է այդ օրենքը: Շատ երկրների նախագահներ առայսօր օգտագործում են ՙկոտորածներ՚ եզրույթը, իսկ մենք չենք կարողանում նրանց հակադրել, որ կոտորածի և ցեղասպանության բնույթները տարբեր են։ Մեր դեպքում խնդրահարույցն այդ փաստաթղթերի ոչ բավարար լինելն է. օսմանյան արխիվները վաղուց ոչնչացված են։ Հրեաները Նյուրնբերգի պրոցեսով կարողացան փաստաթղթավորել այդ ամբողջ հանցագործությունը։ Մեր դեպքում իթթիհատականների արխիվը շտապ ոչնչացվեց, ու մենք գոնե այդ հրամանները, որոնք եղել են և ոչնչացվել, փաստացի ձեռքի տակ չունենք։ Դրանով բոլորովին չեմ նսեմացնում եղած փաստաթղթաբանությունը, բայց ուղղակի փոքր-ինչ դժվար է գործն առաջ գնում։ Շատ պետություններ ճանաչել են ցեղասպանությունը, բայց, քաղաքական մի շարք գործոններով պայմանավորված` վերջնական ճանաչումն ու Թուրքիայի առերեսումը սեփական պատմության մութ էջերին ուշանում է։ Իսկ խորհրդարանների ընդունումը դեռևս բավարար չէ ճանաչման համար։ Նույն ինքը Ռուսաստանը ճանաչել է, բայց Ռուսաստանում էլ տաբու կա։
Արմինեն ու իր ընկերները շատ են հետաքրքրված Ղարաբաղյան հիմնախնդրով։ Նա մտադիր է սեմինարներ նախաձեռնել արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ, որ իրավասու մարդիկ գան, նստեն, խոսեն և, ի վերջո, հասկանան, թե ինչ առաջնահերթ խնդիրներ ունեն։ Նա ցավում է, որ շատերը զբաղված են կենցաղային մանր¬մունր խնդիրներով, իսկ հայագիտությանը սպառնում է հայատգիտությունը, ինչն անթույլատրելի է, եթե չասենք` վտանգավոր։ Ազգային¬գաղափարախոսական հստակ ծրագրեր են անհրաժեշտ։ Մոսկվայում նրանք կարիք ունեն լսելու Հայաստանից ու Արցախից եկած մասնագետների ու փորձագետների եզրահանգումները, տեղյակ լինելու նրանց դիրքորոշումներին, որոնցից էլ պիտի ածանցվի տեղի հայ մասնագետների գործելակերպը՝ ի շահ Հայաստանի ու Արցախի։ Ադրբեջանը միլիոններ է ծախսում իր սուտը աշխարհին հասցնելու, իսկ մենք լռում ենք ու զլանում աղաղակող ճշմարտության մասին բարձրաձայնել, մեր փոխարեն ուրիշ ոչ մեկը դռներ չի ծեծելու, մեր հարցը մեր ձեռքով պիտի լուծվի։ Ա. Անտոնյանը պլանավորում է Արցախ այցելել հունիս ամսին, եթե հաջողվի, նաև դասախոսություններով հանդես գալ ուսանողության առջև։ Զրուցակցիս կարծիքով` անհրաժեշտ է անընդհատ քարոզել և հակառակորդի մեծ գումարներով քարոզչությանը հակադարձել ՙուղեղով՚ ու հակաքարոզչությամբ։ Նրանք նաև պետական ինստիտուտներով են քարոզչություն իրականացնում, իսկ մենք՝ հայերս, դա անում ենք անհատներով և խիստ տեղային։ Նա արդեն երկար ժամանակ է փորձում է գիտական ընկերություն հիմնադրել, որը պիտի զբաղվի հայագիտության քարոզով: Նա վերջերս տեղեկացավ, որ Մոսկվայի պետական համալսարանում Իսրայելի դեսպանությունը զբաղվում է Իսրայելի արտաքին քաղաքական գերակայություններով և Իսրայելից հրավիրված մասնագետները մարդկանց գլուխը լցնում են իրենց տեսակետներով։
Արցախյան պատվիրակության հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց հնչած մտահոգությունների վերաբերյալ կազմակերպել սեմինարներ, ՙԿլոր սեղաններ՚ տարբեր մակարդակով հանդիպումներ, համախմբվել հայությանը հուզող բոլոր փոքրումեծ խնդիրների շուրջ։ Իսկ թե որքանով է Ռուսաստանը շահագրգիռ Արցախի հարցում, Արմինեն ցավով մատնանշեց վերջերս տեղի ունեցած մի դեպք… Ծննդով գյումրեցի ուսանող ընկերներից մեկը դիմում գրեց` խնդրելով իրեն հեռացնել համալսարանից և հարգել իր ցանկությունը ծառայել Արցախի Հանրապետության բանակում...Մի քանի օրից ստացվեց բուհի պատասխանը` չենք ընդունում ձեր դիմումը կասկածելի ձևակերպման պատճառով։ Իսկ կասկածելի ձևակերպումը, պարզ է, Արցախի Հանրապետությունն է։ Ուսանողն իր ցանկությունն է ձևակերպել և ստացել է քաղաքական գնահատական։
Ա. Անտոնյանը համոզված է, որ ինստիտուցիոնալ գործոնը` պետական ինստիտուտը պիտի աշխատի։ Հրեական համայնքը բոլորովին չէր կայանա առանց Իսրայելից եկող ազդակների։ Նրա համար միանշանակ է, որ մինչև Հայաստանից ու Արցախից չգան ազդակները, գործընթացը ցանկալի արդյունք չի տալու:
Ստեփանակերտ-Մոսկվա-Ստեփանակերտ