ԱՇԽԱՐՀԻ ԿԱՆԱՅՔ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԿԵՆԴԱՆԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ
Պատրաստեց`
Լուսինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Հոկտեմբերի 18-20-ը Չոլպոն-Աթա քաղաքում ՙՀոգևոր կենտրոն Առուուզատ՚ հասարակական հիմնադրամի նախագահ Ալմական Բեկովայի նախաձեռնությամբ համառուսաստանյան ՙԿանանց երկխոսություն՚ քաղաքական կուսակցության հետ համատեղ տեղի կունենա միջազգային համաժողով՝ ՙԱշխարհի կանայք հանուն մարդկային կյանքի, մշակույթի, կենդանի բնության պահպանման՚ խորագրով։ Համաժողովի շրջանակներում կկազմակերպվի կլոր սեղան՝ ՙՄայրական սրտի ջերմությունը ժողովուրդներին կփրկի գալիք մեծ վտանգից՚ թեմայի շուրջ։
Ղրղըզստանի ՙԱռուուզատ Այալ՚ կանանց կազմակերպության ղեկավար Ալմական Բեկովայի խոսքով `ՙՄայրը միշտ սիրով, ջերմությամբ է վերաբերվում իր երեխայի հետ ցանկացած տարիքում: Կինն իր սրտի միջով է անցկացնում ցավն ու տագնապը և տղամարդուն մղում փրկության ուղիներ որոնելու: Մայրական սրտի ջերմությունը բազմիցս փրկել է ժողովուրդներին, հիմա էլ փրկում ու կփրկի աշխարհը՚: Եվրագնդի խաղաղության, անվտանգության համար պայքարին միանալու կոչով ողջ աշխարհի կանանց ու մայրերին դիմել են համաժողովի կազմակերպիչները` բոլոր ցանկացողներին հրավիրելով մասնակցել համաժողովի աշխատանքներին: Համաժողովը հանդես կգա պատերազմները դադարեցնելու՝ բոլորին ուղղված կոչով։ Նմանատիպ միջոցառումները կլինեն շարունակական ու կանցկացվեն տարբեր երկրներում։
Արցախի ՙՄայրություն՚ հասարակական կազմակերպությունը նույնպես ստացել է համաժողովին մասնակցելու հրավեր։ Այդ կարևոր հանգամանքը գնահատելով որպես մեր չճանաչված հանրապետությունը ճանաչելու քայլ, կազմակերպության նախագահությունն իր դրական վերաբերմունքն է հայտնել կայանալիք միջոցառման առնչությամբ, ինչպես նաև իր հոժարակամությունը՝ շարունակելու պայքարը հանուն Արցախի, տարածաշրջանի և, իհարկե, ողջ աշխարհի խաղաղության, քանի որ պատերազմը, լինի դա տնտեսական, տեղեկատվական, թե ցանկացած այլ տիպի, անդառնալի ողբերգություններ կծնի։
Ստոև ներկայացնում ենք Արցախի ՙՄայրություն՚ հասարակական կազմակերպության պատասխանը միջոցառմանը մասնակցելու հրավերին:
ՙԿանանց երկխոսություն՚ համառուսաստանյան քաղաքական կուսակցության նախագահ տիկին Ե.Գ. Սեմերիկովային
Հարգարժա՜ն Ելենա Գենադևնա,
Ռուսաստանի ՙԿանանց երկխոսություն՚ կուսակցության առաջնորդներ ու անդամներ.
Արցախի (ԼՂՀ) ՙՄայրություն՚ ոչ կառավարական հասարակական կազմակերպության նախագահությունն իր երախտագիտությունն է հայտնում կանանց համընդհանուր շարժմանը միանալու հրավերի համար, շարժում՝ հանուն խաղաղության, Երկիր մոլորակի վրա կյանքի պահպանման, մեր ընդհանուր տան, որտեղ ապրում ու պետք է ապրեն երջանիկ մարդիկ` անկախ ռասայական ու դավանական պատկանելությունից։ Բարի կամքի ձեր այդ դրսևորումն ու միավորվելու, բարության ու խաղաղասիրության միասնական ուժ դառնալու կոչը մենք գնահատում ենք որպես չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու քայլ, երկիր, որն արդեն 30 տարի է՝ ապրում ու զարգանում է ՙոչ պատերազմ, ոչ խաղաղություն՚ պայմաններում։ Մեր ժողովուրդը, և հատկապես մեր մայրերն ու երեխաները, ովքեր իրենց մաշկի վրա զգացել են ՙԿոլցո՚ ռազմագործողության արդյունքները, Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Շահումյանի, Մարտակերտի ջարդերը, 1991-1994թթ. պատերազմը, ապա և 2016թ. ապրիլյան պատերազմը, ինչպես նաև Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցող մշտական սադրանքները, չեն կարող անտարբեր մնալ հայկական հինավուրց ժողովրդի ճակատագրի հանդեպ։
Այսօր Արցախը՝ որպես հին հայկական երկրամաս, պատրաստ է ցանկացած գնով պաշտպանել իր հողը, իր արժանապատվությունը։ Նոր պատերազմի վտանգը, Ադրբեջանի ագրեսիան սպառնում են ոչ միայն Հայաստանի ու Արցախի ժողովրդին. դրանք կարող են 3-րդ համաշխարհային պատերազմի պատճառ դառնալ, որի դեմ պայքարելու համար պետք է ոտքի ելնենք բոլորս՝ երկրագնդի կանայք, մայրերը, երեխաները։ Արցախի կանայք, մայրերն իրենց պատրաստակամությունն են հայտնում` բոլորի հետ միասին պայքարելու հանուն խաղաղության։ Մենք պարտավոր ենք համախմբվել և թույլ չտալ, որ աշխարհի որևէ տարածաշրջանում պատերազմ լինի: Մեծ Հայրենականի դասերը, ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակը, որի 75-րդ տարեդարձը ողջ առաջատար մարդկության հետ միասին պատրաստվում է նշել մեր երիտասարդ հանրապետությունը, ցույց տվեցին, որ մենք ուժեղ ենք միասին։ 1941-1945թթ. Լեռնային Ղարաբաղի 100 հազարանոց բնակչությունից ճակատ մեկնեց գրեթե ողջ արական սեռի հայազգի բնակչությունը՝ 45.000 մարտիկներ, որոնցից 22.000-ը չվերադարձան, տասնյակ հազարավորներ վիրավորվեցին։ Ղարաբաղը տվել է 22 Խորհրդային Միության հերոս, այդ թվում՝ երկու կրկնակի հերոս, մարշալներ ու ադմիրալներ, որոնց անունները ոսկե տառերով են արձանագրված մեր Հայրենիքի՝ Ռուսաստանի ու Հայաստանի պատմության էջերում։ Մայիսի 9-ը մե՜ր հաղթանակի տոնն է, այն նաև Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական բանակի ստեղծման, Ադրբեջանի իշխանությունների բռնատիրությունից Շուշիի ազատագրման օրն է։ Դա Անկախ Արցախի հաղթանակի ու ազատության օրն է։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում՝ միավորվելու հանուն խաղաղության պայքարում, երկխոսության, Մոլորակի կանանց հետ համագործակցությունն ամրապնդող ջանքերում։