ՀԱՅԵՑԻ Է ՇՆՉՈՒՄ ԵՐԿՐԻՍ ՄԻ ՊԱՏԱՌԸ ԵՎՍ...
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Ոսկենազ աշնան հրայրքով բացվեց մեր օրը Բերձորում… Փա՛ռք քեզ, Տեր, այլևս հայեցի է շնչում Երկրիս ևս մի պատառը` ապավինած քար ու քարափին, շունչ ու ոգի ներարկող, պատվախնդիր զավակներին։
…Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ֆինանսական բաժնի ղեկավար Հարություն Բերբերյանը Բերձորում ապրում է 1997 թվականից, նույնիսկ ամիսն է հիշում՝ հոկտեմբերին էր, 22 տարին արդեն լրացել է։ Երևանում բարձրագույն կրթություն ստացած Հարությունը մի օր որոշեց վերաբնակվել Բերձորում, իր փորձն ու գիտելիքները ծառայեցնել նորաստեղծ, օգնության ու ջերմության կարիք ունեցող շրջկենտրոնին, ինչու չէ, նաև շրջանին։ Ով, եթե ոչ ինքն էր իր ներկայությամբ նոր շունչ ու իմաստ տալու ազատագրված հայրենիքի մի պատառին։ Սա էր գլխավոր պատճառը, սակայն Հարությունը չի թաքցնում. եղել են նաև այլ հանգամանքներ։ Նա փորձեց անձնական ներդրումն ունենալ ազատագրված տարածքների վերաբնակեցման գործին, և ուրախ է, որ գոնե փոքր-ինչ հաջողել է։ Իսկ ինտեգրվելու համար զրուցակիցս կարծում է, որ 22 տարին բավարար չէ, և հարյուր տոկոսով ինտեգրվելու համար, նրա կարծիքով, գոնե մի սերունդ պիտի փոխվի։ Նա Բերձորում է ամուսնացել, ընտանիք կազմել, նրա զավակները ծնվել են այստեղ, բայց, ի վերջո, ունեն տատ ու պապ, հարազատներ, որոնց ներկայության մեջ ապրելն էլ քիչ կարևոր չէ։ Ժամանակ առ ժամանակ արձակուրդներն անցկացնում են հարազատների հետ… Շարունակել ապրել Բերձորո՞ւմ, թե՞, այնուամենայնիվ, վերադառնալ` հարցն առկախ է ամեն օր, որոշում կայացնելը դժվար է, կապվել են այս հող ու ջրին, միաժամանակ ծնողներն իրենց խնամքի կարիքն ունեն, Հարությունն էլ պարտքի իր բաժինն ունի, մի խոսքով` գնալ-մնալու հարցը դեռևս ուղեկցում է նրանց ընտանիքին։ Այնուամենայնիվ, պահի դրությամբ նրանք դեռևս մտադրություն չունեն վերադառնալու… Հարությունը խոստացավ հաջորդ մեր հանդիպմանն ավելի կոնկրետ պատասխան ունենալ։ Անդրադառնալով մարդկանց սոցիալական կենսամակարդակին, նա այն գնահատեց միջին` դեռևս մի փոքր դժվար կենցաղավարությամբ։
…Շրջվարչակազմի շենքի դիմաց մի կին կուչ էր եկել ու շրջապատին անհաղորդ ու անտարբեր մտքերի հետ կռիվս էր տալիս: Մոտեցա, հարցրի որպիսությունը, չուզելով, մի փոքր չկամությամբ, այնուամենայնիվ, խոստովանեց. սոցբաժնից կանչել են, եկել է Ղոչանց գյուղից, տունը վառվել, մոխիր է դառել, ասում են` հոսանքի տատանումներից է հրդեհվել, չգիտի` ոնց պիտի անի… Ցավակցելով անծանոթուհուն, չգիտես ինչու, վստահ էի, որ Ադունց Անահիտին իր կորստի, վշտի հետ մենակ չեն թողնի։ Շրջվարչակազմը տարիներ ի վեր այնքա~ն նման խնդիրներ է լուծել, այս մեկն էլ կլուծի։
Գոհար Օհանջանյանի հետ ծանոթացանք, երբ դուրս էինք գալիս գիշերօթիկ հաստատությունից։ Շատ անմիջական էր, իսկույն սիրտը բացեց` չսպասելով մեր հարցերին։ Բերձորում բնակվում է 2000 թվականից, այստեղ տեղափոխվել են ընտանիքով։ Խոստովանում է. ՙՄի քանի օրով որ Երևան ենք գնում, չեմ դիմանում, ուշքս-միտքս Բերձորում է, իմ կյանքն այլևս չեմ պատկերացնում առանց այս հող ու ջրի։ Հինգ երեխաներս այստեղ են ծնվել, ու նրանց համար Բերձորը միայն ծննդավայր չէ, հայրենիք է, տարիներ հետո հպարտությամբ կհիշեն, որ առաջին բնակիչներից են եղել՚։ Հինգ երեխաների մայրն իր ընտանեկան ուրախությունը կիսեց մեզ հետ. շուտով նրանց ամուսնության 15-ամյակն է լրանալու, ասում է, որ 6 տարեկանից ապրում է Բերձորում, նրա ընտանիքում 3 զինվոր ու ավանդական օջախի 2 հարսիկ է մեծանում, իրենք երջանիկ են ու նույնը ցանկանում են բոլոր հին ու նոր քաշաթաղցիներին։
Երեք փոքրիկներ` Գոռը, Գրիգորն ու Գագիկը, որոնց հետ փորձեցինք ՙլեզու՚ գտնել, բնակվում են գիշերօթիկ հաստատությունում, երեք ապագա զինվորներն այստեղ լիարժեք կրթություն ու դաստիարակություն են ստանում։ Երբ փոքրիկներին խնդրեցինք պատմել իրենց առօրյայից, առաջին դասարանցի Գոռը սկսեց արտասանել. ՙԻմ ձեռքերն են աջ և ձախ, ոչ մի բանից չունեմ վախ, չէ որ ամեն մարդ գիտի՝ ով աշխատի, նա կուտի…՚։ Հետո Գոռն իր ՙբախտակից՚ Վարդուհու հետ երգեց մեզ համար։ Մանկատան երեխաները մեզ հետ կիսվեցին իրենց երազանքներով… Անդրանիկը երազում է օդաչու դառնալ, Գագիկը՝ բժիշկ, Պարգևը՝ ավտովարորդ կամ խոհարար, Մարիաննան՝ դիզայներ, Կարինեն՝ վարսահարդար, Դիանան՝ բժշկուհի։ Մենք հրաժեշտ տվեցինք գիշերօթիկի սաներին` մեզ հետ տանելով նրանց երազանքներն ու վախվորուկ հայացքները, որ ծնողների ու ընտանիքի կարոտն ունեն իրենց մեջ ամբարած` բառերով չթարգմանվող… Ակամայից մեր շուրթերն աղոթք էին մրմնջում. թող Աստված պահի, պահպանի այս անմեղ հրեշտակներին, ովքեր բազում երազանքներ ունեն, սակայն զուրկ են մայրական սիրուց, գուրգուրանքից, հոգատարությունից։ Սայամյան Գայանեին հանդիպեցինք ճանապարհին, մեզ հետ զրույցի նստեց հոժարությամբ: Ամուսնացել ու ապրում է Քաշաթաղի շրջանում, ամուսինը զինկոմիսարիատում է աշխատում։ Գայանեն գիշերօթիկի պահեստապետն է, մեկ երեխա ունի՝ Մարիան։ Նա ապրուստից, սոցիալական պայմաններից չի դժգոհում, սիրելով ամուսնացել է, ու որտեղ ամուսինը, այնտեղ էլ ինքը։ Արդեն ընկերուհիներ էլ ունի, ճիշտ է, Ստեփանակերտին կարոտում է, սակայն վստահ է` տարիներն ավելի կմտերմացնեն նոր շրջապատին։
Լենա Իսախանյանը Բերձոր եկել է ծնողների հետ, հետո ինքն ամուսնացել, ընտանիք է կազմել, արդեն երկու դուստր ունի՝ Անին ու Անահիտը։ Նրանք Բերձորում են տատիկ-պապիկով, ու ինչ եկել են, բնավորվել-տնավորվել, ոչ մի տեղ չեն գնացել ու միտք էլ չունեն։ Հայրը՝ Արարատ Իսախանյանը, մասնակցել է Բերձորի ազատագրմանը, ու նրա որոշումն էր. պիտի գան ու վերաբնակվեն հենց այստեղ։ Ընտանիքի անդամները սիրահոժար ենթարկվել են նրա որոշմանը։ Մենք միջնաբերդում ենք, ասում է Լենան, և՜ Ստեփանակերտից ենք մոտիկ, և՜ Երևանից, մերվել ենք շրջապատին ու գիտենք` ժամանակի ընթացքում բոլոր ջրերն էլ մի առվով են հոսելու, այնպես որ, մեր` վերաբնակներիս ջուրն արդեն նույն առվով է հոսում, ու հոսելու է, վստահեցնում է զրուցակիցս, իրենք այս սար ու ձորից, տուն-տնամերձից պինդ են կառչած։
Անժելա Դավթյանը 2000 թվականից է բնակվում ազատագրված Բերձորում։ Մենք այլևս բնիկ տեղացիներ ենք, աղջկաս այստեղ եմ ամուսնացրել, տղայիս էլ շուտով կպսակեմ, իմ թոռները պիտի հպարտանան, որ հայրենիքի այս հատվածում են ծնվել, իրենց պապերի ազատագրած հողում, որը Արցախ-Հայաստան երկու հայկական հանրապետություններն իրար կապող ամուր հավատ են ու հավատամք։
Մշակույթի շրջանային բաժնի գործավար Աննա Գևորգյանը ծնվել է Բերձորում 1997 թվականին։ Ծնողները շրջկենտրոն են տեղափոխվել 96-ին։ Մեր զրույցին միանալով, Աննայի մայրը՝ Նելլի Թադևոսյանը, ասում է, որ այստեղ բնակության են եկել Մարտունու շրջանից, հենց այստեղ էլ որդի ու դուստր է ունեցել, որդին` Մոնթեն, ներկայումս ծառայում է հայոց բանակում, ժամկետային զինծառայող է։ Նելլին աշխատում է շրջվարչակազմում։ Սա իմ հայրենիքն է, իմ տունն է, իմ օջախն այլևս այստեղ է, այստեղից հեռանալ մտքովս չի էլ անցնում, 24 տարի արդեն այստեղ եմ, Բերձորն իմ աչքի առաջ է կայացել, նոր տեսք, նոր շունչ ու ոգի առել: Նա չի ժխտում, որ նաև իրենց շնչով է ջերմացել, քաղաքին մի գույն, մի նախշ ու երանգ էլ իրենք են ընտանիքով ավելացրել։ Նելլին զարմանում է սոցիալական սուղ պայմանների մասին հարցիս վրա։ Նա գեղեցիկ հոնքերը կորացնելով վկայում է, որ մարդկանց կենսամակարդակը վաղուց բավարար է, տնտեսություն, կողքից եկամուտ ունեցողները օր օրի առավել բարձր կենսամակարդակ են ապահովում իրենց ու իրենց զավակների համար, ինչպես ասում են, նեղ օրվա համար երկու կոպեկ են ետ գցում, շատերի մեկ ուլն արդեն տասնապատկվել, տասնյակ մաքիները հարյուրապատկվել են, էլ չենք խոսում մնացած եկամտաբեր ճյուղերի մասին։ Իսկ ով սեփականություն, տնամերձ չունի, հիմնականում ապահովված է աշխատանքով։ Նելլին դատապարտում է նրանց, ովքեր սեփական տուն, տնամերձ ունեն, բայց հողամասը չեն մշակում, նա ընդհանրապես չի հասկանում այն մարդկանց, ովքեր իրենց ընտանիքների բարեկեցության համար գիշերը ցերեկ չեն դարձնում։ Եթե յուրաքանչյուրը մի փոքր սրտացավ լինի իր հայրենիքի, պետության, բանակի ու սեփական ընտանիքի հանդեպ, ամեն ինչ հրաշալի կլինի… Երկիրը երկիր է դառնում իր արարող քաղաքացիներով, իսկ Քաշաթաղում, ըստ իմ զրուցակցի, այդպիսիք քիչ չեն։ Անվերջ դժգոհելով ու խավարն անիծելով ոչնչի չես հասնի, ասում է… Այնինչ, խավարն անիծելու փոխարեն յուրաքանչյուրը պետք է մի մոմ վառի: 96-ին, որ եկել են, բազմաթիվ դժվարությունների միջով են անցել, զրոյից տուն-տեղ են դրել ու վայելում են իրենց թափած քրտինքի արդյունքը։ Գուցե դա է պատճառը, որ այստեղ ամեն մի թիզ հողն այլ գին ունի, այլ կշիռ ու իմաստ: