ԴՈՒ ԱՊՐՈՒՄ ԵՍ, ԿԱՍ, ԲԱՅՑ... ԻՆՉՊԻՍԻ՞Ն
Ինես ՄԱՅԻԼՅԱՆ
ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի լրագրության բաժնի ուսանողուհի
Գրեթե բոլորս մեզ կիրթ ու բանիմաց ենք համարում եւ ի զորու՝ գնահատական տալ մարդկային տարբեր արարքների։ Գտնում ենք, որ, ի թիվս այլ արժեքների, բարի ենք։ Բայց որքա՞ն արժե այդ բարությունը, եթե այն ցուցաբերում ենք... միայն մեր մտերիմների հանդեպ։ Երբեւէ այս մասին մտածե՞լ եք։ Բանն այն է, որ համարյա ամեն մարդ էլ կարո՜ղ է բարի լինել հարազատների կամ իր նեղ շրջապատի նկատմամբ, իսկ մյուսների՞։ Նրա՜նց, ովքեր բարություն վայելելու պակասն են զգում՝ ոչ պակաս արժանի լինելով բարության եւ ունենալով դրա կարիքը ...
Մեկ այլ կարգի նկատառում էլ. վատ Է, շա՛տ վատ, երբ գտնվում են մարդիկ, ովքեր քո դրսեւորած շարունակական բարությունն ընկալում են որպես... թուլություն ու, բնազդաբար թե իմացյալ, փորձում օգտվել դրանից. ինչպես իրենք են մտածում՝ քո միամտությունից։ Իսկ եթե ասեմ, որ ամենեւին էլ միամիտ չե՞մ . պարզապես ուզում եմ... հավատալ ու վստահել մարդկանց։ Ինչքան էլ հանդիպելու լինեմ նվաստ մտածողության ու պահվածքի տեր անձանց, այսպես ասած՝ կյանքի բեմում հանդես եկող ՙկատարելագործված արտիստների՚, միևնույն է, նրանց ներում եմ՝ մտածելով, թե հոգու խորքում գուցե իրենք էլ են երազում լավ մարդ լինել, բայց ինչ-ինչ պատճառներով դա չի հաջողվում նրանց…
Վստահել դիմացինին՝ մի՞թե մեր օրերում երազանք է։ Ինչու՞ եմ այս հարցը տալիս. հաստատ ոչ հիմար մեկը 21-րդ դար մտնելը համեմատել է անվճար տոմսով (ընդ որում՝ ՙpremium-class՚-ի) գեհեն ընկնելու հետ, եւ մասամբ ճիշտ է. հենց այդ ՙկլասի՚ համար են շատերը թունավորում և՜ իրենց, և՜ շրջակա աշխարհը։ Դու ունես լեփ-լեցուն դրամապանակ, քեզ համարում ես հարուստ, բայց, հավատացնում եմ, չգիտես` որն է իսկական հարստությունը...
Ըստ իս՝ իսկական հարուստն այն 28 տարեկան երիտասարդն է, ում երեկ տեսա հիվանդանոցում՝ լարված, բայց միաժամանակ ուրախ. սպասում էր կնոջ երեւալուն, որը մանկակորույս լինելուց հետո նորից հղիացել ու ծննդաբերել էր..
Հարուստ է այն տատիկը, որ ամառվա տապին ու ձմեռվա սառնամանիքին նույն տեղում նստած վաճառում է իր ձեռքով պատրաստած համեմունքներն ու մուրաբաները։ Երկու օր առաջ ես ականատեսն էի, թե նա ինչքա՛ն... հարստացավ ուրախությամբ, երբ մի տիկին որոշեց գնել մուրաբայի բոլոր տուփերը։ Ստացած գումարը չէր խնդիրն այդ պահին, այլ երջանկության զգացումն առ այն, որ կարող է... տուն գնալ, այլևս չմրսել։ Բայց դրանից էլ առավել, որ... կարող է գոնե փոքրիկ նվերներով ներկայանալ թոռներին։
Հիշեմ նաև այն ծերերին, որոնց շաբաթներ առաջ այցելեցինք։ Ծերանոցո՛ւմ։ Նրանց շնորհակալ լինելը հիշեմ...այն բանի համար, որ դեռ հետաքրքրվողներ կան իրենց գոյությամբ ու կեցությամբ։ Մինչ այդ ինձ անծանոթ պապիկին հիշեմ, որ մեզ հավաքեց իր շուրջը՝ պատմելու...երջանկահիշատակ հերոս որդու մասին։ Այդ պահին նա որքա՛ն էր հպարտ, որքա՛ն էր երջանիկ եւ... հարուստ զգում իրեն։
Եվ ապա այն երեխաների մասին պատմեմ Կ. Քոքսի անվան վերականգնողական կենտրոնից... Այնտեղ գնացինք ընկերուհուս՝ մեկեն մտահղացած նախաձեռնությամբ, որն արդեն իսկ հոգեկան բարության ցուցիչ է։ Ինչպիսի՛ սիրով ու ոգեւորությամբ էինք փաթեթավորում նրանց համար վերցրած նվերները։
Կենտրոն մտնելուց առաջ ընկերուհիս, լավ ճանաչելով ինձ, ուղիղ նայեց աչքերիս ու թե` .ՙՏե՛ս, չլացես...՚։ Խոստովանեմ. արդեն իսկ պատրաստ էի լացելու։ Բայց երբ մտանք ներս ու հասկացա, որ այդ երեխաները նույնպես դիմացինի մեջ զգում եւ հասկանում են ամեն ինչ, հոգեկան անսպասելի արիություն զգացի իմ ներսում։ Պետք է ոչ թե լացել, այլ... Կարճ ասած, նման պահերին ես սկսում իրապես գնահատել կյանքը։ Նայում ես սայլակով տեղաշարժվող աղջնակին, հետո՝ սեփական ոտքերիդ, ու մտածում՝ չէ՜, էլ չե՜մ ուզում այն նորաձև կոշիկները, որ այսօր տեսա խանութում՝ եւ մայրս խոստացավ գնել ինձ համար։
Ու դա մոտ է այն հոգեվիճակին, երբ բարի ֆիլմ ես դիտում եւ ապրում այն զգացումը, թե մարդկային սիրո այնպիսի պաշար կա սրտումդ, որ պատրաստ ես նրանից մաս հանել ամենքին։ Սեր, որը, սակայն, ամեն դեպքում չէ, որ ցույց ես տալիս աշխարհին, որովհետև վախենում ես ՙհափշտակումից՚, որովհետեւ միակ բանը, որ հաստատ միայն քոնն է այս աշխարհում՝ դա... քո ներաշխարհն է։
Ուզում եմ, այո, հավատալ, որ բոլորդ եք ցանկանում լինել պարզ ու բարի։ Ուրեմն՝ եկեք ոչ միայն ՑԱՆԿԱՆԱՆՔ, այլեւ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ լինել այդպիսին՝ մերժելով դարում առկա չարն ու խոտելին։ Մա՜րդ զգանք մեզ՝ գոյի ընտրյալ տեսակ, որին մնացյալ ամենից տարբերել է Տերը՝ պարգևելով ինտելեկտ, լեզու եւ հոգի...